Կոմանդոսն Անիի եկեղեցիների դիմաց բարձրացրեց եռագույնը

Արցախի հերոս,  Արկադի Տեր Թադևոսյանի` Կոմանդոսի 80 ամյակի միջոցառումները, որ մեկնարկել էին  Երևանում, շարունակվեցին ծննդավայրում՝ Շիրակի մարզի Խարկով կամ նոր անունով Նոր Շեն գյուղում։ Չնայած զորահրամանատարը ծնվել է 1939-ի մայիսի 22-ին, սակայն «Շիրակ հայրենակցական միավորում»-ը որոշել է շարունակել հոբելյանական միջոցառումներն ամբողջ տարին:

Հայաստանի ու Թուրքիայի սահմանին Անիի վանքերի դեմ դիմաց է Շիրակի մարզի Խարկով, կամ նոր անունով Նոր Շեն գյուղը: Այստեղ մուտքի համար անցագիր է պետք, քանի որ գտնվում է ռուսական սահմանապահ ուղեկալի հսկողության տակ: Սահմանային ռեժիմի խստացման հետևանքով բնակավայրը հետզհետե դատարկվել է։ Մնացել են կիսավեր տներ, հիշողություններ ու ավերակների թագուհի՝ գյուղի տեր ու տիրակալ միակ բնակիչը՝ 83 ամյա Վահանդուխտ տատը։ «Էն վախտ մարդ կար, շեն էր գյուղը խո ըսպես չէր»,-ասում է Վահանդուխտ Վարդանյանը:

Նոր Շենում է մանկությունն անցկացրել Լեգենդար զորահրամանատար Արկադի Տեր-Թադևոսյանը։ Չնայած սահմանն անցնելու բարդություններին, «Շիրակ հայրենակցական միավորման» նախաձեռնությամբ նա նորից մանկության օրրանում է։ Քայլերը ստիպում են վայրկյան առաջ տեսնել պապական տունը։ «էստեղ էր մեր տունը», — ցույց է տալիս տան տեղը:

Հիշողություններ, մանկության հոտն ու համը կարծես թե դեռ մնացել են նույնիսկ փլատակների մեջ. «Ճադի էին ասում, կուկուռուզից էին պատրաստում, էդ հացի հոտը, հիշում եմ, թխում էին թոնրի մեջ»:

Նոր Շենի առօրյան այսօր ուրիշ էր, Վահանդուխտ տատի հյուրերն էլ՝ գեներալներ, մտավորականներ,  արվեստագետներ, քաղաքական ու հասարակական գործիչներ։ Հյուրերի համար Վահանդուխտ տատը մոմեր է պահել,  որ վառեն գյուղի կիսավեր եկեղեցում, որտեղ առաջին ու վերջին հովիվը եղել է Կոմանդոսի պապը՝ Տեր Թադևոսը։

Խորանի մոտ աղոթքներ բարձրացան առ աստված, եկեղեցու կողքին էլ՝ հանդիսությամբ բարձրացավ նոր ու ավելի մեծ եռագույնը։

«Նորացրեցինք, որպեսզի մյուս ափից տեսնեն, որ ինչքան էլ մեր շեները թեկուզ և դատարկ, բայց հայի ոգին կա»,-ասում է «Շիրակ հայրենակցական միավորում» ՀԿ-ի նախագահ Վարազդատ Ավոյանը:

Մյուս ափին՝ հայոց պատմական մայրաքաղաքի վանքերն են։ Ախուրյանի այս ափից պարզ տեսանելի են Անիի մայր տաճարի զբոսաշրջիկները։ Մեր պատմության փառահեղ մայրաքաղաքը մեզնից 10 դարով և ընդամենը 1 ձորով է բաժանվում ։

Այստեղ էլ հյուրերը  հայկական եռագույնով ու երգերով ողջունեցին Անին։

Հանրաճանաչ տենոր Վանո Թադեոն Իսպանիայում համերգից անմիջապես հետո շտապել էր Հայաստան, մասնակցելու Արկադի Թադևոսյանի 80 ամյակի միջոցառումներին. «Համերգի էի Բարսելոնում, մասնակցեցի մի մեծ կարևոր համերգի, որը տեղի ունեցավ քառօրյա պատերազմի հերոսների համար բարեգործական հիմունքներով»։

Արկադի Տեր Թադևոսյանը  կարոտով նայում ու հիշում է մանկությունը, որն անցել էր Անիի դիմաց ու Անիից հեռու։ Անին մի օր տուն է վերադառնալու՝ ասում է Կոմանդոսը. «Մենք իրեն սպասում ենք, մենք իրոն շատ ենք սիրում ու Անին էլ զգում է մեր սերը»։

Անիով հիանալու թույլատրելի ժամանակը կարճ էր, հյուրերը շտապեցին Գյումրի, Վանո Թադեոյի և Հասմիկ Պապյանի համերգին՝ նվիրված Արկադի տեր Թադևոսյանի 80 ամյակին, իսկ Վահանդուխտ տատը մնաց սկեսուրի պատգամը կատարելու, օջախը վառ պահելու, որ Ախուրյանի մյուս ափից տեսնեն իր օջախի ծուխն ու իմանան, որ գյուղում հայեր են ապրում։

Նյութը՝ hy.armradio.am-ի