«Միջազգային հանրությունից, ՄԽ համանախագահներից արտաքին ճնշումների առումով Փաշինյանին ձեռնտու կլինի Արցախի ղեկավարության կազմում Վիտալի Բալասանյանի լինելը». Տիգրան Քոչարյան

«Միջազգային հանրությունից, ՄԽ համանախագահներից արտաքին ճնշումների առումով Փաշինյանին ձեռնտու կլինի Արցախի ղեկավարության կազմում Վիտալի Բալասանյանի լինելը». Տիգրան Քոչարյան

Որքանո՞վ կարելի է Արցախի 2020-ի նախագահական ընտրությունները նախորդների համեմատ համարել պակաս կանխատեսելի: 168.am-ն այս և Արցախում սպասվելիք ընտրություններին առնչվող այլ հարցերի շուրջ զրուցել է մեդիափորձագետ Տիգրան Քոչարյանի հետ:

 

– Այս տարի մի փոքր ավելի շատ ինտրիգ կա, բայց ասել, որ նախորդ տարիներին ամեն ինչ կանխատեսված էր, մի փոքր բարդ է, որովհետև և՛ Վիտալի Բալասանյանի, և՛ Մասիս Մայիլյանի պարագայում բավականին աշխույժ էին ընտրությունները, և այնպես չէր, որ Բակո Սահակյանը 90 տոկոս ձայն էր հավաքում, իսկ մնացածները`1-2: Այս տարի, ի վերջո, Արցախի Սահմանադրությունն է փոխվել, ապրիլյան հեղափոխություն է եղել ՀՀ-ում, այլ գործոններ սկսեցին ազդել ընտրությունների վրա, և մենք կարող ենք տեսնել, որ Արցախում բավականին հետաքրքիր պայքար է սպասվում: Այնքանով են անկանխատեսելի, որ դեռևս պարզ չէ, թե նախագահական ընտրությունների երկրորդ փուլն ինչով կավարտվի:

 

– Կարծում եք` երկրորդ փուլ կլինի՞:

 

– Իմ կարծիքով, երկրորդ փուլ հաստատ կլինի, մոտավորապես պարզ է, թե ովքեր կլինեն երկրորդ փուլում: Իհարկե, անակնկալներ կարող է լինեն:

 

– Մի քանի օր է` մեկնարկել է Արցախի նախագահի թեկնածուների, քաղաքական ուժերի քարոզարշավը, մինչ այդ էլ, ըստ էության, ոչ պաշտոնապես սկսել էին, ըստ Ձեզ՝ ո՞ր ուժերը կամ թեկնածուներն են այս շրջանակում գրագետ քաղաքական պահվածք դրսևորել և գրագետ քարոզարշավ վարում, որոնք են, որ սխալներ թույլ տվեցին քարոզարշավից առաջ և հետո:

 

– Քարոզարշավի էֆեկտները դեռևս չեն երևում, քանի որ նոր է սկսվել, իսկ նախաքարոզարշավային շրջանում շատ հետաքրքիր կոմբինացիաներ խաղարկվեցին, և մարդիկ հայտնվեցին ճամբարներում, որոնց դեպքում սպասելի էր, որ այլ ճամբարներից կլինեին, այսինքն` նման վերադասավորում գնաց: Սա առաջին հերթին, իհարկե, Մայիլյան-Բաբայան բլոկին է վերաբերում: Դա ոչ ոք չէր սպասում, անգամ` Արցախում, որովհետև զուտ մարդկային տեսակը, կերպարները հաշվի առնելով, տեսնում ենք` երկու բացարձակ տարբեր մարդիկ են. Մայիլյանը շատ ավելի արևմտամետ է, թող Սամվել Բաբայանը չնեղանա, բայց ավելի՝ քաղաքակիրթ, իսկ Բաբայանը ռազմական, հրամանատարական կերպար է, նման կեցվածքի տեր, և շատ բարդ է տեսնել, թե այդ համագործակցությունն ինչպես է լինելու հետագայում: Բայց քաղաքագիտական տեսանկյունից հետաքրքիր քայլ էր:

 

