Ինքս դեմ եմ քվեարկելու Ստամբուլյան կոնվենցիայի վավերացմանը. Արման Բաբաջանյան

«Ստամբուլյան կոնվենցիայի վավերացման շուրջ բորբոքված կրքերը մեր հասարակությանը բաժանել են երկու՝ կոնվենցիային կողմ եւ դեմ մասերի:Հակասությունն ու հակադրությունն այս հարցում չափազանց սուր է՝ կոնվենցիային կողմ հանդես եկողները իրենց փաստարկներում հասնում են ծայրահեղությունների՝ մի կողմից, դրան ընդդիմացողները նույնքան ծայրահեղ են՝ մյուս կողմից: Իրականությունը, ինչպես սովորաբար լինում է, մեջտեղում է: Այո՛, կոնվենցիայում կան մեր արժեհամակարգին ու մտածողությանը խորթ, անհարիր դրույթներ, որոնք կարող են վտանգել մեր ավանդական արժեքները:

Հենց դրա վրա են հիմնվում իշխանության հակառակորդները՝ ակնհայտորեն քաղաքական նպատակներ հետապնդելով շիկացնելով այս թեման: Արդյունքում կոնվենցիայի վերաբերյալ առողջ բանավեճի փոխարեն մենք ականատեսն ենք լինում գռեհկության աստիճանի իջեցված քննարկումների ու մանիպուլյացիաների, որոնք հաճախ ընդհանրապես կապ չունեն կոնվենցիայի հետ: 

Ինքս դեմ եմ քվեարկելու Ստամբուլյան կոնվենցիայի վավերացմանը՝ առաջնորդվելով ոչ թե սպեկուլյատիվ քննարկումներում հնչող կեղծ թեզերով, այլ կոնվենցիայի վավերացման անթույլատրելիության մասին Հայ Առաքելական եկեղեցու ներկայացրած փաստարկներով, որոնք, ի դեպ, գրեթե չեն էլ քննարկվում կոնվենցիայի շուրջ ծավալվող բանավեճերում: Դեմ լինելով Ստամբուլյան կոնվենցիային՝ որպես ԱԺ պատգամավոր ամեն ինչ անելու եմ ընտանեկան եւ կանանց դեմ բռնության կանխարգելման, կանանց իրավունքների պաշտպանության ազգային օրենսդրությունը կատարելագործելու, այն ժամանակակից պահանջներին համապատասխանեցնելու համար:

Ստամբուլյան կոնվենցիան ստորագրվել է նախորդ իշխանությունների կողմից: Նոր Հայաստանի նոր իշխանությունը կարող է եւ պետք է հրաժարվի դրա վավերացումից՝ հղում կատարելով մի կողմից՝ հասարակության մեջ առկա մտահոգություններին, մյուս կողմից՝ նախկին իշխանության ոչ լեգիտիմությանը: Մենք պարտավոր ենք մեր բոլոր քայլերում առաջնորդվել հասարակական համերաշխության ապահովման հրամայականով: Անթույլատրելի է որեւէ գործողություն, որը նպաստում է առանց այն էլ երկփեղկված մեր հասարակության պառակտմանը:

Որեւէ միջազգային կոնվենցիա չունի եւ չի կարող ունենալ ավելի բարձր արժեք, քան մեր հանրային համերաշխությունն է»: