«Յուրաքանչյուր տեղամասում «ՈՉ»-ն ունի 5 ներկայացուցիչ, իսկ «ԱՅՈ»-ն՝ 2». ՀԱԿ-ը՝ հանրաքվեի կազմակերպման վերաբերյալ

«Յուրաքանչյուր տեղամասում «ՈՉ»-ն ունի 5 ներկայացուցիչ, իսկ «ԱՅՈ»-ն՝ 2». ՀԱԿ-ը՝ հանրաքվեի կազմակերպման վերաբերյալ

«Հայ ազգային կոնգրես» կուսակցությունը հայտարարություն է տարածել 2020-ի ապրիլի 5-ին նշանակված սահմանադրական հանրաքվեի կազմակերպման վերաբերյալ։ Հայտարարությունում ասվում է.

 

«2020թ. ապրիլի 5-ին նշանակված Հանրաքվեի տեղամասային ընտրական հանձնաժողովների (այսուհետ` ՏԸՀ) ձեւավորման գործընթացը բացահայտեց Հանրաքվեի կազմակերպման գործում իշխանությունների կողմից թույլ տրված բազմաթիվ թերություններ եւ ձախողումներ։

 

Հասարակական բուռն քննարկումների եւ դժգոհության առիթ է դարձել, մասնավորապես, որ ՏԸՀ կազմերը գերազանցապես համալրված են նախկին ռեժիմին ընտրակեղծարարության բազմաթիվ ծառայություններ մատուցած անձանցով:

 

Հայ Ազգային Կոնգրեսը կարծում է, որ նման իրողության գլխավոր պատճառը հետհեղափոխական ժամանակաշրջանում ժողովրդավարական ընտրական ինստիտուտների արմատական վերակառուցման գործում իշխանությունների դրսեւորած դանդաղկոտությունն է, անհետեւողականությունն ու անվճռականությունը։

 

2018-ի հունիսին կառավարության նախաձեռնած Ընտրական օրենսգրքի փոփոխությունները ձախողվել են, իսկ հետագայում, հակառակ 2018-ի Ազգային ժողովի ընտրություններից հետո խնդիրը արագորեն լուծելու խոստումների, չեն ստացել շարունակություն։ Չնայած 2018-ի օգոստոսին հանրաքվեի ինստիտուտի ուժեղացումը հռչակվել էր որպես հեղափոխության «երկրորդ ալիքի հիմնական նպատակ», Հանրաքվեի մասին օրենքում 2018թ.-ի հոկտեմբերին կատարված փոփոխությունները կրեցին սոսկ կոսմետիկ բնույթ:

 

Ինստիտուցիոնալ բարեփոխումների դանդաղումը, այդ թվում` ընտրական հանձնաժողովների ձեւավորման կարգի եւ կազմերի փոփոխություններ չկատարելը, հանգեցրեցին անմխիթար իրավիճակի․ ժողովրդավարության պաշտպանության գործն ըստ էության հանձնված է նախկին ռեժիմի ընտրական հանցագործությունները սպասարկելու գործում  հմտացած տիգրանմուկուչյանական Կենտրոնական եւ Տարածքային ընտրական հանձնաժողովներում դեռ տարիներ առաջ նշանակված անձանց ձեռքը: Այդպես էլ չլուծվեցին ընտրական ցուցակները մաքրելու եւ բազմաթիվ ապացույցներով բացահայտված ընտրակեղծարարներին քրեական պատասխանատվության ենթարկելու հարցերը։

 

Ընտրական հանձնաժողովներում այսօր «ՈՉ»-ի ճամբարում միավորված եւ ընտրակեղծարարության գործում մասնագիտացած ուժերի ներկայացուցիչները ջախջախիչ առավելություն են ստացել ընտրակեղծարարության դեմ տասնյակ տարիներ պայքարած ուժերի ներկայացուցիչների նկատմամբ։ Այսինքն` յուրաքանչյուր տեղամասում «ՈՉ»-ն ունի 5 ներկայացուցիչ, իսկ «ԱՅՈ»-ն՝  2: Իրավիճակն առավել մտահոգիչ է դարձնում այն հանգամանքը, որ, ըստ տարբեր վերլուծաբանների գնահատականների, նախկինում ընտրակեղծարարությանն առնչված եւ այժմ ՏԸՀ կազմերում ընդգրկված ավելի քան 500 անձինք առաջադրվել են «ԱՅՈ»-ի շտաբի կողմից:

 

Կոնգրեսը` որպես “ԱՅՈ”-ի կողմնակից կուսակցություն, կոչ է անում “ԱՅՈ”-ի շտաբին, հասարակության մտահոգությունները փարատելու նպատակով, շտապ միջոցներ ձեռնարկել կազմակերպական բացթողումները շտկելու ուղղությամբ, հատուկ ուշադրության տակ պահելով տարածքային շտաբների գործունեությունը: Խնդիրն առավել քան լուրջ է, ինչը պահանջում է «ԱՅՈ»-ի  շտաբի եւ ԿԸՀ-ի գործուն միջամտությունը՝ ընտրական հանձնաժողովներում «ԱՅՈ»-ի եւ «ՈՉ»-ի հավասար ներկայացվածությունն ապահովելու համար»։

Նյութի աղբյուր` NEWS.am

Կարճ հասցե: javakhq.info/u/8056.html

Վերջին Լուրեր

1 2 3 4 5 >
Ամբողջը` 5838 : Ցուցադրված է` 1 - 15 :