Ադրբեջանական քարոզչամեքենան անհանգստացած է և գործի է դրել իր ծանր հրետանին. Վարդան Ոսկանյան

«Իրականում մայիսի 24-25-ին Երևանի պետական համալսարանի իրանագիտության ամբիոնի ջանքերով կազմակերպվել էր Թալիշագիտական միջազգային երրորդ գիտաժողովը։ Սա շարունակությունն էր 2004 և 2011 թվականների՝ 1-ին և 2-րդ գիտաժողովների։ Բնական է, որ ադրբեջանական քարոզչամեքենան խիստ անհանգստացած է նման զուտ գիտական, ակադեմիական միջոցառումների կազմակերպման հանգամանքներով, քանի որ Ադրբեջանի ներսում, նույնիսկ, ամենաերջանիկ իրավիճակում թալիշները չեն կարող պատկերացնել, որ կարելի է նման գիտաժողով կազմակերպել, որովհետև թալիշ ժողովուրդն անկախ իր կամքից Ադրբեջանի կազմում հայտնվելուց հետո մշտապես ենթարկվել է բռնաճնշումների, մշտական ձուլման քաղաքականության, մարդու իրավունքների կոպիտ ոտնահարումների»,- նշեց Ոսկանյանը։
Իրանագետի խոսքով՝ Ադրբեջանի տարածքում ոչ մի տեղ չի դասավանդվում թալիշերեն։
«Նույնիսկ չխոսենք համալսարանական մակարդակի մասին։ Այն շրջանների միջնակարգ դպրոցներում, որտեղ բացառապես թալիշական բնակչություն է, այդ այդ լեզուն, ըստ էության, արգելված է»,- նկատեց նա՝ հավելելով, որ այս պարագայում, բնականաբար, ադրբեջանական քարոզչամեքենան անհանգստացած է այն հանգամանքով, որ Հայաստանում ոչ միայն ակադեմիական ամենաբարձր մակարդակով ուսումնասիրվում են թալիշների լեզուն, մշակույթը, պատմությունը, հայ-թալիշական հարաբերությունների պատմությունը, այլև այդ համատեքստում կարողանում ենք կազմակերպել համաժողովներ։
Ոսկանյանը նաև շեշտեց, որ հոդվածի հեղինակ Ֆաթուլլաևը ոչ մի տեղեկություն չունի գիտաժողովում ընթացած իրական քննարկումների մասին. «Այդ դատարկաբանությամբ լեցուն հոդվածն ակնհայտ պատվեր է Բաքվի բռնապետի կողմից։ Նախ՝ առաջին անգամ գիտաժողովի բացման հանդիսավոր մասում ելույթ են ունեցել հայուհիներ, որոնք մայրենի լեզվի պես տիրապետում են թալիշերենին։ Նրանք հագած են եղել ոչ թե թալիշական տարազներ, այլ՝ հայկական։ Զեկուցումով հանդես չի եկել բրիտանացի որևէ գիտնական, բայց եղել են գիտնականներ Իրանից, ԱՄՆ-ից, Հայաստանից , ՌԴ-ից, Ֆրանսիայից և այլ երկրներից»- ասել է Ա. Վարդանյանը՝  ArmDaily.am-ի հետ զրույցում: