Սեպտեմբերի 4-ի հայտնի որոշումից հետո օրեր անց հրաժարական տվեց ԱԱԾ տնօրենը. դա ուղիղ կապ ունի հորս գործի հետ. Լ.Քոչարյան

Բանակի օրն այն օրն է, որ բոլորիս է միավորում՝ անկախ քաղաքական հայացնքներից եւ մնացածից. Բանակն այն կառույցն է, որի մեջ ներդրում ունենք բոլորս: Այս մասին, այսօր՝ հունվարի 28-ին, «Եռաբլուր» պանթեոնում լրագրողների հետ զրույցում նշեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի որդին՝ Լեւոն Քոչարյանը:

 

«Ուզում եմ իմ շնորհակալության խոսքն ասել եւ խոնարհվել այն մարդկանց առջեւ, որոնք բանակի կայացման գործում ունեցել են մեծ ներդրում: Ոմանք նաեւ իրենց կյանքն են զոհաբերել այդ գործի համար: Ապրիլյան դեպքերը ցույց տվեցին, որ մենք ունենք կայուն բանակ, որը պատրաստ է դիմակայելու թշնամու ոտնձգություններին: Ամենամեծ ձեռքբերումը հենց կայացած բանակն ունենալն է»,-ասաց նա:

 

Անդրադառնալով ՍԴ-ի շուրջ ստեղծված իրավիճակին, Լեւոն Քոչարյանն ասաց. «Եթե ժամանակագրությանը նայենք, կհասկանանք, թե ինչից սկսվեց այս  ամենը, երբ սկսեցին իշխանությունները հասկանալ, որ ՍԴ-ն պետք է փոխվի: Դա ուղիղ կապ ունի հորս գործի հետ: Նախորդ տարվա մայիսին, երբ առաջին ատյանի դատարանը գործն ուղարկեց ՍԴ, այդ ժամանակից սկսվեց այս ամբողջ գործընթացը՝ թիրախավորելով ՍԴ դատավորներին: Այնուհետեւ սեպտեմբերի 4-ի հայտնի որոշումից հետո օրեր անց հրաժարական տվեց ԱԱԾ տնօրենը: Ինձ թվում է, որ այս ամենը նույն գործողության շարունակական տարրեր են: Չեմ կարող ասել, թե որքանով նրանք տեղի կտան այն հսկա ճնշումներին, որ գործադրվում է ՍԴ դատավորների հանդեպ: Իսկ երկրի ղեկավարը նման պահվածքը, անպատասխանատու հայտարարությունները, կարծում եմ՝ առաջին հերթին վնասում են մեր պետությանը:

 

Առանց չարախնդալու, առանց անձնավորելու իրոք, մեր պետության համար սա լավ չէ: Կարծես, ես էլ ամաչեմ, որ նման բան է տեղի ունենում: Բոլորիս ամոթ է, որ էսքան ցածրացել է դիսկուսիայի մակարդակը»,-ասաց Քոչարյանը:

Նյութի աղբյուր` NEWS.am