Կարող է հիմա էլ ասեն` տեսակցեք, բայց չզրուցեք կասկածյալի կամ մեղադրյալի հետ. Սերգեյ Բագրատյանը՝ պահման վայրերում պատգամավորների` տեսակցելու թույլտվության մասին

Կարող է հիմա էլ ասեն` տեսակցեք, բայց չզրուցեք կասկածյալի կամ մեղադրյալի հետ. Սերգեյ Բագրատյանը՝ պահման վայրերում պատգամավորների` տեսակցելու թույլտվության մասին

«Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանն այսօր Ազգային ժողովում «Ձերբակալված և կալանավորված անձանց պահելու մասին ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին» հարցը քննարկելու ժամանակ զարմանք հայտնեց, որ պատգամավորին քրեակատարողական հիմնարկ մուտք գործել թույլատրում են, քանի որ դա օրենքի պահանջն է, սակայն ՔԿՀ-ում պահվող անձին տեսակցել թույլ չեն տալիս:

 

Նշենք, որ Ազգային ժողովում «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Տարոն Սիմոնյանը ներկայացրեց «Ձերբակալված և կալանավորված անձանց պահելու մասին ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին» որոշման նախագիծը, որով առաջարկվում է պահման վայրեր այցելելու հնարավորությունը նշելուց բացի, հստակ նշվի տեսակցելու հնարավորությունը, քանի որ իրավակիրառ պրակտիկայում պատգամավորները խնդիրների են հանդիպում. հիմնարկների ղեկավարությունը թույլ է տալիս մտնել հիմնարկ, սակայն չի թույլատրում շփվել` պատճառաբանելով, որ հոդվածում միայն մուտքի ու ելքի մասին է նշված:

 

Սերգեյ Բագրատյանը հարց բարձրացրեց, թե արդյոք անհրաժեշտ չէ, օրենքն ավելի հստակեցնել:

 

«Կարող է հիմա էլ ասեն` տեսակցեցիք, բայց չզրուցեք իրար հետ: Գուցե հստակեցնող նորմեր գրենք, որ իրավունք ունի մեկ ժամ տեսակցելու, զրուցելու, քննարկելու: Իսկապես, զավեշտալի է, բայց հաճախ եվրոպացիներին առանձին հարցերում ասում ենք, որ շատ մանրակրկիտ են ներկայացվում, բայց այդ մանրակրկիտությունը փորձից է եկել, հիշում եք, որ ասում էին այդ պլաստմասե բաժակը չի կարելի ուտել»,-ասաց նա:

 

Զեկուցող Տարոն Սիմոնյանը նշեց, որ մեր երկրում ողջամտությունն է իրավունքի նորմերի մեկնաբանության հիմքում: Նա նշեց, որ կառավարությունը դեմ է իրենց առաջարկին, քանի որ տեսակցելը հատուկ ռեժիմ է: Չնայած դրան՝ նա ասաց, որ հասկանում է կառավարությանը, քանի որ տեսակցելու իրավունքը կենսագործելու համար հավելյալ աշխատանք է պահանջում:

 

Նշենք, որ նախագծին ԱԺ պետաիրավական հանձնաժողովը դեմ է քվեարկել, որ այն մտնի ԱԺ օրակարգ: «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Նիկոլայ Բաղդասարյանը պարզաբանեց, որ հարցն այն է, որ դատապարտյալների դեպքում որևէ վերապահում չկա, և իրենք խնդիր չունեն օրինական ուժի մեջ մտած դատական ակտ ունեցողներին տեսակցելու թույլտվություն տալու մեջ: «Խնդիրն այն է, որ այդ անձինք տեսակցեն կասկածյալի և մեղադրյալի հետ»,-ասաց նա:

 

Ամեն դեպքում պատգամավորը կոչ արեց առաջին ընթերցման ժամանակ կողմ քվեարկել, փոփոխությունների վերաբերյալ բանակցել և ընդունել իրենց առաջարկները:

Նյութի աղբյուր`ԹԵՐԹ․am

Կարճ հասցե: javakhq.info/u/8007.html

Վերջին Լուրեր

1 2 3 4 5 >
Ամբողջը` 5838 : Ցուցադրված է` 1 - 15 :