«ՀՀ ղեկավարության համար ամենակարևորը հանրային առողջությունն է, և որևէ քաղաքական դրդապատճառ մեզ հետ չի պահի նման որոշումներ կայացնելուց». Արսեն Թորոսյան

«ՀՀ ղեկավարության համար ամենակարևորը հանրային առողջությունն է, և որևէ քաղաքական դրդապատճառ մեզ հետ չի պահի նման որոշումներ կայացնելուց». Արսեն Թորոսյան

Այսօր Կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն անդրադառնալով քաղաքացիներին մեկուսացնելու հարցին՝ ասաց, որ բազմիցս նշել է՝ Հայաստան ժամանող բոլոր զոնաներից հնարավոր չէ մեկուսացնել, ինչպես հնարավոր չէ որևէ այլ երկրում:

 

 

«Ամեն ինչ արվում է՝ հակահամաճարակային միջազգային խորհուրդներին համապատասխան: Ընդհանրապես մեկուսացում ցուցված է միայն հաստատված դեպքի անմիջական կոնտակտներին, ինչով մենք հիմա զբաղվում ենք»,- ասաց նախարարը:

 

Վերջինս նշեց, որ իրականացվում է երեք պացիենտների հետ անմիջականորեն շփված բոլոր անձանց մեկուսացում, ինչպես նաև պարզվում է այդ անձանց շրջանակը:

 

«Մի դեպքում՝ ունենք մեծ շրջանակ, որոնք բոլորը հայտնի են: Հնարավոր է՝ այդ շրջանակը դառնա մինչև 50 հոգի, և այդ 50 հոգու համար որոշումներ կկայացվեն: Մեծ է նաև Իտալիայի քաղաքացու շրջանակը, որոնք բոլորը մեկուսացվել են, բայց իրենց բնակավայրում: Դա առանձնացված շենք է»,- նշեց Արսեն Թորոսյանը:

 

Ըստ նախարարի՝ իմաստ չկար մեկուսացնել Իտալիայից եկած քաղաքացիներին, ինչը եղել է նաև Չինաստանի, Իրանի դեպքում:

 

 

«Խնդիրը դեպքը վաղ հայտնաբերելը, թեստավորելը, կոնտակտավորների շրջանակը պարզելն ու փոխանցման ուղին կոտրելն է: Դրանից ավելի բան որևէ վարակիչ հիվանդության դեպքում չի արվում»,- ասաց ԱՆ նախարարը:

 

Անդրադառնալով այն դիտարկմանը, թե աշխարհի շատ երկրներ աննախադեպ միջոցառումներ են իրականացնում, մինչդեռ մեզ մոտ քարոզարշավ է ընթանում, ու փակված չեն դպրոցներն ու այլ կրթական հաստատությունները, նախարարն ասաց, որ չի կարելի շտապել որոշումների առումով, քանզի դրանք կայացվում են օրական, երբեմն՝ ժամային ռեժիմով, և հնարավոր է, որ ցանկացած պահի այլ որոշում կայացվի:

 

«Երբ մենք մեկ դեպքով դադարեցրինք դասերը, շատ պարզ բացատրություն կար դրան: Հանրային վստահության կառուցման նպատակով, ինչպես նաև հավաստիանալու, որ լոկալ տրանսմիսիա չի եղել, որոշվեց արձակուրդը տեղափոխել առաջ: Հիմա ունենք նոր իրավիճակ, և ըստ դրա՝ որոշում կկայացվի: Այս պահին որոշումը կայացված չէ, թե չէ ես կհայտնեի, սակայն չի բացառվում, որ որևէ սահմանափակող միջոցառում տեղի ունենա, այդ թվում՝ հանրային հավաքների հետ կապված: Մենք բազմիցս նշել ենք, որ Հայաստանի գործող ղեկավարության համար ամենակարևորը հանրային առողջությունն է, իր քաղաքացու առողջությունը, և որևէ քաղաքական դրդապատճառ մեզ հետ չի պահի նման որոշումներ կայացնելուց»,- ասաց նախարարը՝ ևս մեկ անգամ կոչ անելով հետևել պաշտոնական լրահոսին ու ստահոդ լուրեր չտարածել:

 

Արսեն Թորոսյանը շեշտեց, որ ինքնամեկուսացումն ու սոցիալական պատասխանատվությունն էպիդեմիաները կանխարգելելու միակ գործիքներն են:

 

Նախարարը, հատկապես՝ այն քաղաքացիներին, ովքեր Հայաստան են եկել վիրուսի օջախներից,  կոչ արեց ինքնամեկուսացվել և գանգատների դեպքում չզբաղվել ինքնաբուժմամբ ու անմիջապես հայտնել ԱՆ ծառայություններին: Հավելեց նաև, որ այս պահին քննարկում են ինքնակամ չինքնամեկուսացողների համար վարչական պատասխանատվության մեխանիզմներ:

Նյութի աղբյուր`168.am

Կարճ հասցե: javakhq.info/u/8367.html

Վերջին Լուրեր

1 2 3 4 5 >
Ամբողջը` 5838 : Ցուցադրված է` 1 - 15 :