«Ինձ չեն վախեցրել». Դատարանի դիմաց ուժեղացված հսկողություն է. Սերժ Սարգսյանն այսօր կգա

«Ինձ չեն վախեցրել». Դատարանի դիմաց ուժեղացված հսկողություն է. Սերժ Սարգսյանն այսօր կգա

«Ժողովուրդ» թերթը գրում է․ «Այսօր Ավան եւ Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում ուժեղացված հսկողություն է լինելու: Բանն այն է, որ դատարանում, Վահե Միսակյանի նախագահությամբ, սպասվում է պետական բյուջեից մոտ կես միլիարդ դրամի հափշտակություն կազմակերպելու համար մեղադրվող երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի գործով առաջին դատական նիստը:

 

Գործով կա ընդհանուր թվով 5 մեղադրյալ, այդ թվում՝ նախկին գյուղնախարար Սերգո Կարապետյանը եւ Սերժ Սարգսյանի մտերիմներից «Ֆլեշ» ընկերության սեփականատեր Բարսեղ Բեգլարյանը: Եվ ուժեղացված հսկողություն սահմանելու մասին որոշումը պատահական չէ, քանի որ Հանրապետական կուսակցության անդամները եւ նրանց աջակիցները որոշել են այսօր հավաքվել դատարանի դիմաց՝ սատարելու համար իրենց կուսակցության ղեկավարին:

 

«Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում ՀՀԿ մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովը նշեց. «Շատ մարդիկ են գալու դատարանի դիմաց, որպեսզի կանգնենք մեր կուսակցության ղեկավարի կողքին»: Հետաքրքիր զարգացումներ են տեղի ունենում նաեւ դատավոր Վահե Միսակյանի շուրջ:

 

«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ դատավոր Վահե Միսակյանը ցանկանում է ինքնաբացարկ հայտնել: Դատավորն այս առնչությամբ մեզ հետ զրույցում նշել էր. «Առհասարակ, ինձ ո՛չ վախեցրել են, ո՛չ վախեցնում են, ո՛չ էլ ինչ-որ բանից վախենում եմ: Ես որեւէ կաշկանդվելու պատճառ ո՛չ ունեմ, ո՛չ էլ որեւէ հանգամանք կա»:

 

Սակայն «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ երբ գործը մակագրվել է դատավոր Վահե Միսակյանին, վերջինս ասել է, որ չի ցանկանում այդ գործը քննել, իսկ նրան բացատրել են՝ համակարգիչը ընտրել է իրեն ,եւ այլ տարբերակ չունի, պետք է քննի: Այս իրավիճակը նաեւ ուշագրավ է նրանով, որ Հանրապետական կուսակցության անդամներն իրենց նախկինում անպարտելի էին համարում, Սերժ Սարգսյանին՝ անփոխարինելի:

 

«Իշխանությունը Մելիք-Ադամյանով» անցնելու մասին հայտարարություններով հպարտացող Սերժ Սարգսյանն այսօր պետք է ներկայանա դատարանին: Եվ եթե անգամ թավշյա հեղափոխությունը ոչինչ չտար, ապա այս տեսարանը բավական էր՝ ՀՀԿ-ի ամբարտավան կերպարը կոտրված տեսնելու համար»:

Նյութի աղբյուր` NEWS.am

Կարճ հասցե: javakhq.info/u/7356.html

Վերջին Լուրեր

1 2 3 4 5 >
Ամբողջը` 5838 : Ցուցադրված է` 1 - 15 :