Արցախում կորոնավիրուսի դեպք գրանցված չէ, բայց պարտադրված ենք դիմակայել այդ սպառնալիքին․ Արցախի պետնախարար

Այսօրվա դրությամբ Արցախում նոր կորոնավիրուսով վարակման դեպք գրանցված չէ, սակայն պարտադրված ենք մեր ունեցած հնարավորություններն առավելագույնս արդյունավետ օգտագործելով` դիմակայել համաշխարհային այդ սպառնալիքին։ Այս մասին այսօր՝ մարտի 20–ին, հայտարարել է ԱՀ պետական նախարար, նոր կորոնավիրուսի տարածման կանխարգելման աշխատանքները համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի նախագահ Գրիգորի Մարտիրոսյանը ԱՀ կառավարության նիստին՝ անդրադառնալով Արցախում կորոնավիրուսի կանխարգելման միջոցառումներին։

 

«Նախորդ տարվա դեկտեմբերից COVID-19 պաշտոնական անվամբ նոր տեսակի կորոնավիրուսը, սկիզբ առնելով Չինաստանից, բավականին կարճ ժամկետում տարածվեց աշխարհի մեծ թվով երկրներում և վերածվեց համաշխարհային աղետի: Մարտի 11-ին, երբ Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը հայտարարեց COVID-19 կորոնավիրուսի պանդեմիայի մասին, աշխարհի 114 երկրում նոր կորոնավիրուսով վարակվածների ընդհանուր թիվը կազմում էր 118 հազար մարդ: Այսօրվա դրությամբ վարակման դեպքերի ընդհանուր թիվը մոտենում է 220 000-ի: Ցավոք սրտի, պանդեմիան չշրջանցեց նաև Հայաստանի Հանրապետությունը: Ներկայումս Հայաստանում իրականացվում են անհրաժեշտ միջոցառումներ վարակի տարածման դեմ:

 

Բարեբախտաբար այսօրվա դրությամբ Արցախում նոր կորոնավիրուսով վարակման դեպք գրանցված չէ, սակայն պարտադրված ենք մեր ունեցած հնարավորություններն առավելագույնս արդյունավետ օգտագործելով` դիմակայել համաշխարհային այդ սպառնալիքին և դրա բացասական ազդեցությունները մեղմելու ուղղությամբ ջանքեր գործադրել:

 

Արցախի Հանրապետության կառավարությունը, հաշվի առնելով տարածաշրջանում նոր կորոնավիրուսի տարածման վիճակագրությունը և նպատակ ունենալով կանխել նոր կորոնավիրուսի տարածումն ու կայուն պահպանել հանրապետությունում համաճարակային վիճակը` 2020 թվականի փետրվարի 18-ին ձևավորեց Արցախի Հանրապետությունում կորոնավիրուսի տարածման կանխարգելման աշխատանքները համակարգող միջգերատեսչական հանձնաժողով` շահագրգիռ գերատեսչությունների պատասխանատուների ներգրավմամբ:

 

Հարգելի գործընկերներ,

 

Հանձնաժողովի ձևավորման առաջին իսկ պահից նախանշվել են հիմնական միջոցառումներն ու գործողությունները` ըստ հետևյալ նպատակային ուղղությունների:

 

Առաջնահերթ դիտարկվել են առողջապահական համակարգի հնարավորությունների ընդլայնման, պատրաստվածության աստիճանի բարձրացման խնդիրները և նախանշվել դրանց լուծմանն ուղղված գործողությունների ու միջոցառումների համալիրը, որի շրջանակում`

 

