Մինչև 2023 թ. բոլոր ոստիկանական բաժանմունքները կկահավորվեն տեսախցիկներով, դրանով կբացառվեն բռնության երևույթները Ոստիկանությունում. փոխոստիկանապետ

Մինչև 2023 թ. բոլոր ոստիկանական բաժանմունքները կկահավորվեն տեսախցիկներով, դրանով կբացառվեն բռնության երևույթները Ոստիկանությունում. փոխոստիկանապետ

Պիլոտային նախագծով մենք պետք է կահավորեինք առաջին հերթին 10 ոստիկանական ստորաբաժանումներ, և այդ 10 ստորաբաժանումները կահավորված են: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց Ոստիկանության պետի տեղակալ Տիգրան Եսայանը՝ անդրադառնալով հարցին, թե Ոստիկանության բաժանմունքներում տեսախցիկներ տեղադրելու գործընթացն ինչ փուլում է:

 

«Հիմա ներքին իրավական ակտերի խնդիր կա, մենք շատ մոտ ժամանակներում կսկսենք այդ գործընթացը: Ֆինանսական կամ տեխնիկական խնդիրներ չկան, բոլոր ստորաբաժանումները կահավորված են ավելի շատ տեսախցիկներով, քան նախատեսված էր սկզբում: Ելնելով ծանրաբեռնվածությունից՝ մենք նոր վերահաշվարկ արեցինք և տեսանք, որ  որտեղ նախատեսված էր մեկ կամ երկու տեսախցիկ, դա չէր բավարարի ծանրաբեռնվածությանը, և բաժիններ կան, որտեղ ավելացրինք մեկ կամ երկու տեսախցիկ ևս»,- ասաց նա:

 

Փոխոստիկանապետը վստահեցրեց, որ տեսախցիկների տեղադրումը կբացառի բռնության գործադրման և խոշտանգումների երևույթները ոստիկանությունում: «Մինչև 2023 թ. մենք ավարտելու ենք այդ պրոյեկտը, և տեսախցիկներ են դրվելու հանրապետության բոլոր ոստիկանական բաժանմունքներում»,- ասաց նա:

 

Հարցին էլ՝ ոստիկանությունն ունի՞ մոնիտորինգ, վերլուծություն, թե Հայաստանում, որքան են քրեական ենթամշակույթին հարող մարդկանց թիվը, Եսայանը պատասխանեց, որ եթե չլիներ նման հաշվառում, չէին կարող լիարժեք պայքարել դրա դեմ: «Իհարկե կա, դրանք հատուկ օպերատիվ հաշվառումներ են, և մեր աշխատանքներն այդ ուղղությամբ կազմակերպելիս մենք հաշվի ենք առնում այն քանակը, այն մարդկանց տեսակը, ում հետ մենք գործ ունենք և ըստ դրա՝ ընտրում ենք դրա դեմ պայքարելու ձևերն ու մեթոդները»,- ասաց նա:

 

Անդրադառնալով քննադատություններին, թե ուղղակի բռնում և բաց են թողում մարդկանց, որոնք իբր քրեական ենթամշակույթի կրող են, Եսայանն ասաց, որ օրենքի գերակայության պայմաններում իրենք իրավասու չեն անել այն, ինչ որ ուզում են: «Մենք պարտավոր ենք արձագանքել և արձագանքում ենք թե մեր օպերատիվ տեղեկություններին, թե քաղաքացիների ահազանգերին: Իսկ թե արդյունքում ինչ է դուրս գալիս, դա երևում է: Եթե կարող ենք, հայտնաբերում ենք համապատասխան հանցագործության հատկանիշներ, կարող է ստացվել այնպես, որ չլինեն հանցագործության հատկանիշներ: Ամեն դեպքում մենք պարտավոր ենք ստուգել քաղաքացիներից ստացած ահազանգերը և մեր օպերատիվ տեղեկությունները»,- հայտարարեց նա:

 

Իսկ թե քրեական ենթամշակույթի դեմ պայքարի նոր օրենքը որքանով է նպաստել գործին, Եսայանի խոսքով, ոստիկանությունն ունեցել է կազմակերպված հանցավորության դեմ պայքարի մասնագիտացված ստորաբաժանումներ և բավականին արդյունավետ են կատարել իրենց աշխատանքները: «Այս օրենքը միայն կնպաստի, որ մեր աշխատանքները լինեն ավելի նպատակաուղղված,  օրենքի սահմաններում և ավելի արդյունավետ, դուք դրա արդյունքները կտեսնեք, համոզված եմ»,- ասաց նա:

 

Ինչ վերաբերում է նրան, որ  տևական ժամանակ է՝ ոստիկանապետ և ԱԱԾ տնօրեն չկա, այդ պաշտոնները զբաղեցնում են ժամանակավոր պաշտոնակատարներ, ինչն էլ ըստ ընդդիմության, անորոշություն է ստեղծում ուժային կառույցներում, Եսայանն ընդգծեց, որ Ոստիկանությունն աշխատում է, իր գործառույթներն իրականացնում է բավականին լավ, և ոչ մի խնդիր չկա այսօր:

Նյութի աղբյուր`ԹԵՐԹ․am

Կարճ հասցե: javakhq.info/u/7285.html

Վերջին Լուրեր

1 2 3 4 5 >
Ամբողջը` 5838 : Ցուցադրված է` 1 - 15 :