<<Ես ստորագրահավաքի կազմակերպիչներին նկատի չեմ ունեցել>>․ Հակոբ Կարապետյան

Օրերս համացանցում աղմուկ բարձրացրեց Երևանի քաղաքապետի մամլո քարտուղար Հակոբ Կարապետյանի մեկնաբանությունը ֆեյսբուքյան օգտատերերից մեկի գրառման տակ։ Արձագանքելով Սիրանուշ Մանուչարյան անունով օգտատիրոջ գրառմանը, որտեղ նա պնդում էր, թե իրեն Ստամբուլյան կոնվենցիայի դեմ ստորագրահավաք իրականցնող երկու կին <<սորոսական ծախված պոռնիկ>> են անվանել, և, որ ինքը չի կարող այդ մարդկանց հետ նույն քաղաքում ապրել, Հակոբ Կարապետյանը գրել էր, թե <<իրենց հետ չարժե նույնիսկ նույն գալակտիկայում ապրել>>։ Այս մեկնաբանությունը բոլորի մոտ տպավորություն էր ստեղծել, թե քաղաքապետի մամլո քարտուղարը նկատի ունի ստորագրահավաքի կազմակերպիչներին, որոնք, ինչպես գիտեն բոլոը, Հայկական արժեքների պաշտպանության <<ԿԱՄՔ>> հասարակական նախաձեռնության անդամներն են։

Այդ թեմայով Ջավախք ինֆոն զրուցել է Հակոբ Կարապետյանի հետ և փորձել ճշտել, արդյո՞ք նա <<ԿԱՄՔ>>-ի անդամներին նկատի ունի, թե՞ ոչ․

<<Ո՛չ, ես <<ԿԱՄՔ>>-ի ոչ մի անդամի նկատի չեմ ունեցել, և առհասարակ ոչ թե անձանց այլ տեսակի մասին է եղել խոսքը։ Կարծում եմ՝ մեկնաբանությանս ոճից պարզ է երևում է դա։ 

Այդ ստորագրահավաքին գործընթացին մոտ կանգնած մտերիմներ էլ ունեմ>>-ասաց Կարապետյանը։

Հայհոյող կանանց մասով էլ <<ԿԱՄՔ>>-ի հիմնադիր-ղեկավար Վահագն Չախալյանն ասաց, որ նման բան լինել չի կարող․

<<Նման բան հայտարարողները գոնե հասկանու՞մ են՝ ինչ են ասում, ինչպե՞ս կարող է <<ԿԱՄՔ>>-ի անդամ կինը հայհոյել։ Դա սուտ է, դա զրպարտանք է, մենք կապ չունենք որևէ հայհոյող, անվայել բառապաշար ունեցող կնոջ հետ>>-պարզաբանեց Չախալյանը։