Օրենսդիր, գործադիր եւ դատական իշխանությունների ներկայացուցիչները քննարկել են դատաիրավական բարեփոխումների օրակարգը

Օրենսդիր, գործադիր եւ դատական իշխանությունների ներկայացուցիչները քննարկել են դատաիրավական բարեփոխումների օրակարգը

Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանի գլխավորությամբ փետրվարի 29-ին Ծաղկաձորում օրենսդիր, գործադիր եւ դատական իշխանությունների ներկայացուցիչների մասնակցությամբ տեղի է ունեցել աշխատաժողով՝ «Արդարադատության արդյունավետության բարձրացումը դատական եւ իրավական բարեփոխումների համատեքստում» թեմայով: Միջոցառումը կազմակերպել էր Արդարադատության նախարարության «Օրենսդրության զարգացման եւ իրավական հետազոտությունների կենտրոն» հիմնադրամը՝ ԱՄՆ ՄԶԳ աջակցությամբ:

 

Աշխատաժողովին մասնակցել են նաեւ Արցախի Հանրապետության արդարադատության նախարար Արարատ Դանիելյանը, ԱԺ պետական իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանը, Արդարադատության ակադեմիայի ռեկտոր Սերգեյ Առաքելյանը, Բարձրագույն դատական խորհրդի նախագահ Ռուբեն Վարդազարյանը, Վճռաբեկ դատարանի նախագահ Երվանդ Խունդկարյանը, Վճռաբեկ դատարանի քաղաքացիական եւ վարչական պալատի նախագահ Ռուզաննա Հակոբյանը, Վճռաբեկ դատարանի քրեական պալատի  նախագահ Լիլիթ Թադեւոսյանը, Վերաքննիչ քաղաքացիական դատարանի նախագահ Արսեն Մկրտչյանը, Վերաքննիչ վարչական դատարանի նախագահ Հովսեփ Բեդեւյանը, Վարչական դատարանի նախագահ Աղասի Դարբինյանը, Սնանկության դատարանի նախագահ Գարիկ Ավագյանը, ԲԴԽ անդամներ, Առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանների դատավորներ, այլք:

 

Նախարար Բադասյանը ողջունել է բոլորին, մաղթել արդյունավետ քննարկում եւ ընդգծել, որ Կառավարության առաջնահերթությունն իրապես անկախ, անաչառ եւ արդյունավետ գործող դատական իշխանության ձեւավորումն է, որի համար գործադիրը, իր լիազորությունների շրջանակում, կանի առավելագույնը:

 

Արդարադատության նախարարի առաջին տեղակալ Ռաֆիկ Գրիգորյանը եւ նախարարի խորհրդական Դավիթ Գասպարյանը աշխատաժողովի մասնակիցներին ներկայացրել են էլեկտրոնային արդարադատության ներդրման ուղղությունները եւ ընդգծել, որ գործընթացի վերջնարդյունքում միավորվելու են արդարադատության մարմիններում գործող բոլոր էլեկտրոնային համակարգերը եւ էլեկտրոնային շտեմարանները, արդիականացվելու են դատարաններում գործող էլեկտրոնային կառավարման համակարգերը, ներդրվելու են դատավորների հավակնորդների հոգեբանական թեստավորման եւ  փաստաթղթաշրջանառության էլեկտրոնային համակարգեր, ինչպես նաեւ կատարելագործվելու է դատական գործերի էլեկտրոնային մակագրության եւ բաշխման համակարգը: 

 

Նախարարի խորհրդական Հասմիկ Սարդարյանը եւ Հիմնադրամի տնօրենի տեղակալ Լիլիթ Պետրոսյանը համապատասխանաբար անդրադարձել են վարչական դատավարությունում գրավոր ընթացակարգով  գործերի քննության ինստիտուտի ներդրման եւ Վճռաբեկ դատարանում վարչական պալատի ստեղծման անհրաժեշտությանը, իսկ Բարձրագույն դատական խորհրդի անդամ Անի Մխիթարյանը քննարկման է ներկայացրել կատարողական թերթ տրամադրելու անհրաժեշտության վերացման նպատակահարմարությունն ու հնարավորությունները:

 

Աշխատաժողովի ընթացքում Ռաֆիկ Գրիգորյանը, Արդարադատության ակադեմիայի պրոռեկտոր Անահիտ Մանասյանը եւ Հիմնադրամի տնօրեն Տիգրան Դադունցը համապատասխանաբար անդրադարձել են դատավորների թվաքանակի եւ վարձատրության, դատավորների օգնականների թվաքանակի եւ վարձատրության ավելացման հնարավորություններին, կարիքների գնահատման համատեքստում դատավորների վերապատրաստման ծրագրերի վերանայմանն ու վեճերի լուծման այլընտրանքային միջոցների զարգացման հեռանկարներին:

 

Բոլոր թեմաների առնչությամբ տեղի է ունեցել հարցուպատասխան, Բարձրագույն դատական խորհրդի անդամներն ու դատավորներն իրենց կարծիքն ու լուծման տարբերակներն են ներկայացրել քննարկվող հարցերի վերաբերյալ:

 

Աշխատաժողովի ավարտին պայմանավորվածություն է ձեռք բերվել նման ձեւաչափով քննարկումները դարձնել հաճախակի:

 

Նյութի աղբյուր` NEWS.am

Կարճ հասցե: javakhq.info/u/7754.html

Վերջին Լուրեր

1 2 3 4 5 >
Ամբողջը` 5838 : Ցուցադրված է` 1 - 15 :