Գողական ենթամշակույթը պաշտպանում է Նիկոլ Փաշինյանին. Մադաթյան

Գողական ենթամշակույթը պաշտպանում է Նիկոլ Փաշինյանին. Մադաթյան

Օրերս Հայաստանում իր գործունեության մասին հայտարարեց «Հեղափոխության պահապաններ» անունը կրող մի  խմբավորում, որը խոստանում է, որ կգործի ահաբեկչություն, եթե պարզի, որ Նիկոլ Փաշինյանին վտանգ է սպառնում։

 

Խմբավորումը  տարածել է մի տեսանյութ, որտեղ խմբավորման տասնյակ անդամներ շրջապատել են մի քաղաքացու, որը վիրավորել է վարչապետ Նիկոլ Փաշինյանին։ Խմբավորման անդամները պահանջել են քաղաքացուց ներողություն խնդրել Նիկոլ Փաշինյանից։Հոգեբան Միհրդատ Մադաթյանը տեղի ունեցածը համարում է բանդիտիզմ, ինչը օրենքի ողջ խստությամբ դեռ չի պատժվել։

 

«Իշխանության և նրա ղեկավարի կողմից հերթական անգամ տեսանք հետևյալը՝  ասվեց մի բան, արվեց այլ բան։ Գիտե՛ք, այս ամենն արդեն ծիծաղելի է։ Ծիծաղելի է նաև վարչապետի  արձագանքը՝ ասում է, թե դատապարտո՞ւմ է։ Հիմա հարց՝ էդպե՞ս են դատապարտում բա գողական ենթամշակույթը, բա չէ՞ որ գողական ենթամշակույթի մասին էին խոսում Ազգային ժողովում։ Բա ստացվում է, որ հիմա գողական ենթամշակույթով՝ բանդայով հարց է՞ լուծում։ Գողական ենթամշակույթը պաշտպանում է Նիկոլ Փաշինյանին, և ես չեմ կարծում, որ դա վարչապետին պատիվ է բերում»,- ասաց հոգեբանը։

 

Մադաթյանի համոզմամբ՝ Հայաստանում ատելության խոսք թելադրվում է իշխանության ղեկավարի կողմից, որը, ի դեպ, ատելության խոսք թելադրում էր նաև այն ժամանակ, երբ ընդդիմադիր պատգամավոր էր։

 

«Պետք չէ այս իրավիճակի վրա զարմանալ. իրավիճակների վերլուծությունները ցույց են տալիս, որ տարիներ շարունակ եղել է ատելության խոսք ընդդիմադիր գործչի կողմից, որևէ մեկը դա չի կանխել, հիմա ատելության խոսքն արդեն այլ որակի է և հնչում է արդեն այլ կարգավիճակ ունեցող Փաշինյանի կողմից։ Հետևելով  այդ հռետորաբանությանը՝ ինձ մոտ տպավորություն է ստեղծվում, որ, կարծես թե,  մոլագարը խոսում է մարդասիրությունից և բարությունից։ Ես կիսում եմ այն գնահատականները, որ այդ խմբավորումը գործում է հենց Փաշինյանի հովանավորության ներքո։ Կարծում եմ՝ Փաշինյանը տեղյակ էր  դրանից։ Իսկ երբ վերլուծում եմ այդ խմբավորման անդամների արարքները՝ տեսնում եմ, որ գործելաոճը՝ լայվ մտնել, խոսքի տոնայնություն և այլն, պարզ է դառնում՝ կրկնում են  Փաշինյանի ոճը»,- ասաց  Մադաթյանը՝ ընդգծելով, որ, եթե այս խմբավորումն օրենքի ողջ խստությամբ չպատժվի, ապա ապագայում կունենանք նորերը, և այդպիսով Հայաստանը ետ կշպրտվի դեպի  90-ականներ, երբ նման բանդաները լայն տարածում ունեին։

 

«Անպատժելիությունը կբերի նրան, որ, եթե պարզվի, որ կարելի է բանդա ստեղծել և պահպանել վարչապետի պատիվը, ապա կարելի է նաև բանդա ստեղծել և գումար աշխատել»,- խոսքը եզրափակեց Մադաթյանը։

 

Հիշեցնենք, որ «Հեղափոխության պահապաններ» խմբի անդամի կողմից ներողություն պահանջելու հրապարակման հիման վրա Ոստիկանության Նաիրիի բաժնում նյութեր են նախապատրաստվում։

Նյութի աղբյուր`168.am

Կարճ հասցե: javakhq.info/u/8465.html

Վերջին Լուրեր

1 2 3 4 5 >
Ամբողջը` 5838 : Ցուցադրված է` 1 - 15 :