ՀԱՊԿ-ի աջակցությունը՝ Հայաստանին. Երևանը փորձում է չխախտել հավասարակշռությունը

ՀԱՊԿ-ի աջակցությունը՝ Հայաստանին. Երևանը փորձում է չխախտել հավասարակշռությունը

Փետրվարի 27-ին աշխատանքային այցով Հայաստան է ժամանել ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը: Երկօրյա այցի ընթացքում ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը բանակցություններ կանցկացնի Հայաստանի ռազմաքաղաքական ղեկավարության հետ: Զասի այցի ֆոնին անցկացվել է նաև «ՀԱՊԿ–ի դերը Կովկասյան տարածաշրջանում անվտանգության ապահովման հարցում» թեմայով կլոր սեղան:

 

 

ՌԴ դեսպան Կոպիրկինը, խոսելով ՀԱՊԿ-ի ու հայ-ռուսական հարաբերութունների մասին, լրագրողների հետ զրույցում դրանք կարևորել է հատկապես հնարավոր էսկալացիայի զսպման տեսանկյունից: «ՀԱՊԿ-ը և հայ-ռուսական փոխգործակցությունը հնարավոր էսկալացիայի զսպման եւ կայունության ու խաղաղության ապահովման գործոն են. ՀԱՊԿ-ը բավական ծանրակշիռ անվտանգության բարձիկ է»,-մասնավորապես շեշտել էր Կոպիրկինը:

 

Զասի հայաստանյան այցը էական իրադարձություն պետք է համարել Մերձավոր Արևելքում ու անդրկովկասյան տարածաշրջանում ստեղծված իրավիճակի՝  հայ-ադրեջանական սահմանին օրերս արձանագրված լարվածության (փետրվարի 24-ին ադրբեջանական կողմի կրակոցից հայ զինծառայող էր վիրավորվել) և սիրիական հողում ռուս-թուրքական սրացման ֆոնին։ 

 

Էրդողանն օրերս հայտարարել էր Թուրքիայի՝ սիրիական հողում նոր ռազմական գործողություններ իրականացնելու ծրագրերի մասին, իսկ այսօր արդեն սիրիական Իդլիբում թուրքական ռազմական գործողությունների ընթացքում ավելի քան 30 թուրք զինծառայող է սպանվել, ևս 32-ը՝ վիրավորվել։ Էրդողանի խորհրդականը հայտարարել է, թե Անկարան դաժան վրեժ կլուծի Ռուսաստանից Իդլիբում ավիահարվածների համար։

 

Այս ամենին զուգահեռ՝ Թուրքիան փորձում է ռեվերանսներ անել նաև մեր տարածաշրջանում՝ Բաքվի հետ է՛լ ավելի խորացնելով ռազմատեխնիկական, տնտեսական համագործակցությունը՝ ժեստ, որ ոչ այլ ինչ է, քան տհաճ ակնարկ՝ Թուրքիայի հետ հարաբերություններ պարզել փորձող Հյուսիսին, և Էրդողանի՝ Բաքվում արած այն հայտարարությունը, թե Ղարաբաղի խնդիրը նաև Թուրքիայի խնդիրն է, այնքան էլ պատահական չէր, այն  յուրատեսակ շանտաժ էր Կրեմլին, որի թիրախը, սակայն, Իդլիբն էր՝ չնայած առաջին հայացքից կարող էր թվալ հերթապահ հաճոյախոսություն՝ Ալիևին:

 

Մոսկվան, իհարկե, հասկանում է Իդլիբից Անդրկովկասի ուղղությամբ բխող ռազմաքաղաքական վտանգի նրբերանգները: Ստեղծված իրավիճակում նրան այլ բան չի մնալու, քան ակտիվացնել ՀԱՊԿ-ը հենց կովկասյան ուղղությամբ՝ թիրախավորելով ոչ միայն Թուրքիան, որտեղից և բխում է հիմնական վտանգն, այլև, եթե հարկ լինի, Ադրբեջանը: Ճիշտ է՝ վերջինիս պարագայում Մոսկվան խաղադրույք է կատարել բյուզանդական դիվանագիտությանը բնորոշ հնարքի վրա՝ փորձելով սեփական գրկում խեղդել վտանգի աղբյուրը, Ալիևի հետ «լեզու գտնել», սակայն Մոսկվայում շատ լավ էլ հասկանում են, թե ում ու ինչի հետ գործ ունեն: Տարածաշրջանում միակ ու եզակի ռազմաքաղաքական դաշնակիցը Ռուսաստանի համար շարունակում է մնալ միայն Երևանը:

