Հունիսի 30-ը կրտսեր սերժանտ Արմեն Հովհաննիսյանի ծննդյան օրն է

Արմեն Լևոնի Հովհաննիսյան (հունիսի 30, 1994 - հունվարի 20, 2014), Արցախի Հանրապետության Պաշտպանության բանակի կրտսեր սերժանտ, «Արիության համար» և «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» առաջին աստիճանի հետմահու մեդալակիր:

2014 թվականի հունվարի 19-ի լույս 20-ի գիշերը՝ ժամը 23: 50-ից մինչև 00: 15-ի սահմաններում, արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի հյուսիսարևելյան (Ջրաբերդ) և հարավարևելյան (Կորգան) ուղղություններում արձանագրվել են հակառակորդի դիվերսիոն խմբերի ներթափանցման միաժամանակյա փորձեր:

Ադրբեջանցիները գիշերը հարձակվել են մեծ խմբով, սակայն Արմենը նկատել է դիվերսանտներին, զգուշացրել զինակիցներին և սկսել դիմադրությունը։ Նույնիսկ ծանր վիրավոր վիճակում նա չի ընկրկել և շարունակել է դիմադրությունը։ Դա հայկական ուժերին հնարավորություն է տվել արագ կազմակերպվել և դեն շպրտել թշնամուն, պատճառելով մեծ քանակի կորուստներ:

Արցախի Հանրապետության զինված ուժերի առաջապահ ստորաբաժանումները, հավաստանշելով ադրբեջանական դիվերսիոն խմբերի գործողությունները, երկու ուղղություններում էլ անցել են կազմակերպված պաշտպանության և հակառակորդին պատճառելով զգալի մարդկային և նյութական կորուստ՝ հետ շպրտել իր ելման դիրքերը։ Բռնկված փոխհրաձգության արդյունքում հակառակորդի կողմից ստացած հրազենային վիրավորումից հյուսիսարևելյան ուղղությամբ տեղակայված մարտական դիրքում իր առջև դրված խնդիրը արիաբար կատարելու ժամանակ զոհվել է կրտսեր սերժանտ Արմեն Հովհաննիսյանը:

Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանի հրամանով Արմեն Հովհաննիսյանը հետմահու պարգևատրվել է «Արիության համար» մեդալով[6]: Այդ պարգևի ամենաերիտասարդ մեդալակիրն է։

Հայկական Կիբեր Բանակի կողմից հարձակման են ենթարկվել ադրբեջանական շուրջ 30 կայքեր, ինչը հաջորդել է ադրբեջանցի հաքերների հարձակմանը։ Հայկական Կիբեր Բանակն ադրբեջանական մի շարք կայքերում տեղադրել է հերոսացած կրտսեր սերժանտ Արմեն Հովհաննիսյանի լուսանկարը՝ հետևյալ գրառմամբ՝ «Հայկական Կիբեր Բանակ, Ի հիշատակ Արմեն Հովհաննիսյանի», ինչպես նաև հայրենասիրական երգեր:

Հունվարի 28-ին ՀՀ Նախագահը Արմեն Հովհաննիսյանին հետմահու պարգևատրել է «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի մեդալով[8], նույն զորամասի երկու զինծառայողներ՝ Արիության մեդալով, ևս չորսը Մարտական ծառայության մեդալո։