1993թ. հունիսի 27-ին Մարտակերտ քաղաքն ազատագրվեց

Շարժման սկզբին Մարտակերտի հիմնարկ-ձեռնարկությունների աշխատողները կազմակերպել են բողոքի ցույցեր, ստորագահավաք և այլն։ Շրջանի տարածքը պաշտպանելու համար ստեղծվել են աշխարհազորայինների շտաբ (ընդհանուր համակարգող՝ Վ. Բեգլարյան, շտաբի պետ՝ Վ. Խոնդկարյան), ինքնապաշտպանական երեք զինված ջոկատներ (հրամանատարներ՝ Ա. Բաղդասարյան, Ա. Նավթալյան, Վ. Մինասյան)։ Մարտակերտում էր նաև շրջանում կազմավորված ինքնապաշտպանական բոլոր ջոկատների մարտական գործողությունները համակարգող շտաբը (համընդհանուր ղեկավար՝ Վ. Գալստյան, շտաբի պետ՝ Հայկազ Բաղմանյան)։ 1988-1992 թվականներին Մարտակերտի և Հայաստանի կամավորական ջոկատները, Արցախի Հանրապետության ինքնապաշտպանական ուժերը մարտեր են մղել հակառակորդի գերակշիռ ուժերի դեմ։ 1992 թվականի հուլիսի 4-ին ԽՄՀՄ 4-րդ բանակի աջակցությամբ հակառակորդն սկսել է լայնածավալ մարտական գործողություններ և գրավել Մարտակերտը։ Մարտակերտի, Կենտրոնական, Ասկերանի, Մարտունիի Պաշտպանության շտաբները, 5-րդ կամավորական բրիգադը (հրամանատար՝ Մանվել Գրիգորյան) և ՀՀ կամավորական ջոկատները 1993 թվականի հունիսի 12-ին ձեռնարկել են Մարտակերտի և շրջանի բնակավայրերի ազատագրման խոշորամասշտաբ ռազմական գործողություն և 1993 թվականի հունիսի 28-ին ազատագրել են քաղաքը։ Արցախի Հանրապետության «Մարտական խաչ» 1-ին աստիճանի շքանշանովպարդևատրվել են 5, «Մարտական խաչ» 2–րդ աստիճանի շքանշանով՝ 40 ազատամարտիկ։ Զոհվել է 134 ազատամարտիկ։