«Չտեղափոխել սուտ մատնության խնդիրը լրատվամիջոցների դաշտ». մեկ տասնյակ ՀԿ-ների հայտարարությունը

«Չտեղափոխել սուտ մատնության խնդիրը լրատվամիջոցների դաշտ». մեկ տասնյակ ՀԿ-ների հայտարարությունը

Շուրջ մեկ տասնյակ լրագրողական կազմակերպություններ հանդես են եկել հայտարարությամբ, որտեղ իրենց մտահոգություններն են արտահայտել Քրեական օրենսգրքի նոր նախագծի վերաբերյալ:

 

Հայտարարությունում ասվում է.

 

«Արդարադատության նախարարությունը պաշտոնական e-draft.am կայքում տեղադրել է Քրեական օրենսգրքի նոր նախագիծ, որի մի շարք դրույթներ լուրջ մտահոգություն են առաջացրել լրագրողական շրջանակներում։ Մասնավորապես՝ սուտ մատնությանը վերաբերող 443-րդ հոդվածը քրեական պատասխանատվություն է նախատեսում ԶԼՄ-ներում հանցագործության դեպքի կամ անձի կողմից հանցանք կատարելու մասին սուտ տեղեկատվություն հրապարակելու համար՝ ընդհուպ մինչեւ ազատազրկում։

 

Մենք՝ ներքոստորագրյալ կազմակերպություններս, ի գիտություն ենք ընդունում նախարարության պարզաբանումն առ այն, որ սույնով նպատակ չի հետապնդվել թիրախավորել լրատվամիջոցներին ու լրագրողներին։ Այդուհանդերձ, հայտարարում ենք, որ սուտ մատնությունը որպես հանցանք ԶԼՄ-ների դաշտ տեղափոխելը նախկինում չկիրառված (գործող Քրեական օրենսգրքում այն բացակայում է) եւ այժմ որեւէ անհրաժեշտությամբ չպայմանավորված նորամուծություն է, որը կարող է լրջորեն վտանգել արտահայտվելու ազատությունն ու խոչընդոտել լրագրողական գործունեությունը։

 

Ավելին, դա նաեւ կկաշկանդի լրագրողական աղբյուրներին՝ հասարակական հետաքրքրություն ներկայացնող դեպքերի վերաբերյալ խորհրդապահական եղանակով արժեքավոր տեղեկություններ տրամադրելու հարցում։ Ի վերջո, եթե նույնիսկ լրատվամիջոցում հրապարակվում են հանցագործության դեպքի կամ անձի կողմից հանցանք կատարելու մասին սուտ տեղեկություններ, ապա այդ խնդիրը լիովին կարող է լուծվել քաղաքացիաիրավական կարգավորմամբ՝ զրպարտության համար պատասխանատվությամբ, այլ ոչ թե գործը հասցնելով քրեական հետապնդման ՝ ներառյալ ազատազրկման։

 

Հաշվի առնելով վերոգրյալը՝ մենք պահանջում ենք նախագծի հեղինակներից չտեղափոխել սուտ մատնության խնդիրը ԶԼՄ-ների դաշտ եւ 443-րդ հոդվածից հանել «․․․կամ զանգվածային լրատվության միջոցներում նույնաբովանդակ տեղեկատվության հրապարակումը» հատվածը։

 

ԽՈՍՔԻ ԱԶԱՏՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ԿՈՄԻՏԵ

 

ԵՐԵՎԱՆԻ ՄԱՄՈՒԼԻ ԱԿՈՒՄԲ

 

ՄԵԴԻԱ ՆԱԽԱՁԵՌՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԵՆՏՐՈՆ

 

ԼՐԱԳՐՈՂՆԵՐԻ «ԱՍՊԱՐԵԶ» ԱԿՈՒՄԲ

 

ԻՆՖՈՐՄԱՑԻԱՅԻ ԱԶԱՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆ

 

ԲԱԶՄԱԿՈՂՄԱՆԻ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԻՆՍՏԻՏՈՒՏ – ՀԱՅԱՍՏԱՆ

 

ՀԱՆՐԱՅԻՆ ԼՐԱԳՐՈՒԹՅԱՆ ԱԿՈՒՄԲ

 

«ԼՐԱԳՐՈՂՆԵՐ ՀԱՆՈՒՆ ԱՊԱԳԱՅԻ» ՀԿ

 

«ԼՐԱԳՐՈՂՆԵՐ ՀԱՆՈՒՆ ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ» ՀԿ

 

ԳՈՐԻՍԻ ՄԱՄՈՒԼԻ ԱԿՈՒՄԲ

 

«ԻՐԱՎՈՒՆՔԻ ԳԵՐԱԿԱՅՈՒԹՅՈՒՆ» ՀԿ

Նյութի աղբյուր`ԹԵՐԹ․am

Կարճ հասցե: javakhq.info/u/7626.html

Վերջին Լուրեր

1 2 3 4 5 >
Ամբողջը` 5838 : Ցուցադրված է` 1 - 15 :