ԱՐՄԱՆ ԱՌԱՔԵԼՅԱՆԻՆ ՏՈՒՆ ԲԵՐԵՔ

Արդեն տեւական ժամանակՙ Ռուսաստանի Դաշնության Սանկ Պետերբուրգ քաղաքի բանտում պատիժը կրող Արման Առաքելյանի հարազատներն ու բարեկամները պահանջում են նրա արտահանձնումըՙ Հայաստանի Արդատադատության նախարարությանը, որը, ցայսօր, ինչ-ինչ պատճառներով դեռեւս տեղի չի ունեցել, որովհետեւ հիշյալ նախարարությունը հայտարարում է, որ «նպատակահարմար չի գտնում»:

Արման Առաքելյանը Էջմիածին քաղաքի բնակիչ է: 2015թ ՌԴ-ում իրեն պատկանող ռեստորանում սպանել է մի ադրբեջանցու, որի համար Պետերբուրգի դատարանը նրան դատապարտել է 18 տարվա ազատազրկման: Իսկ սպանությունը շատ յուրահատուկ հանգամանքներում է տեղի ունեցել:

Սպանությունից օրեր առաջ, սպանվողի եղբորորդին, իր չորս ընկերների հետ, գնացել է Արման Առաքելյանին պատկանող ռեստորան եւ ադրբեջանական մուղամ պատվիրել, ի դեպ, այդ օրը Սուրբ Խաչի օրն է եղել: Երաժիշտները զանգել են Արման Առաքելյանին եւ ներկայացրել իրավիճակը, որից հետո վերջինս արգելել է որեւէ ադրբեջանական երաժշտություն հնչեցնել: Դրանից հետո ադրբեջանցի երիտասարդն իրարանցում է ստեղծել, բացահայտ անհարգալից պահվածք դրսեւորել ներկաների հանդեպ, աշխատակիցները նրան դուրս են հանել ռեստորանից ու ճանապարհել տուն:

Դեպքից մոտ տասն օր ռեստորան է եկել այդ երիտասարդի հորեղբայրը

Արմանն իր ռեստորանը կահավորել էր բուն հայկական ոճով, այնտեղ միշտ հայկական երաժշտություն էր հնչում, պատերից կախված էին հայ ազատագրական պայքարի հերոսների մեծադիր լուսանկարները: Բոլորն ասում են, որ Արմանն այդ ամենը արել է, որ տեղի հայերն այդ ռեստորանում իրենց տանը զգան:

Մտնելով ռեստորանՙ ադրբեջանցին իրեն ավելի անասնակերպ է պահել, քանՙ եղբորորդին: Նա սկսել է ամենավերջին բառերով հայհոյել հայ ազգին, մեր հերոսներին ու թքում նրանցից մեկի լուսանկարի վրա: Հենց այդտեղ էլ, ինչպես ասում են, դանակը ոսկորին է հասել, որից հետո Արմանն սպանել է իր ազգը վիրավորած ադրբեջանցուն:

Այսօր Արմանը փակված է Սանկտ Պետերբուրգի բանտում, հայրենիքից հեռու, թեպետ նա այդ քայլն արել է հանուն հայրենիքի: Ցավոք սրտի, ազգային արժանապատվության մեծ զգացում ունեցող այդ հայորդու հանդեպ հայրենի իշխանություններն այնքան էլ բարյացակամ չեն տրամադրված: Նրանք անվեջ մերժում ենՙ ընթացք տալ Արման Առաքելյանիՙ ՀՀ արատահանձնման գործընթացին, եւ դա այն դեպքում, երբ Արմանի փաստաբանը վեց ամսվա ընթացքում կարողացել է ստանալ ՌԴ Արդարադատության նախարարության համաձայնությունըՙ նրան Հայաստան արտահանձնելու: Հասկանալի է. սա ապազգային դիրքորոշում է:

Մարդը պաշտպանել է իր ազգային արժանապատվությունը, եւ ի վերջո մարդ է սպանել: Ի՞նչ եք կարծում, նման պայմաններում պիտի համբուրե՞ր այն մարդու ճակատը, ով թքել է իր ազգային հերոսի լուսանկարի վրա, ով հայհոյել է մեր ազգը...

Աստված մի արասցե, եթե հանգամանքները տարբեր լինեին, ադրբեջանցիներն արդեն վաղուց իրենց հայրենակցին Բաքու տեղափոխած ու պատվո շքանշաններ հանձնած կլինեին, ինչպես Սաֆարովին: Բայց Արմանին ո՛չ շքանշան է հարկավոր, ո՛չ էլ որեւէ այլ բան, նրա ամենամեծ շքանշանն ինձ պես մարդկանց հարգանքն է եւ ասեմ, որ ինձ պես մտածողները քիչ չեն: Արմանին պարզապես պետք է տեղափոխել Հայաստան, թող նա վերադառնա հայրենիք եւ այստեղ կրի իր պատիժը: Գոնե բանտի ընեկրները նրան կհարգեն...

Գեւորգ ԳՅՈՒԼՈՒՄՅԱՆ