«Փոխվարչապետի մակարդակով պետք է ստեղծել կենտրոնացված օպերատիվ շտաբ». Թևան Պողոսյան

«Փոխվարչապետի մակարդակով պետք է ստեղծել կենտրոնացված օպերատիվ շտաբ». Թևան Պողոսյան

«Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի» ղեկավար Թևան Պողոսյանն առաջարկում է փոխվարչապետի  մակարդակով ստեղծել կենտրոնացված օպերատիվ շտաբ, որի միջոցով  կկանոնակարգվի կորոնավիրուսի հետ կապված յուրաքանչյուր տեղեկություն: Այսինքն՝ շտաբը պետք է պարբերաբար տեղեկություններ հաղորդի կորոնավիրուսի տարածման, իրականացվող կանխարգելիչ միջոցառումների մասին, որպեսզի հանրությունը ճիշտ տեղեկություններ ստանա մեկ աղբյուրից, այլ ոչ՝ տարբեր սոցկայքերից:

 

«Ժամը մեկ, ինչպես ընտրությունների օրը, իրազեկում լիներ, անգամ, եթե տեղեկությունը կրկնվեր: Բայց տեղեկացնեին, որ գործողություն է արվում, ինչ է կոնկրետ արվում:  Բացի այս, տրանսպորտային միջոցներում պիտի ախտահանման  գործընթացներ կատարվեն, ինչպես նաև՝ մենք ինքներս պիտի ճիշտ վարքագիծ դրսևորենք, հոգատար լինենք՝ ինչպես մեր, այնպես էլ՝ կողքինի հանդեպ, և եթե զգում ենք, որ մի բան այն չի, գիտակցաբար գնանք և տեղեկացնենք, այլ ոչ թե ինչ-որ սիմպտոմի դեպքում, ասենք, թե ստից բան է»,- լրագրողների հետ հանդիպմանն ասաց նա:

 

Ըստ Պողոսյանի՝ սա նույնպես անվտանգության հարց է, և պիտի ըստ իրավիճակի ճիշտ հաշվարկներ արվեն՝ չեղարկե՞լ հանրաքվեն, թե՞ այն կարող է տեղի ունենալ:

 

«Այսօրվա դրությամբ՝ միգուցե եղած իրավիճակն այնպիսին է լինելու, որ այլ որոշում կայացվի՝ ելնելով ՀՀ անվտանգության խնդիրներից: Արդյոք սա՞ է առաջնայինը, թե՞ այլ խնդիրների վրա պիտի ուշադրություն դարձնել: Օրինակ, ԱՄՆ-ը 30 օրով փակում է սահմանը ԵՄ-ի, Չինաստանի հետ՝ ամբողջական հաղորդակցումը, մեկ այլ տեղում այլ բաներ են արվում: Դրա համար պիտի կառավարությանը կից շտաբ գործի, որ մենք էլ հասկանանք՝ գուցե իրավիճակն այնպիսին է, որ պե՞տք չէ հանրաքվեի գործընթացը կանգնեցնել: Բայց պետք է նաև գիտակցենք, որ անվտանգության տեսանկյունից հնարավոր է՝  կարիք լինի հանրաքվեն չեղարկելու, հետաձգելու: Պետք է լինեն հաշվարկված, փաստերի վրա հիմնված, ճիշտ սցենարներով պլանավորված որոշումներ, իսկ դրա համար պետք է տիրապետել տեղեկատվական ամբողջ հոսքերին»,- եզրափակեց նա:

 

Ինչ վերաբերում է հանրաքվեի կայացման դեպքում դրա արդյունքներին, ըստ Թևան Պողոսյանի, գործընթացի գաղափարը կարող է լեգիտիմ դիտարկվել, իհարկե, մեկ այլ ձևով էլ հանրաքվեի արդյունքն է գնահատվում:

 

«Եթե հանրաքվեն կայացել է, ապա լեգիտիմ գործընթաց է, քանի որ հանրությունը դա ընդունել է: Բայց մենք պետք է սկսենք սովորել, որ լեգիտիմ և լեգալ գործընթացները տարբեր բաներ են: Լեգալ գործընթացի մասով պիտի աշխատել, այդ թվում՝ նախկին պարտավորությունների խնդիրների համատեքստում: Այսօրվա դրությամբ այդտեղ կան խնդիրներ, մնացածը կերևա ապրիլի 6-ին»,- շեշտեց Պողոսյանը՝ պատասխանելով 168.am-ին, թե որքանով է հանրաքվեի գաղափարն ազդելու ՀՀ միջազգային վարկի վրա:

Նյութի աղբյուր`168.am

Կարճ հասցե: javakhq.info/u/8373.html

Վերջին Լուրեր

1 2 3 4 5 >
Ամբողջը` 5838 : Ցուցադրված է` 1 - 15 :