ՀԱՊԿ գագաթնաժողովը նախատեսվում է անցկացնել տարվա վերջին Մոսկվայում

ՀԱՊԿ գագաթնաժողովը նախատեսվում է անցկացնել տարվա վերջին Մոսկվայում

Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության գագաթնաժողովը նախատեսվում է անցկացնել Մոսկվայում այս տարվա վերջին: Այս մասին այսօր լրագրողներին հայտնել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը, փոխանցում է ԲԵԼՏԱ-ն:

 

«Այժմ համաձայնեցվում է ամսաթիվը: Այս տարի ՀԱՊԿ-ում նախագահում է Ռուսաստանի Դաշնությունը, ուստի պետությունների ղեկավարների գագաթնաժողով այնտեղ կանցկացվի: Ամենայն հավանականությամբ, դեկտեմբերին Մոսկվայում»,- ասաց Գլխավոր քարտուղարը:

 

Այսօր Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հանդիպեց ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի հետ: Կողմերը քննարկել են ՀԱՊԿ-ի աշխատանքի տարբեր ոլորտներ, այդ թվում նաեւ` արտաքին քաղաքական գործունեությունը, կազմակերպությանը գործընկերոջ եւ դիտորդի կարգավիճակ շնորհելու բելառուսական նախաձեռնության իրականացումը:

Եւս մեկ հարց, որ քննարկել են Ալեքսանդր Լուկաշենկոն եւ Ստանիսլավ Զասը, վերաբերում է ՀԱՊԿ երկրների միջեւ ռազմատնտեսական համագործակցության արդյունավետության բարելավմանը: Մարտին Երեւանում կանցկացվի ռազմական տեխնիկայի եւ սպառազինությունների ցուցահանդես, որտեղ կազմակերպության անդամ երկրների ներկայացուցիչները նախատեսում են մանրամասն քննարկել այս թեման: «Մենք պետք է աշխատենք ՀԱՊԿ պետությունների հետ, որպեսզի վերացնենք այն խնդիրները, որոնք առկա են ռազմատնտեսական համագործակցության ոլորտում: Դրանք բավականին շատ են»,- նշեց կազմակերպության գլխավոր քարտուղարը:

 

ՀԱՊԿ երկրներն այս տարի մի շարք համատեղ միջոցառումներ կանցկացնեն` հավաքական անվտանգության մարտահրավերների եւ սպառնալիքների դեմ պայքարին խթան հաղորդելու նպատակով: Դրանց շարքում է արդեն ավանդական դարձած «Ալիք» թմրանյութերի դեմ պայքարի օպերացիան: Այն կանցկացվի երկու փուլով. ուժայինները ծրագրում են փակել Աֆղանստանից թմրանյութերի մատակարարման «հյուսիսային երթուղին» եւ միջոցներ ձեռնարկել սինթետիկ թմրանյութերի տարածման դեմ պայքարի ուղղությամբ: Շտաբեր կտեղակայվեն Դուշանբեում եւ Սանկտ Պետերբուրգում: Բացի այդ, նախատեսվում են ապօրինի միգրացիայի կանխման եւ «Պրոքսի» տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում հանցագործությունների դեմ պայքարի օպերացիաները:

 

Մի քանի այլ զորավարժություն է նախատեսված կառավարման մարմինների համատեղ վերապատրաստման եւ հավաքական անվտանգության համակարգի ուժերի եւ միջոցների ձեւավորման համար: Հայաստանում կանցկացվի «Փոխազդեցություն» հրամանատարաշտաբային զորավարժությունը, «Որոնում» հատուկ զորավարժությունը  հետախուզության ուժերի եւ միջոցների հետ եւ «Էշելոն» զորավարժությունը ՀԱՊԿ Հավաքական ուժերի նյութական եւ տեխնիկական ապահովության ուժերի եւ միջոցներով: Ղրղզստանը կընդունի Կենտրոնական Ասիայի տարածաշրջանի «Սահմանագիծ» արագ տեղակայման զորքերի հավաքական ուժերի զորավարժությունները, իսկ Բելառուսը` «Անխախտ եղբայրություն» հրամանատարաշտաբային զորավարժությունը ՀԱՊԿ խաղաղապահ ուժերի հետ: Կանցկացվի նաեւ հատուկ զորավարժություն Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ստորաբաժանումների հետ եւ «Կոբալտ» հատուկ մարտավարական զորավարժությունը՝ հատուկ նշանակության ուժերի հետ:

 

 Նյութի աղբյուր` NEWS.am

Կարճ հասցե: javakhq.info/u/7982.html

Վերջին Լուրեր

1 2 3 4 5 >
Ամբողջը` 5838 : Ցուցադրված է` 1 - 15 :