ՀՀ ԱԳՆ ղեկավարը նոր հանդիպում չազդարարեց ադրբեջանցի գործընկերոջ հետ

ՀՀ ԱԳՆ ղեկավար Զոհրաբ Մնացականյանը համաձայն չէ այն կարծիքին, թե քանի որ բանակցությունների սեղանին փաստաթուղթ չկա, ուրեմն բանակցություններն ընթանում են զրոյից։

«Բանակցային գործընթացը տեղի է ունենում 25 տարի։ Այդ ընթացքում ԵԱՀԿ ՄԽ շրջանակում ձեւավորվել են բազմաթիվ մոտեցումներ եւ գաղափարներ։ Կարեւոր է համադրել տարբեր բնութագրիչներ»,- նշել է ԱԳ նախարարը լրագրողների հետ զրույցում՝ ընդգծելով, որ հայկական կողմը ԵԱՀԿ ՄԽ ձեւաչափը համարում է  Ղարաբաղի վերաբերյալ բանակցությունների առավել արդյունավետ ու միջազգային հանրության կողմից ընդունված միակ ձեւաչափը։

ԱԳ ղեկավարն ընդգծեց, որ հայկական կողմը երբեք չի խուսափել հանդիպումներից, ընդհակառակը, ակտիվորեն մասնակցել է։ Անցած տարվա ընթացքում եղել են ինչպես պաշտոնական, այնպես էլ ոչ պաշտոնական հանդիպումներ, ավելացրեց նախարարը։ Բայց Մնացականյանը նոր հանդիպում չազդարարեց ադրբեջանցի գործընկերոջ հետ՝ հիշեցնելով, որ Երեւանը հանդիպման մասին տեղեկացնում է միայն կողմերի համաձայնեցումից հետո։

Նիկոլ Փաշինյանի եւ Իլհամ Ալիեւի հանդիպման հնարավորության վերաբերյալ նախարարը նշեց, որ «առայժմ վաղ է խոսել, աշխատանքն ընթանում է ԱԳՆ մակարդակով»։ 

Նյութի աղբյուր` NEWS.am