Բարձրաստիճան ձերբակալություններ. Համառոտ թվարկում

Բարձրաստիճան ձերբակալություններ. Համառոտ թվարկում

Տարիքն անսպասելի հետևանքներ ունի: Խոսքն ամենևին էլ ինքնազգացողության մասին չէ: Տարիքի հետ պարզապես արձանագրում ես, որ երիտասարդ գործընկերներդ սկսում են տարօրինակ հարցեր տալ: Այս փաստից հուսահատվել պետք չէ: Պատճառը շատ պարզ է: Բոլոր հարցերի նորօրյա պատասխանիչ «Օքեյ գուգլն» ավելի երիտասարդ է: Ավելի երիտասարդ, քան մեր նորանկախ երկիրը: Իսկ մեր ազգային ու պետական կյանքում հիշատակման արժանի բազում դեպքեր են եղել նախագուգլյան շրջանում: Ուստի պետք չէ զարմանալ, երբ երիտասարդ գործընկերներդ հաճախ են դիմում որևէ փաստ ճշտելու համար: Վերջին հարցը, որ այս շաբաթ փորձեցին ճշտել, իշխանությունների տարածած հայտարարությունն էր այն մասին, որ օրերս տեղի է ունեցել «Երրորդ Հանրապետության ամենաբարձրաստիճան ձերբակալությունը»:

 

 

Առաջին արձագանքը, բնականաբար, երիտասարդ գործընկերոջդ «գուգլի ծոցն» ուղարկելն է: Բնականաբար: Բայց հետո քաղաքավարությանը տուրք տալով՝ սկսում ես բացատրել, որ բոլոր իշխանություններն էլ սիրում են հպարտանալ կոռուպցիայի դեմ պայքարով՝ ընդհանրապես: Եվ կոռուպցիայի դեմ կատաղի ու անզիջում պայքարով՝ մասնավորապես: Հետո ավելի ես բարիանում ու մեկիկ-մեկիկ սկսում ես հիշել Երրորդ Հանրապետության բարձրաստիճան ու աղմկոտ ձերբակալությունները:

 

Օրինակ՝ այն, որ 2011թ. Քրեական հետախուզության գլխավոր վարչության պետ, ոստիկանության գեներալ-մայոր Հովհաննես Թամամյանը ձերբակալվեց: Ձերբակալվեց ու դատապարտվեց չորս տարվա ազատազրկման: Հետո հիշում ես ՀՀԿ-ական՝ ժամանակին ամենաերիտասարդ պատգամավոր Վազգեն Խաչիկյանի դեպքը: Նա էլ մի տարի հետո ձերբակալվեց ու դատապարտվեց: Բայց ոչ՝ որպես պատգամավոր, այլ` Սոցիալական ապահովության ծառայության ղեկավարի պաշտոնում թույլ տված, մեղմ ասած, օրենսդրության հետ հակասության մեջ մտած արարքների համար: Ու այս դեպքը երիտասարդ գործընկերոջդ կարող ես պատմել ավելի մանրամասն: Նշելով, որ գործը 65 քննիչ է քննել: Հարցաքննվել է 7900 մարդ: 327.5 մլն դրամ վնասի մեղադրանք է ներկայացվել: Այն, որ դատական գործընթացից առաջ այդ գումարից 51.5 մլն դրամն արդեն վերականգնված էր:

 

 

Ավելին՝ կարող ես գործընկերոջդ խորհուրդ տալ կարդալ պահի դասական համարվող Գալուստ Սահակյանի հետևյալ հայտարարությունը. «Մենք պետք է նաև շատ վճռական լինենք մեր յուրայինների նկատմամբ, և պատժելու առումով ավելի խիստ պիտի լինենք, որպեսզի հնարավոր լինի երկրում հետագա բարեփոխումներն իրականացնել»: Սա ասել էր ՀՀԿ փոխնախագահը: Ասել էր ու ավելացրել. «Այսօր մեզ համար շատ կարևոր է, որպեսզի առաջատար քաղաքական ուժը չմտածի, որ ինքը արտոնություն կամ առավելություն ունի մյուսների նկատմամբ: Առավել ևս, եթե մյուսներին կարելի է ներել, իշխող ուժի ներկայացուցչին նույնիսկ մեղմացուցիչ հանգամանքներ փնտրելու անհրաժեշտություն պետք է չլինի»:

 

Այն, որ այս միտքը տարբեր վերաշարադրումներով պարբերաբար հնչեցրել են մեր բոլոր իշխանությունները՝ լրացուցիչ ապացույցների կարիք չունի: Նաև այն պատճառով, որ մեր քաղաքական առաջին դեմքերը Գուգլից առաջ էլ, Գուգլից հետո էլ իրենց ելույթները գրքի տեսքով հրապարակելու սովորություն ունեն: Եվ, եթե որևէ բան Գուգլում դեռ չի հայտնվել, դեռ չի նշանակում, որ չի էլ եղել իրականում: Գուգլին անսահման վստահող սերնդի համար համարյա անհավանական փաստ կարող է թվալ, որ բարձրաստիճան պետական պաշտոններ զբաղեցնող անձինք նույնիսկ հեռավոր 1993 և 94 թթ. են ձերբակալվել (իսկ դրանք մոտավորապես այն ժամանակներն էին, երբ ՀՀԿ-ն դեռ կառավարող կուսակցություն չէր): Ձերբակալվել են նույն` կոռուպցիայի դեմ պայքարի շրջանակներում:

 

Օրինակ, այդ թվականներին ձերբակալվեց ՀՀ Էկոնոմպետկոմի նախագահ, ապա՝ ՀՀ էկոնոմիկայի նախարարի առաջին տեղակալ Հ. Սարգսյանը: Մեղադրանքը, եթե ճիշտ եմ հիշում՝ հաստոցները որպես մետաղի թափոն արտահանելու թույլտվությունն էր: Ավելին՝ այս դեպքից առաջ մի կարճ ժամանակով նույնիսկ ՀՀ Առևտրի նախարարի պաշտոնը զբաղեցնող անձ էր ձերբակալվել: Բայց դեպքն այնքան վաղուց է կատարվել, որ այդ մասին կհիշեն միայն այդ թվերի կառավարության անդամները: Բայց սույն նախարարից բացի, ևս մեկ նախարար է քրեական պատասխանատվության ենթարկվել հեռավոր 1997-ին: Խոսքը ՀՀ Թեթև արդյունաբերության նախարար, կարծեմ, Ռուդոլֆ Թեյմուրազյանի մասին է:

 

Գործը Գլխավոր դատախազության «հետաքրքրության» շրջանակներ էր հասել Ազգային ժողովի Վերստուգիչ պալատի 1997թ. հաշվետվության արդյունքում: Այն վերաբերում էր մեր երկրի առաջին վարկային պայմանագրերից մեկին` Չինական վարկին: Այլ ժամանակներ էին ու այլ թվեր: Չինական 5.2 մլն դոլար վարկի շրջանակում Չինաստանից վատորակ, բայց թանկ կտորեղեն էր ներմուծվել: Ահա այսպիսի բարձաստիճան ձերբակալումներ, որ կարող ես պատմել երիտասարդ գործընկերներիդ:

 

Պատմել ու անկեղծ խոստովանել, որ ձերբակալության դեպքերը հիշում ես, սակայն չես հիշում քրեական գործերի հետագա ճակատագիրը: Չես հիշում, թե ո՞վ դատապարտվեց, քանի՞ տարով դատապարտվեց, վնասը որքա՞ն վերականգնվեց: Երևի դա է մարդկային հիշողությունը: Սկիզբը` ձերբակալման հետ կապված աղմուկը, հիշում ես: Հիշում ես՝ որպես կոռուպցիայի դեմ՝ արմատախիլ անելու աստիճանի, խոստում, բայց մնացածը մոռանում ես: Ու հիշողության այս տարօրինակ բնույթի մասին տեղյակ են բոլոր իշխանությունները: Երևի:

 

Հ.Գ. Թող ինձ ներեն բոլոր այն բարձրաստիճան ձերբակալվածները, ում անունը չհիշեցի:

Նյութի աղբյուր`168.am

Կարճ հասցե: javakhq.info/u/7182.html

Վերջին Լուրեր

1 2 3 4 5 >
Ամբողջը` 5838 : Ցուցադրված է` 1 - 15 :