Իմ կարծիքով, Մասիս Մայիլյանի միավորվելը Բաբայանին մի նպատակ է հետապնդել` առնվազն հայտնվել երկրորդ փուլում: Ես, իհարկե, Մասիս Մայիլյանի շուրջ այլ բան էի տեսնում. իմ կարծիքով շատ ավելի հետաքրքիր կլիներ, եթե նա միավորվեր Դաշնակցության, Աշոտ Ղուլյանի ԱԺԿ-ի և այլ ուժերի հետ: Սա ավելի հասկանալի բլոկ կլիներ, որովհետև տիպաժները մոտավորապես նույնն են: Բայց քանի որ Մայիլյանը որոշեց, որ իր կողքին պիտի զինվորական լինի, իր որոշելիքն է, և ինքն էլ դրա տակից պիտի դուրս գա:

 

– Մասիս Մայիլյան-Սամվել Բաբայան բլոկից ո՞վ է շահելու, ով՝ վնասվելու, այսպես ասած:

 

– Գլոբալ առումով և՛ Մասիս Մայիլյանի, և՛ Սամվել Բաբայանի էլեկտորատն Արցախի ներկա իշխանություններից դժգոհ ընտրազանգվածն է, այստեղ հատումները շատ են: Իհարկե, չեմ կարող ասել, որ բոլոր դժգոհները ձայն առանձին վերցրած ձայն կտային Սամվել Բաբայանին և Մասիս Մայիլյանին, բայց այստեղ մի մեծ զանգված հատվում է, և որևէ նոր ձայն Մասիս Մայիլյանը ձեռք չի բերում գլոբալ առումով:

 

Եթե Մասիս Մայիլյանը միավորվեր, օրինակ, Աշոտ Ղուլյանի հետ, ձայների քանակը կարող էր ավելի շատ լիներ ընդհանուր առմամբ, իսկ այստեղ իրենք փորձում են կենտրոնացնել ամբողջ դժգոհ զանգվածի ձայները: Եվ արդեն այստեղ ընտրություններից հետո պետք է երևա՝ Արցախի բնակչության ո՞ր զանգվածն է եղել դժգոհ ներկա իշխանություներից, կոպիտ ասած, որքան է եղել Բակո Սահակյանի «անտի-ռեյտինգը»:

 

Երրորդ տեղում, իմ կարծիքով, կլինի Վիտալի Բալասանյանը: Նախորդ հարցին վերադառնալով ասեմ` Բալասանյանը սկզբում որոշ ձայներ կորցրեց, որովհետև նրա հռետորիկան սկզբում շատ կտրուկ էր, քան պետք էր, ինչն իր դեմ տրամադրեց նաև այն մարդկանց, որոնք իր հանդեպ որոշակի համակրանք ունեին, որովհետև Արցախում սուբորդինացիայի գաղափար կա. մարդիկ Հայաստանի ղեկավարին այսպես, թե այնպես ընդունում են նաև որպես Արցախի ղեկավար, և երբ տեսան այդ սուբորդինացիայի կորուստը, իրենք մի փոքր անհասկանալի իրավիճակում գտնվեցին և այդ զանգվածը վախեցավ կամ մինչև հիմա վախենում է կանգնել Բալասանյանի կողքը:

 

Իհարկե, հիմա Վիտալի Բալասանյանը փոխել է իր հռետորաբանությունը, դարձել շատ ավելի պրոդուկտիվ, հայեցակարգային, և հիմա իր և իր թիմի աշխատանքից է կախված, թե որքանով կկարողանա այդ ընտրազանգվածը հետ բերել: Գլոբալ առումով մանևրելու համար Փաշինյանին ձեռնտու կլինի Վիտալի Բալասանյանին կամ նրա նման մարդուն Արցախի ղեկավարության կազմում լինելը, որ եթե միջազգային հանրության, ՄԽ համանախագահներից ճնշումներ լինեն, նա կարողանա այդ հանգամանքը, կապը խաղացնել:

 

Այլապես մարդը, որը պիտի լինի Նիկոլ Փաշինյանի կամակատարը, այս դեպքում գուցե ներքին կառավարման մեջ Փաշինյանին հեշտ լինի, բայց արտաքինի դեպքում ճնշում բանեցնելով Փաշինյանի վրա, ավտոմատ կերպով ճնշում կբանեցնեն այն մարդու վրա, որն անմիջականորեն ենթարկվում է իրեն:

 