 

Միևնույն ժամանակ հետաքրքիր է այս օրերին ռուսական մամուլում  (և ոչ միայն) գլուխ բարձրացրած ադրբեջանական պրոպագանդայի խնդիրը, ինչին, փաստորեն, Կրեմլը կարծես չի հակազդում՝ թույլ տալով Ալիևին Փաշինյանի հետ մյունխենյան հանդիպումից հետո լիցքաթափվել հենց նման ձևով: Արդյոք Մոսկվայի նման պահվածքը պայմանավորված է Բաքվին չնեղացնելու ցանկությա՞մբ, թե՞ նաև ակնարկ է՝ հայաստանյան իշխանություններին: Բոլոր դեպքերում միանշանակ է, որ խորքային իմաստով ռուսական շահերից չի կարող բխել ստեղծված իրավիճակը, քանի որ ազգային ատելության, այլատյացության քարոզը որևիցե պարագայում չի կարող կառուցողական դիտարկվել, և այդ առումով Մոսկվան, թերևս, պակաս անհանգսանալու առիթ չունի, քան Հայաստանը, որը, ցավոք, չկարողացավ ըստ արժանվույն հակադարձել ազերիական  հակահայկական պրոպագանդային:

 

Միևնույն ժամանակ հետաքրքիր է, որ Զասի երևանյան այցին զուգահեռ պաշտոնական այցով Հայաստանում է գտնվում Վրաստանի պաշտպանության նախարար Իրակլի Ղարիբաշվիլին, որի ընթացքում ստորագրվել է ՀՀ ՊՆ և Վրաստանի ՊՆ միջև պաշտպանության ոլորտում երկկողմ համագործակցության 2020թ․ ծրագիրը: Ի դեպ՝ Վրաստանի պաշտպանության նախարարը հայտնել է, որ Հայաստանը Վրաստանում մասնակցելու է ՆԱՏՕ–ի «Noble Partner 2020» զորավարժություններին: Մեր երկիրը վերջին անգամ «Noble Partner» բազմազգ զորավարժություններին մասնակցել էին 2018 թվականի ամռանը։

 

Մերձավոր Արևելքում ստեղծված իրավիճակում Վրաստանը նույնպես ակնհայտորեն հայտնվել է Թուքիայի ուշադրության կենտրոնում (խոսք Բաթումը թիրախավորելու մասին է ), ինչը բնական մակարդակի է բարձրացնում հայ-վրացական դաշնակցային հարաբերությունները՝ մեծացնելով Հայաստանի պոտենցիալը՝ դիմակայելու թուրք-ադրբեջանական  տանդեմից բխող վտանգին, որի ճարակ է դարձել, փաստորեն, նաև մեր հյուսիսային հարևանը:

 

Անդրկովկասում կայանության ու անվտանգության հարատևության հարցն, անշուշտ, բազմաշերտ խնդիր է, և այստեղ կարիք է զգացվում առավելագույն համապարփակ մոտեցման,  ուժային կենտրոնների միջև հավասարակշռություն պահպանելու ունակության՝ դառնալու ոչ թե հակադրությունների, այլ համադրությունների հարթակ: Հայաստանը կարծես փորձում է  հենց այս ճանապարհով էլ գնալ՝ մի կողմից կասկածի տակ չդնելով հայ-ռուսական ու Հայաստան- ՀԱՊԿ հարաբերությունների որակը, մյուս կողմից՝ արևմտյան ռազմաքաղաքական բլոկի հետ նույնպես ջանալով կառուցողական երկխոսության մեջ գտնվել՝ առաջին հերթին «զինաթափելու» Ադրբեջանը:

 

Կստացվի՞ այդ անել, թե՞ ոչ՝ ահա հարցերի հարցը:

Նյութի աղբյուր`ԹԵՐԹ․am

Կարճ հասցե: javakhq.info/u/7660.html

Վերջին Լուրեր

1 2 3 4 5 >
Ամբողջը` 5838 : Ցուցադրված է` 1 - 15 :