Արցախի և Հայաստանի Հանրապետությունների առողջապահության նախարարությունների միջև ստեղծվել է օպերատիվ հաղորդակցություն: Ձեռք է բերվել պայմանավորվածություն, որի համաձայն Արցախից ուղարկված փորձանմուշների պատասխանները ստացվում են օպերատիվ: Արցախի առողջապահության նախարարությունից բուժաշխատողների խումբ է գործուղվել Հայաստանի գործընկեր կառույց՝ ախտորոշման և համապատասխան միջոցառումների կազմակերպման վերջին նորություններին ծանոթանալու, կանխարգելիչ նոր միջոցառումների մասին տեղեկություններ և անհրաժեշտ նյութեր ստանալու նպատակով: Արցախի Հանրապետության առողջապահության նախարարության կողմից ձեռք են բերվել անհրաժեշտ դեղամիջոցներ և բժշկական պարագաներ, ինչը շարունակական է։ Գործողությունների հաջորդ համալիրը նպատակ ունի նվազագույնի հասցնել կորոնովիրուսի ներթափանցումը` հնարավորինս սահմանափակելով շփումներն արտաքին աշխարհի հետ: Այդ նպատակով`չեղարկվել են Արցախի Հանրապետության պետական կառավարման, հանրապետական և տարածքային կառավարման մարմինների աշխատակիցների բոլոր արտասահմանյան գործուղումները և հորդորել ենք բնակչությանը հրաժարվել անձնական արտասահմանյան այցելություններից` հնարավորինս ձեռնպահ մնալ այլ երկրներ այցելելուց՝ բացառությամբ անհետաձգելի և բացառիկ դեպքերի. Արցախի Հանրապետության նախագահի մոտ մարտի 13-ին հրավիրված՝ հանրապետությունում կորոնավիրուսի տարածման կանխարգելմանն ուղղված աշխատանքների վերաբերյալ խորհրդակցության ժամանակ տրված հանձնարարականների համաձայն` Արցախի Հանրապետության մշտական ներկայացուցիչների միջոցով սահմանափակվել են նստավայր երկրներից պատվիրակությունների, առանձին անձանց Արցախի Հանրապետություն նախատեսված այցերը, ինչպես նաև օտարերկրյա քաղաքացիներին Արցախի Հանրապետություն մուտքի արտոնագրերի տրամադրումը, բացառությամբ Արցախի Հանրապետությունում կայանալիք նախագահական և խորհրդարանական ընտրություններին որպես միջազգային դիտորդներ կամ լրագրողներ գրանցված անձանց. մարտի 14-ից սկսած շուրջօրյա բժշկական հսկողություն է իրականացվում «Աղավնո» ու «Խարխափուտ» սահմանային հսկիչ կետերում, իսկ մարտի 17-ից նման միջոցառումներ իրականացվում նաև են «Խնձորեսկ» և «Կապան-Կովսական» սահմանային հսկիչ կետերում: Բոլոր հսկիչ կետերը ապահովված են հակահամաճարակային միջոցառումներն իրականացնող անձնակազմի կենսագործունեության համար անհրաժեշտ պայմաններով:

 

Սահմանային բժշկասանիտարական հսկիչ կետերում հսկողական աշխատանքներն իրականացվում են Արցախի Հանրապետության առողջապահության նախարաի, ոստիկանության պետի և արտակարգ իրավիճակների պետական ծառայության տնօրենի համատեղ հրամանով սահմանված կարգով, ըստ որի՝ սահմանային բժշկասանիտարական հսկիչ կետերում կազմակերպվում է Արցախ մուտք գործող բոլոր անձանց ջերմաչափումը և դրա արդյունքից ու ռիսկային գոտուց ժամանած լինելու հանգամանքից ելնելով ձեռնարկվում են հրամանով սահմանված համապատասխան միջոցառումները:

 

Հանձնաժողովի կողմից ձեռնարկված միջոցառումների հաջորդ համալիրը ուղղված է մեր հանրապետության տարածքում մարդկային շփումները նվազագույնի հասցնելու միջոցով վարակի տարածման կանխարգելմանը, որի համար` առջանահերթ դադարեցվեց ուսումնական գործընթացը նախադպրոցական, դպրոցական, արտադպրոցական, նախնական (արհեստագործական), միջին մասնագիտական և բարձրագույն ուսումնական հաստատություններում և իրականացվեցին շենքերի ու շինությունների ախտահանման աշխատանքներ. մեկ ամսով՝ սկսած մարտի 16-ից սահմանափակվել են զանգվածային, այդ թվում՝ մշակութային, գիտական, զվարճանքի, մարզական և այլ միջոցառումները, ինչպես նաև կասեցվել են գրադարանների, թանգարանների, թատրոնների, պատկերասրահների և համերգասրահների աշխատանքները: Միաժամանակ հորդորել ենք բնակչությանը, և այս պահին ևս օգտվելով նիստի լուսաբանման առիթից, նորից դիմում եմ մեր քաղաքացիներին խուսափել ավելորդ ռիսկերից, հնարավորինս ձեռնպահ մնալ հանրային բնույթի միջոցառումներ կազմակերպելուց և դրանց մասնակցելուց.