Ինչ վերաբերում է Արայիկ Հարությունյանին, նա ներկայում և՛ ռեսուրսներով, և՛ պատգամավորական մանդատների թվով, և՛ ադմինիստրատիվ ռեսուրսներով Արցախի ամենախոշոր քաղաքական ուժն է ներկայացնում, ուստի Արայիկ Հարությունյանը հաստատ կհայտնվի երկրորդ փուլում, և այստեղ հարց է առաջանում` երկրորդ փուլում կհայտնվի Մայիլյան-Բաբայա՞ն զույգը, թե՞ Վիտալի Բալասանյանը, թե՞ գուցե Աշոտ Ղուլյանը կկարողանա: Ամեն դեպքում, մենք գալու ենք երկրորդ փուլի, որտեղ երկրորդ փուլից դուրս մնացած ուժերն իրենց տոկոսային քանակով՝ մոտ 20-25 տոկոս, կարող են յուրաքանչյուր թեկնածուին տալ:

 

Առաջին երեք ուժն եմ ասում՝ Վիտալի Բալասանյանի դաշինք, ԱԺԿ, Դաշնակցություն: Այսինքն՝ կախված է լինելու, թե ում կմիանան նրանք, ում հետ լեզու կգտնեն: Իմ կարծիքով, առաջին քվեարկության ժամանակ, երբ ներքին արդյունքը երևա, կսկսվի երկրորդ փուլին նախապատրաստությունը: Իսկ խորհրդարանական ընտրությունների մասով կարող եմ ասել, որ մեծամասնություն կլինի Արայիկ Հարությունյանի ուժը, իհարկե, ոչ բացարձակ, մնացածը՝ չեմ կարող ասել, քիչ մանդատով, բայց Դաշնակցությունը կմտնի խորհրդարան:

 

Լավ տարբերակ կլիներ՝ եթե նախագահը և պառլամենտի մեծամասնությունը լինեին տարբեր քաղաքական ուժերից: Սա լավ կլիներ և՛ հավասարակշռության առումով, և՛ Արցախի՝ որպես ժողովրդավարական երկիր ներկայանալու կամ ներկայացնելու: Բայց նաև պետք է հաշվի առնել, որ հնարավոր է Արցախում զարգանա երրորդ սցենարը. ինչ-որ մի կողմ, դժգոհ մնալով, փորձի հրահրել փողոցային բախումներ, իսկ Արցախի պարագայում դա շատ հեշտ է, որովհետև եթե 50 մարդ մի փողոց փակի, դա արդեն երևացող է, Ստեփանակերտը շատ փոքր քաղաք է: Այս լարումը կարող է լինել: Ներկա իշխանության, նաև՝ ՀՀ-ում Փաշինյանի անելիքը պիտի լինի այն, որ ժողովրդի կամարտահայտությունը լինի վերջնական և որոշիչ, իսկ ով էլ պարտվի, ընդունի այդ պարտությունը և աշխատի ի շահ Արցախի:

 

Կհաղթի Մայիլյանը, Արայիկ Հարությունյանը, Վիտալի Բալասանյանը, թե մեկ ուրիշը, այդ արդյունքը պիտի արձանագրել, և վերադասավորումներն անել արդեն ըստ այդ արձանագրված արդյունքների:

 

Հակառակ դեպքում՝ եթե վաղն ինչ-որ մի թեկնածու մի քանի հոգու հանի փողոց կամ փորձեն մտնել նախագահական, դա կլինի ամենավատ բանը, որը կտեսնենք Արցախի դեպքում: Ըստ այդմ՝ առաջին փուլից հետո բոլոր թեկնածուները՝ անցած, թե չանցած, պիտի մի սեղանի շուրջ հավաքվեն և պայմանավորվեն, որ ամեն պարագայում ընդունելու են այն իրողությունը, որը կձևավորվի ընտրություններից հետո, և Արցախի ժողովրդի ձայնը կլինի վերջնական և որոշիչ: Հետո գուցե այլ կոմբինացիաներ լինեն. երկրորդ բլոկից հաղթածների գուցե հետո առաջարկեն վարչապետի կամ ԱԺ նախագահի թեկնածու, դա արդեն իրենց մեջ պիտի որոշեն: Արցախը մի փոքր ուրիշ է, և այն, ինչ կարելի է անել ՀՀ-ում, չի կարելի անել Արցախում:

