Իտալիայում ապրող հայերի վարակվածության մասին որեւէ տեղեկություն չունենք. Զարեհ Սինանյան

Իտալիայում ապրող հայերի վարակվածության մասին որեւէ տեղեկություն չունենք. Զարեհ Սինանյան

Տարբեր երկրներից մեր հայրենակիցները դիմում են վարչապետ Նիկոլ Փաշինյանին, որպեսզի վերադառնան Հայաստան։ Այս մասին այսօր՝ մարտի 19-ին, հրավիրված ասուլիսի ժամանակ ասաց Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը։

 

«Փորձում ենք բոլորին սպառիչ պատասխաններ տալ, լուծումներ գտնել։ Շատ դիմորդներ նաեւ ՌԴ-ից, որովհետեւ մեր հայրենակիցները ցանկանում են ցամաքային տարբերակով մուտք գործել Հայաստան»,- ասաց Սինանյանը։

 

Նա նշեց, որ Եվրոպայի մյուս երկրներում ապրող հայերի վարակվածության մասին տեղեկություն չունեն. «Իրանում մեր հայրենակիցներն ապրում են արտակարգ իրավիճակում, մինչեւ այս պահը մենք ունենք մեկ մահ, որը կապված է հիվանդության հետ, նա 85 տարեկան կին էր, որը ուներ նաեւ առողջական այլ խնդիրներ։ Հոլանդիայում իրավիճակը բավարար է։ Իտալիայում վարակվածների մասին որեւէ տեղեկություն չունենք»։

 

Սինանյանը նշեց, որ կասեցվել են մի քանի ծրագրեր. «Ապրիլ ամսվա սկզբին պետք տեղի ունենար Զատիկյան այցելություն Սիրիա եւ Լիբանան, ուզում էինք Զատիկն անցկացնել մեր հայրենակիցների հետ, սակայն չեղարկել ենք այս այցը։ Չեղարկել ենք այցելությունները՝ ՌԴ, Իրան, ԱՄՆ, Ֆրանսիա»։

 

Հարցին՝ եթե, օրինակ, քաղաքացին ավտոմեքենայով Ջավախքից եկել է Գյումրի, ինչպե՞ս կարող է վերադառնալ Ջավախք. արդյոք մեքենան պետք է թողնի՞ եւ օդային տարբերակով մեկնի՞, Սինանյանն ասաց. «Եթե ՀՀ քաղաքացի է, ապա պետք է մեքենան թողնի եւ ինքնաթիռով մեկնի, իսկ ինքնաթիռով կապն այս պահին գոյություն չունի։ Նման խնդիրներ շատ կան. մարդ կար, որի մշտական կեցության կարգավիճակը սպառվել էր։ Նա այս ճգնաժամից առաջ գնացել էր Իրան, որ համապատասխան փաստաթղթեր վերցներ եւ վերադառնար Հայաստան՝ կարգավիճակը վերականգնելու նպատակով, սակայն հիմա Վրաստանում է ու ոչ կարգավիճակ ունի, ոչ էլ կարող է Հայաստան վերադառնալ»։

 

Սինանյանը հայտնեց, որ կկորոնավիրուսի տարածումն « Ի գործ» ծրագրի վրա չի ազդել. «Հայտերի ընդունումը մեկնարկել է նախորդ ուրբաթ օրը եւ հենց առաջին 72 ժամվա ընթացքում 300-ի ավել հայտ է եղել եւ այդ հայտերը շարունակում ենք ստանալ: Քանի որ ծրագրի գործնական մասը սկսվում է հուլիսի 1-ից, դեռեւս մեր կողմից որեւէ քայլ չի եղել: Մենք չենք կասեցրել չենք հետաձգել: Հնարավոր է, որ դա տեղի ունենա՝ կապված իրադարձությունների զարգացումից, սակայն այս պահին որեւէ ձեւով չի ազդել»։

Նյութի աղբյուր` NEWS.am

Կարճ հասցե: javakhq.info/u/8896.html

Վերջին Լուրեր

1 2 3 4 5 >
Ամբողջը` 5838 : Ցուցադրված է` 1 - 15 :