Ո՞վ է ապակայունացնում Արցախը. հայտարարություն

Ո՞վ է ապակայունացնում Արցախը. հայտարարություն

«Այլընտրանքային նախագծեր խումբը» տարածել է հայտարարություն, որում ասվում է.

 

«Մինչ հանրության ուշադրությունը համաճարակն է, Արցախում տեղի են ունենում իրադարձություններ, որոնք, հաջողելու դեպքում, դառնալու են հայ ժողովրդի «Ուհանը»՝ էպիկենտրոնը նոր ու վտանգավոր պրոբլեմի։

 

Մի քանի օր է՝ Արցախից սփռվող կադրերը ցույց են տալիս, որ կա կազմակերպված խումբ, որն ամեն կերպ փորձում է ապակայունացնել վիճակը, խաթարել բնականոն նախընտրական արշավը։ Այդ խումբը սակավաթիվ է, բայց՝ ագրեսիվ, ցուցադրաբար հրահրում է ընդհարումներ։ Դժվար է հավատալ, որ դա կարող է արվել Երևանից։

 

Հայաստանյան իշխանություններն այսօր չունեն որևէ մոտիվացիա, որևէ շահ՝ լարվածության նոր օջախ ստանալու։ Հատկապես, որ Հայաստանի իշխանությունների նախընտրած թեկնածուն ունի այս պահի ամենաբարձր վարկանիշը։

 

Ամենայն հավանականությամբ՝ դա անում է մրցավազքը տանուլ տված թեկնածուներից մեկի շտաբը։ Բոլոր հարցումները վկայում են, որ երկու թեկնածու՝ Արայիկ Հարությունյանը և Վ. Բալասանյանը, մյուսներից շատ առաջ են, ու պայքարը նրանց միջև է ընթանալու, և երկրորդ փուլի լինել-չլինելը նույնպես նրանց միջև ընթացող պայքարի արդյունքներից է կախված։ Այս պարագայում ավելի տրամաբանական է թվում, որ իրավիճակն արհեստականորեն լարելու ավանտյուրան կարող է ձեռնտու լինել միայն ընտրություններն արդեն նախապես պարտված թեկնածուներից մեկին։

 

Ընդհանուր առմամբ Արցախում ընթանում էր բացառիկ կոռեկտ և ծրագրային պայքար։ Թեկնածուներից ոչ ոք չէր անցնում անթույլատրելիի սահմանը՝ շատ լավ հասկանալով, որ մի քանի կիլոմետր այն կողմ այլ սահման է՝ զինված թշնամու սահմանը, որը սպասում է Արցախի սխալին, տվյալ դեպքում՝ անկայունացմանն ու ներքին պառակտմանը։

 

Արցախն այստեղ ոչ մի շահ չունի, Հայաստանը՝ նույնպես, իսկ ահա Ադրբեջանի շահը հստակ է։ Ո՞վ է Արցախում խաղում Ադրբեջանի շահի օգտին։ Այս հարցի պատասխանը պետք է շատ արագ տրվի։ Հայաստանից նույնպես պետք է գնան մեսիջներ, որ ապակայունացման ցանկացած փորձ անթույլատրելի է։ Հայաստանը լռելու իրավունք չունի, և խոսքը միայն իշխանություններին չի վերաբերում։ Արցախցին պետք է հստակ գիտակցի, որ Հայաստանում չափազանց վատ են վերաբերվում Արցախում ներքին թշնամանքի և ներքին պառակտման փորձերին։ Շատ քիչ ժամանակ է մնացել մինչև ընտրություններ, և ժողովուրդը խաղաղ, ազատ և արդար ընտրություններում կընտրի իր նախագահին, իր խորհրդարանը։

 

Այն, ինչ այսօր փորձում է անել մի խումբ, մեջքին հավանորեն ունենալով արդեն իսկ պարտված ավանտյուրիստների, դա ընտրություն է հոգուտ Ադրբեջանի։ Արցախցին պետք է հստակ հասկանա, որ իրավապահների կոշտ միջամտությունը նաև կամ ավելի շատ ընդդեմ ադրբեջանական հաղթաթղթի է։

 

Բոլորը հասկանում են, որ հետվիրուսային աշխարհը զարգացումների նոր էջ է բացելու։ Բոլորը պատրաստվում են նոր աշխարհին՝ իրենց երկրների և ժողովուրդների համար նոր հեռանկարներ բացելու համար։ Հայաստանն ու Արցախը նույնպես պետք է լինեն այդ տրամաբանության մեջ։ Դրա նախապայմանը լեգիտիմ իշխանությունն է, գրագետ, աշխատելու ունակ իշխանությունը»։

Նյութի աղբյուր` NEWS.am

Կարճ հասցե: javakhq.info/u/8868.html

Վերջին Լուրեր

1 2 3 4 5 >
Ամբողջը` 5838 : Ցուցադրված է` 1 - 15 :