Երեւանի քաղաքապետարանը խոստովանեց բյուջեի կատարման ձախողումը

Երեւանի քաղաքապետարանը խոստովանեց բյուջեի կատարման ձախողումը

Երեւանի քաղաքապետարանը խոստովանեց բյուջեի կատարման ձախողումը, սակայն Փաշինյանի դրածոն չի էլ մտածում պատասխանատվություն կրելու մասին

 

Երեւանի բյուջեի ծախսային մասի 94 մլն 690 հազար դրամից կատարվել է միայն 66 մլն 760 դրամը, այսինքն՝ 70,5%-ը: Այս մասին մարտի 19-ին Երեւանի Ավագանու խորհրդի նիստում խոստովանեց Երեւանի փոխքաղաքապետ Հայկ Սարգսյանը՝ ներկայացնելով բյուջեի կատարման մասին զեկույցը:

 

Նա հավելեց, որ դպրոցների եւ այլ կրթական հաստատությունների վերանորոգման համար նախատեսված ծախսային մասի՝ նախատեսված ավելի քան 1 մլրդ դրամից կատարվել է 250 մլն-ը: «Ոռոգման համակարգի արդիականացման համար նախատեսված ավելի քան 177 մլն դրամից կատարվել է 50 մլն դրամը, այսինքն՝ 28%-ը: Տուրիզմի զարգացման համար նախատեսված 132 մլն դրամից կատարվել է 20 մլն-ը, այսինքն՝ 15%-ը: Նոր հետիոտնային անցումների ներդրման աշխատանքների համար բյուջեի կատարումը կազմել է 22%: Առողջապահության ոլորտում բյուջեի կատարումը կազմել է 78%, շրջակա միջավայրի ոլորտում՝ 68%, բնակարանների կառուցման եւ կոմունալ ծառայությունների ոլորտում՝ 61%»,- նշեց Սարգսյանը՝ ներկայացնելով ձախողված ցուցանիշները:

 

Նա երեւանցիներին վստահեցրեց, որ «լուսավոր ապագա» է սպասվում: Նրա խոսքով՝ վերելակների փոխարինման պիլոտային ծրագիրը շարունակվում է, 2020 թվականին կմեծանա բժշկական եւ կրթական հաստատությունների աջակցումը, կիրականացվեն նոր ծրագրեր ճանապարհային աշխատանքների ոլորտում:      

 

Իր հերթին, առաջին փոխքաղաքապետ Հրաչյա Սարգսյանը հավելեց, որ այս տարի մանկապարտեզների համար նախատեսված ծախսային մասը կմեծանա 1 մլրդ դրամով, ինչը թույլ կտա 28 նման հաստատություններում կապիտալ վերանորոգում կատարել:

 

Ինչ վերաբերում է տուրիզմի ոլորտին, ապա 15%-ով բյուջեի կատարումը, փոխքաղաքապետ Տիգրան Վիրաբյանի խոսքով, մասամբ կապված է նրա հետ, որ Երեւանը պատրաստ չէր մասնակցել մի շարք փառատոնների՝ տպագիր եւ վիդեոնյութերի բացակայության պատճառով:

 

«Լույս» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանը վստահություն հայտնեց, որ բյուջեի չկատարման համար պատասխանատվություն է կրում քաղաքապետը:

 

«Բացառված չէ, որ վաղը կհայտարարեն եւս 500 վերելակ գնելու մասին, որպեսզի ապացուցեն, թե մեր իշխանությունները որքան հեղափոխական են: Նման մոտեցումը կարելի է կիրառել նաեւ այլ ոլորտներում, օրինակ՝ տրանսպորտի խնդրի հարցում: Ինչ-որ տեղ հետիոտնային ճանապարհ չի լինի, ինչ-որ տեղ էլ՝ թեքահարթակ, սակայն կունենանք իշխանությունների կերպար, որը լուծում է բնակչության հարցերը»,- նշեց նա:

 

Իր հերթին, Երեւանի քաղաքապետ Հայկ Մարությանը հայտարարեց, որ ինչպես մայրաքաղաքը, այնպես էլ ամբողջ Հայաստանը արդեն երկրորդ տարին է՝ ապրում է նոր իրականության մեջ: «Չկա այնպիսի վիճակ, որ տենդերները շահի միեւնույն ընկերությունը: Մենք կաշխատենք, որպեսզի տենդերներն ավելի ու ավելի թափանցիկ լինեն, կաշխատենք համակարգային փոփոխությունների ուղղությամբ: Բյուջեի չկատարումը սերտորեն կապված է թույլ աշխատող մեխանիզմների հետ, որոնք դժվարությունների հետ են բախվում արդեն 20 տարի»,- ասաց Մարությանը՝ ոչ մի կերպ չանդրադառնալով ձախողված ցուցանիշներին:       

Նյութի աղբյուր` NEWS.am

Կարճ հասցե: javakhq.info/u/8865.html

Վերջին Լուրեր

1 2 3 4 5 >
Ամբողջը` 5838 : Ցուցադրված է` 1 - 15 :