 

Միաժամանակ, Արցախի Հանրապետության պետական կառավարման, հանրապետական և տարածքային կառավարման մարմինների ղեկավարներին հանձնարարվել է դիտարկել իրենց ղեկավարած մարմնի և ենթակայությամբ գործող պետական հիմնարկների աշխատողների կողմից աշխատանքի կատարման հեռավար եղանակի հնարավորությունը մեկ ամսով՝ սկսած մարտի 16-ից: Առաջնահերթ դա վերաբերում է նախադպրոցական և դպրոցական տարիքի ու հատուկ խնամք պահանջող երեխա ունեցող, 60 և ավելի տարեկան, առողջական խնդիրներ ունեցող աշխատողներին) պետական հիմնարկներում կազմակերպվել են կանխարգելիչ և հակահամաճարակային միջոցառումներ: Ախտահանման հնարավորություններ են ստեղծված նաև այդ հիմնարկներն այցելողների համար. իրականացվում են նաև քաղաքային և միջշջանային տրանսպորտի ախտահանման միջոցառումներ. Արցախի Հանրապետության գյուղատնտեսության նախարարությունը սպառողների և սննդամթերքի իրացման կետերի աշխատողների իրազեկվածությունը սննդամթերքի անվտանգութան ապահովման բնագավառի հարցերի վերաբերյալ բարձրացնելու նպատակով ձեռնարկել է սննդամթերքի արտադրություններում, իրացման վայրերում և հանրային սննդի օբյեկտներում պարտադիր առաջնորդվելու համար համապատասխան ուղեցույցներ տարածելու նախաձեռնությունը:

 

Հարգելի ներկաներ, հաշվի առնելով, գերազանցապես, բնակչության սոցիալ-տնտեսական վիճակի վրա համաշխարհային այս սպառնալիքի ազդեցության անխուսափելիությունը` որոշակի միջոցառումներ են ձեռնարկել նաև այդ ազդեցության հնարավորինս մեղմացման ուղղությամբ. Հանրային ծառայությունները և տնտեսական մրցակցությունը կարգավորող պետական հանձնաժողովը պարբերաբար իրականացնում է խանութներում վաճառվող առաջին անհրաժեշտության ապրանքների, ինչպես նաև դեղատներում դեղերի և բժշկական պարագաների քանակի ու մանրածախ գների դիտանցումներ` դրանց փոփոխություններին ժամանակին և պատշաճ արձագանքելու համար. Արցախի ներդրումային և ԱՀ գյուղի և գյուղատնտեսության աջակցության հիմնադրամները ընդունել են որոշումներ, համաձայն որոնց, հիմնավոր տնտեսական դժվարություններ ունեցող շահառուների կողմից հիմնադրամների հանդեպ ունեցած պարտավորությունների մարման ժամանակացույցերով նախատեսված 2020 թվականի մարտի 16-ից մինչև մայիսի 15-ը ընկած ժամանակահատվածում հերթական վճարումները չիրականացվելու դեպքում, հիմնադրամների կողմից այդ գումարները չեն համարվի ժամկետանց և չեն հաշվարկվի տուժանքներ: (Նշված ժամկետի ավարտից հետո շահառուներին կտրամադրվեն նոր վճարման ժամանակացույցեր՝ չվճարված գումարները բաշխելով պայմանագրի գործողության հետագա ժամանակահատվածի վրա):

 

Հիմնադրամների գլխավոր տնօրեններին հանձնարարվել է անհրաժեշտության դեպքում համագործակցող ֆինանսավարկային կազմակերպություններին տրամադրել համաձայնություն` հիմնադրամի կողմից սուբսիդավորվող վարկերի վերակառուցման` մարումների հետաձգման համար. Արցախի Հանրապետության մշակույթի, երիտասարդության հարցերի և զբոսաշրջության նախարարությունը աշխատանքներ է իրականացնում կամավորներ հավաքագրելու ուղղությամբ՝ միայնակ, ծեր ու հիվանդ անձանց խնամելու անհրաժեշտություն առաջանալու դեպքում` Արցախի Հանրապետության աշխատանքի, սոցիալական հարցերի և վերաբնակեցման նախարարության կողմից նրանց ներգրավելու համար:

 

Հարգելի գործընկերներ, Հանձնաժողովն ապահովում է աշխատանքի թափանցիկության առավելագույն մակարդակ: Ստեղծվել է միասնական տեղեկատվական հարթակ` օպերատիվ և ճշգրիտ տեղեկատվություն հաղորդելու և հանրությանը ապատեղեկատվությունից զերծ պահելու, անհարկի խուճապի տարածումը կանխելու նպատակով:

 

Օգտվելով առիթից պետք է դիմեմ բոլոր գործընկերներիս՝ կորոնավիրուսի վերաբերյալ ցանկացած տեղեկատվության հրապարակում իրականացնել միասնական տեղեկատվական հարթակի միջոցով, որը համակարգում է Նախագահի խորհրդական պարոն Տիգրան Աբրահամյանը»։

Նյութի աղբյուր` NEWS.am