Հներ ու նորե՞ր, թե՞ հնազանդներ ու ապստամբներ. իշխանական չափորոշիչների նրբերանգները

Հներ ու նորե՞ր, թե՞ հնազանդներ ու ապստամբներ. իշխանական չափորոշիչների նրբերանգները

Իշխանությունները շարունակում են ապրիլի 5-ի հանրաքվեին ընդառաջ ոչ մի ջանք ու ռեսուրս չխնայել՝ «Այո»-ի քարոզչությունն առավելագույն արդյունավետությամբ իրականցնելու, ապրիլյան հանրաքվեին ցանկալի արդյունք գրանցելու համար: Հիմնական թեզը, որն «Այո»-ի քարոզիչները համառորեն շեշտադրում են ու ամեն գնով առաջ մղում, այն հորինովի գաղափարն է, թե «նախկինից ժառանգություն հասած» Սահմանադրական դատարանն՝ իր ներկայիս կազմով, էական խոչընդոտ է հանդիսանում պետության առաջընթացի, զարգացման ճանապարհին, և եթե իսկապես «նոր Հայաստան» կերտելու ցանկություն կա, ապա պետք է անել ամեն ինչ՝ ՍԴ ներկա կազմն արմատապես փոխելու համար:

 

 

Մինչդեռ փաստն այն է, որ երկրի դատաիրավական համակարգը կուլ տալ փորձող Նիկոլ Փաշինյանն ու թիմն այդպես էլ չեն կարողանում փաստարկված կերպով պատասխանել այն հարցին, թե հատկապես ինչպե՞ս է նույն Հրայր Թովմասյանը խոչընդոտում երկրի առաջընթացին այն դեպքում, երբ ՍԴ-ն «չարիքի առանցք» հռչակած իշխանությունները չեն վարանում սիրով օգտվել հներից ժառանգություն մնացած նույն Տիգրան Մուկուչյանի կամ Արթուր Դավթյանի էքսկլյուզիվ ծառայություններից: Թովմասյանը «հին» է, մյուսները՝ «նո՞ր»:

 

Իմքայլական պատգամավոր Հայկ Գևորգյանը, լրագրողների հետ զրույցում անդրադառնալով այն հարցին, թե ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանն էլ է նախորդ իշխանության կարկառուն ներկայացուցիչ, ինչո՞ւ  նրան ևս հեռացնելու հարց  չի դրվում, համեմատությունը տեղին չի համարել՝ չնայած ավելի վաղ չէր վարանել անկեղծորեն բացահայտել իշխանությունների կիրառած երկակի ստանդարտների գաղտնիքը: Մասնավորապես, հարցին՝ եթե իրոք իշխանության նպատակներն ազնիվ են, ապա ինչո՞ւ նույն մոտեցումը չի կիրառվում Մուկուչյանի ու Դավթյանի պարագայում, ինչ Թովմասյանի, պատգամավորը ավելի վաղ խոստովանել էր, որ  Հրայր Թովմասյանը չի ընդունել խաղի կանոններն, իսկ Արթուր Դավթյանն ու Մուկուչյանը չեն առճակատվել:

 

 

Ի դեպ՝ խնդրի վերաբերյալ վերջին ժամանակներս առիթ էին ունեցել արտահայտվել նաև իշխանության այլ ներկայացուցիչներ՝ այդպես էլ չկարողանալով, սակայն, փաստարկված կերպով բացատրել կիրառվող երկակի ստանդարտների ֆենոմենը: Օրինակ՝ ԱԺ պատգամավոր Գևորգ Պապոյանը բավական անորոշ պատասխան էր տվել լրատվամիջոներից մեկի՝ «ինչո՞վ են, օրինակ, Արթուր Դավթյանն ու Տիգրան Մուկուչյանն ավելի հեղափոխական կերպարներ, քան Հրայր Թովմասյանը» դիպուկ հարցադրմանը՝ հրաժարվելով «մտնել անձերի դաշտ», իսկ ահա ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանն էլ, ԱԺ-ում ունեցած իր ճեպազրույցներից մեկում ստիպված լինելով անդրադառնալ խնդրին, «թացը չորից տարբերելու» կոչ էր հնչեցրել՝ միաժամանակ համոզմունք հայտնելով, որ «Հրայր Թովմասյանը քաղաքականացված մարդ է»:

 

Թե որն է Հրայր Թովմասյանին թիրախավորելու բուն պատճառն՝ ի տարբերություն մյուս երկու պաշտոնյաների, իհարկե, հասկանալի է, և այստեղ, ինչպես ասում են, Ամերիկա բացահայտելու կարիք առանձնապես չկա. գոյություն չունեն «հներ» ու «նորեր», այլ կան «հնազանդներ» ու «ապստամբներ», իսկ չափանիշն էլ Նիկոլ Փաշինյանի քաղաքական շահն է: Ի տարբերություն նույն Մուկուչյանի կամ Արթուր Դավթյանի՝ Հրայր Թովմասյանը մերժել է Նիկոլ Փաշինյանին՝ դառնալ իշխանությունների հաճախորդն ու ի վնաս պետական շահի՝ սպասարկել սեփականը:  Ժամանակին ՍԴ խնդիրն առաջնային չդիտարկող իշխանությունները ( այդ մասին իր հարցազրույցներից մեկում հայտարարել էր ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը), որոշ ժամանակ անց հանկարծ պետք է պարզեին, որ երկրում մեկ մարդու բացարձակ իշխանություն հաստատելու, դատաիրավական համակարգը խամաճիկի վերածելու ճանապարհին ՍԴ-ն այն հիմնական խոչընդոտն է, որից պետք է ամեն գնով ձերբազատվել: Իշխանություններին այդ համոզմանը բերեց, մասնավորապես, Քոչարյանի գործով սեպտեմբերին ՍԴ կայացրած որոշումը, որից հետո Փաշինյանի համար Թովմասյանի հարցն իսկապես կենացմահու բնույթ ստացավ. Թովմասյանը հրաժարվել էր Փաշինանի «թրի տակով անցնել»՝ ի տարբերություն ժամանակին վերջինիս կողմից «թվանկարչության անգերազանցելի վարպետ» հռչակված Տիգրան Մուկուչյանի կամ Դավթյանի, որոնց կարևոր դերակատարությունը «նոր Հայաստանի» կերտման գործում իսկապես դժվար է թերագնահատել:

 

Երկրում սահմանդրական կարգի պահպանման, Սահմանադրությանը հակասող նախագծերի, օրենքների ու նախաձեռնությունների  ընդունումը բացառող Սահմանադրական դատարան Նիկոլ Փաշինյանին հարկավոր չէ: Իշխանություններին պետք է «հեռախոսային իրավունքի» ուժով առաջնորդվող, միանգամայն կառավարելի, նորհայաստանյան իրողությունների հետ լիովին ներդաշնակվող մի մարմին, որի բանուգործի անունը դառնալու է մեկը՝ անտրտունջ «դակել» վերևից իջած որոշումներն ու ավելորդ հարցեր չտալ: Իսկ Հրայր Թովմասյանը չի տեղավորվում այդ ստանդատների սահմաններում և, իսկապես, այդ իմաստով անհամատելի է մուկուչյանների կամ դավթյանների հետ, և ուրեմն՝ պետք է հեռացվի ցանկացած գնով:

Նյութի աղբյուր`ԹԵՐԹ․am

Կարճ հասցե: javakhq.info/u/8117.html

Վերջին Լուրեր

1 2 3 4 5 >
Ամբողջը` 5838 : Ցուցադրված է` 1 - 15 :