1915թ. հուլիսի 8-ին սկսվեց Ալաշկերտ օպերացիան

Ալաշկերտի օպերացիա՝ 1915 թ. ռուսական բանակի պաշտպանողական գործողությունները Կովկասյան ռազմաճակատում առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ (հուլիս-օգոստոս)։

1915-ի գարնանը գերմանա-թուրքական հրամանատարությունը փորձում էր ռազմական ճնշման միջոցով Պարսկաստանն ու Աֆղանստանը ներգրավել Ռուսաստանի դեմ պատերազմում։ Թշնամու ծրագիրը ձախողելու նպատակով ռուսական Կովկասյան բանակի 4-րդ կորպուսը (հրամանատար՝ գեներալ Պյոտր Օգանովսկի) անցավ հարձակման և հաղթական կռիվներով թուրքական զորքերին դուրս մղեց Պարսկաստանի հյուսիսարևմտյան շրջաններից, Վանա լճի և Արածանու ավազաններից։ Այդ գործողություններին մասնակցում էր հայ կամավորների Արարատյան ջոկատը՝ Վարդանիհրամանատարությամբ։

Հուլիսի 8-ին 4-րդ կորպուսի զորամասերը հասան Մերգեմերի լեռնանցք – Կոպ – Լիզ – Չուխուր-Նորշեն – Կոտոմ – Շատախ գիծը՝ պատրաստվելու արշավել Մուշ և Բիթլիս (Բաղեշ)։ Ռուսական զորքերի առաջխաղացումը կասեցնելու նպատակով թուրքական 3-րդ բանակի հարվածային զորախումբը (89 գումարտակ, 48 հեծելավաշտ և հարյուրյակ, 6000-անոց քրդական անկանոն զորախումբ) Աբդուլ Քերիմ փաշայի հրամանատարությամբ հուլիսի 9-ին անցավ հակահարձակման՝ Կոպ – Մանազկերտ – Ալաշկերտ ուղղությամբ։ 4-րդ կորպուսը նահանջեց դեպի Հայկական Պարի հարավային փեշերը։ Հայ բնակչությունը տեղահան եղավ։

Կովկասյան բանակի հրամանատարությունը պահեստային ուժերից կազմեց հատուկ հարվածային զորախումբ (24 գումարտակ, 1 աշխարհազորային խումբ, 31 հարյուրյակ և հրետանի), որը հուլիսի 22-ին գեներալ Ն.Ն. Բարաթովի հրամանատարությամբ Դահար գյուղի մոտից հարձակվեց Աբդուլ Քերիմ փաշայի զորախմբի ձախ թևին ու թիկունքին։ Հուլիսի 23-ին զորախումբը 4-րդ կորպուսի նահանջած զորամասերի հետ միասին անցավ հակահարձակման և, Ալաշկերտի հովիտը թուրքերից մաքրելով, օգոստոսի սկզբին գլխավոր ուժերով ամրացավ Մերգեմերի լեռնանցք – Բուրնու – Բուլախ – Արճեշ գծին։

Ալաշկերտի օպերացիայի ժամանակ թուրքերի կորուստը կազմեց ավելի քան 7000 սպանված և 400 գերի։ Ալաշկերտի օպերացիան հեշտացրեց ռուսական բանակի հետագա գործողությունները, մասնավորապես՝ Էրզրումի գրավումը։ Ձախողվեցին գերմանա-թուրքական հրամանատարության՝ ռուսական Կովկասյան բանակի հիմնական խմբավորման թիկունքը դուրս գալու, ինչպես նաև Պարսկաստանի ու Աֆղանստանի վրա ճնշում գործադրելու ծրագրերը։