ԵԱՀԿ-ում հայկական առավելությունները թե՛ Անկարայի եւ թե՛ Բաքվի ուղղություններով

ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի համար Արցախյան հակամարտության մասին պատրաստված զեկույցում օգտագործվել էր այնպիսի եզրաբանություն, որը պաշտպանում էր Ադրբեջանի շահերը։  Եզրաբանությունը, բնականաբար, միակողմանի էր եւ համահունչ չէր հավասարակշռություն պահպանող միջնորդական առաքելության օգտագործած բառապաշարին ու ասելաձեւերին։ ԵԱՀԿ ԽՎ զեկուցողը նկատի պետք է ունենար ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների օգտագործած եզրույթները իրավիճակի գնահատականը ձեւակերպելիս եւ որեւէ կերպ հակասություն չպետք է  ստեղծեր միեւնույն կառույցի այն խմբի հետ, որը լիազորվել էր միջնորդական առաքելություն իրականացնել։ Խոսքը  վերաբերում է իռլանդիացի զեկուցողի կողմից օգտագործված «ադրբեջանական 7 տարածքներ» ասույթին։

Միակողմանի մոտեցում ներառած զեկույցը, բնականաբար, չէր կարող բանակցությունների հիմք ծառայել։ Գերակա պիտի նկատվեին համանախագահների մոտեցումները, հայտարարություններն ու կոչերը։ Համանախագահների վերջին` իրարահաջորդ հրապարակումները նման եզրույթներ չէին օգտագործել։

Իհարկե, ադրբեջանական կողմն աշխատել էր իրեն հատուկ միջոցներով. եվրոպական կառույցներն իրազեկ են այն մեթոդաբանությանը, որ Բաքուն կիրառում էր` հերթական անգամ բանաձեւեր որսալու։ Այն փաստը, որ ադրբեջանական պատվիրակության անդամը նման բանաձեւի նախագիծը համարում էր հավասարակշված, խոսում է արդեն ադրբեջանական ծանոթ միջոցների կիրառման մասին։

Բանաձեւի նախագծում փոփոխություն ներառելու թիրախային աշխատանքն արդյունավորվել է։ Հայկական կողմի բազմաուղղությամբ աշխատանքը հանգել է հակահայկական ձեւակերպումների դուրսբերման. հիմնավորումը պարզ է` ԵԱՀԿ-ի առնչված որեւէ բանաձեւ չի  կարող խախտել համանախագահների ստեղծած միջնորդական հաւասարակշռությունը։ Մանավանդ, որ ամբողջ բանակցային գործընթացը շարունակում է ընթանալ Հելսինկյան սկզբունքների հիման վրա, որոնք բացառում են ուժի կիրառումը, հարգում են իրավահավասարությունը, տարածքային ամբողջականությունն ու ազգերի ինքնորոշման իրավունքը։

Չմոռանանք, որ ԵԱՀԿ ԽՎ անդամ է 57 երկիր, որոնք ունեն 350 պատգամավոր. հետեւաբար` բազմաթիվ ուղղություններով աշխատանքը հանգել է արդյունքի, եւ ԵԱՀԿ-ն, փաստորեն, մերժել է ինքնահակասական ընթացքը։

Մի դիտարկում-տեղեկություն այս առիթով կարող է  որոշ լույս սփռել զեկուցաբերի մասին։ 2013-ին Ալան Ֆարելը սոցիալական ցանցերով անհարմար գրառում էր կատարել մի երգչի  մասին եւ ապա իր կայքով ներողություն խնդրել։ 

Մնալով ԵԱՀԿ-ի շրջանակներում, զուգահեռ զեկուցումից հակահայկական ձեւակերպումները դուրս բերելու փաստին, ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի մարդու իրավունքների կոմիտեն ողջունում էր Իտալիայի  խորհրդարանի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումը և Ֆրանսիայի կողմից Ապրիլի 24-ի սահմանումը  որպես Հայոց ցեղասպանության հիշատակի օր: 

Հայկական կողմը առավելություններ է արձանագրում թե՛ Անկարայի եւ թե՛ Բաքվի 

ՇԱՀԱՆ ԳԱՆՏԱՀԱՐՅԱՆ

«Ազդակ» թերթի գլխավոր խմբագիր