 

– Ժամանակին Արցախում ցույցերի միտված չէին, հիմա իրավիճակ է փոխվել փաստորեն:

 

– Դե իրավիճակ է փոխվել ՀՀ-ում, և այդ «բացիլը» եկել է նաև Արցախ. մարդիկ տեսնում են, որ Մայր Հայաստանում կարելի է փողոց փակելով հարց լուծել, ինչ-որ բանի հասնել, այստեղ էլ են փորձում: Բայց Արցախում այլ մեխանիզմ է` դիրքը, տնտեսության կառուցվածքը, բանակայինների խոշոր ներգրավվածությունն Արցախի կյանքում, և այս ամենը հաշվի առնելով, կրկնում եմ` Արցախում ցանկացած ցնցում ավելի վատ կարող է անդրադառնալ ՀՀ-ի և Արցախի վրա, քան ՀՀ-ում լինելու դեպքում, քանի որ ՀՀ-ում ցնցումները «մարելու» գործիքներ կան, ինչը չկա Արցախում: Կան մարդիկ Արցախում, որ ասում են՝ մենք էլ ենք ուզում ապրել ժողովրդավարական, բայց չեն հասկանում, որ այնտեղ լրիվ այլ կառուցվածք է, և շատ հարցեր պիտի կոնսենսուսով լուծվի, չպետք է փորձեն Արցախից կամ ՀՀ-ից ինչ-որ ուժեր ճոճել տեղի իրավիճակը, որովհետև վերջաբանը շատ ավելի վատը կարող է լինել, քան այլ պետության դեպքում:

 

– ՀՀ-ի դեպքում ընտրությունների ժամանակ միշտ լսել ենք՝ չկա գաղափարական, ծրագրային պայքար, այլ գնում է անձերի պայքար: Արցախում նո՞ւյն է, մարդիկ դարձյալ ընտրությունն անձերի մի՞ջև են կատարելու:

 

– Վերջերս Արցախում էի և չզգացի, որ ծրագրին են նայում, այլ դարձյալ անձ, անձի կատարած գործեր, շատ խառը իրավիճակ է, քանի որ Արցախի նախագահի թեկնածուների մեծ մասը եղել է իշխանության մեջ, իսկ երկիրը շատ փոքր է, և նույնիսկ ամենախոշոր ընդդիմադիրներից մեկը բանակի համար ցորեն է վաճառում, կառավարությունից արտոնյալ վարկեր ստանում:

 

Արցախի նախագահի թեկնածուների շարքում հիմնական «խաղացողներն» իշխանության մեջ են եղել, կան, այդ թվում` Մասիս Մայիլյանը: Եվ այս դեպքում ասել՝ հներ կամ նախկիններ, շատ բարդ է, որովհետև Արցախում բոլորը նախկին են, ներկա և լինելու են ապագա: Այսինքն՝ եթե ՀՀ-ում կարելի է խոսել թալանչիներից, նախկին ռեժիմից, Արցախում հիմա եթե դրանից խոսեն, կարող է իրար բռնեն և պրծնեն: Բոլորն էլ ինչ-որ ձևով ունեն ռազմական, տնտեսական, քաղաքական անցյալ, և մի քիչ զավեշտալի կլինի, եթե ինչ-որ մեկը մյուսին մեղադրի նախկին լինելու մեջ:

 

Կրկնում եմ՝ Փաշինյանի խոսքերով ասած, ընտրությունների արդյունքները պիտի ընդունելի լինեն Արցախի և ՀՀ-ի ժողովրդի համար, այսինքն՝ ժողովուրդն այսպես է ցանկացել, և արդեն իրավիճակից ելնելով պիտի հասկանալ` ոնց շարժվել: Խորհուրդս ՀՀ իշխանություններին, բոլոր այն ուժերին, որոնք ինչ-որ լծակներ ունեն, ընդունեն Արցախի ընտրությունների արդյունքները, այնպիսին, ինչպիսին կլինեն:

Նյութի աղբյուր`168.am

Կարճ հասցե: javakhq.info/u/7733.html

Վերջին Լուրեր

1 2 3 4 5 >
Ամբողջը` 5838 : Ցուցադրված է` 1 - 15 :