«Ադրբեջանին կարելի էր համեմատել CocaCola-ի հետ, որովհետև CocaCola-ն ավելի հին է, քան ադրբեջանական պետությունը». Գագիկ Համբարյան

«Ադրբեջանին կարելի էր համեմատել CocaCola-ի հետ, որովհետև CocaCola-ն ավելի հին է, քան ադրբեջանական պետությունը». Գագիկ Համբարյան

Փետրվարի 15-ին Մյունխենի անվտանգության համաժողովի շրջանակներում Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների մասնակցությամբ  ԼՂ հիմնահարցի վերաբերյալ քննարկումը շարունակում է տարաբնույթ քննարկումների առիթ դառնալ: Առաջին անգամ քննարկման ֆորմատով տեղի ունեցած ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հանդիպումից քաղաքագետ Գագիկ Համբարյան առավել անհանգստացած է այն հանգամանքով, որ, իր խոսքով, ՀՀ վարչապետը բացարձակ պատրաստ չէր այս հանդիպմանը, չնայած այն հանգամանքին, որ Նիկոլ Փաշինյանն ու իր աշխատակազմը պետք է նախապես կանխատեսեին, թե ինչ հարցեր են բարձրացվելու ադրբեջանական կողմից:

 

 

«Երևի մեր բախտը բերեց, որովհետև պարոն Ալիևն էլ այնքան լավ պատրաստված չէր այս հանդիպմանը, քանի որ չարձագանքեց պարոն Փաշինյանի երկու բավական կոպիտ սխալներին»,- լրագրողների հետ զրույցում ասաց քաղաքագետը:

 

Առաջին սխալը, ըստ Գագիկ Համբարյանի, Նիկոլ Փաշինյանի՝ Այազ Մութալիբովի հարցազրույցի մասին դիտարկումն էր, որ՝ «Արգումենտի ի ֆակտի» թերթին տված հարցազրույցում Ադրբեջանի նախկին նախագահ Այազ Մութալիբովը բացահայտել էր Խոջալուի դեպքերի ընթացքում ադրբեջանական զինուժի ակտիվ մասնակցությունը խաղաղ բնակչության կոտորածների մեջ:

 

«Այնինչ այդ հարցազրույցը ոչ թե «Արգումենտի ի ֆակտի» թերթին էր տրված, այլ «Նեզավիսիմայա գազետա» թերթին, հարցազրույցի հեղինակն էլ հայտնի չեխ լրագրողուհի Դանա Մազալովան էր, որը հրապարակվել է 1992 թվականի ապրիլի 1-ի համարում»,- ասաց քաղաքագետը:

 

 

Գագիկ Համբարյանի բնորոշմամբ՝ երկրորդ կոպիտ սխալը քննարկման ժամանակ վարչապետի այն պնդումն էր, թե Շահումյանի շրջանը 100 տոկոսով բնակեցված է եղել հայերով:

 

«1989 թվականի մարդահամարի տվյալներով՝ Շահումյանի շրջանի 20.000 բնակչությունից 17.000-ը եղել են հայեր, 3000-ը՝ ադրբեջանցիներ»,- նշեց Գագիկ Համբարյանը:

 

Քաղաքագետի խոսքով՝ բազմաթիվ էին նաև Ալիևի բարձրացրած այն հարցերը, որոնց Փաշինյանը չարագանքեց: Օրինակ՝ այն փաստը, որ, ըստ քաղաքագետի, Փաշինյանը համաձայնեց Ալիևի այն թեզի հետ, թե Հայաստանում բնակվել է 300.000 ադրբեջանցի, որոնք դարձել են փախստական: Մինչդեռ 1989 թվականի մարդահամարի տվյալները մեջբերելով՝ Համբարյանն ասաց, որ Հայաստանում բնակվել է ընդամենը 168.000 ադրբեջանցի:

 

«Հիմա տեսնում ենք, որ ախորժակը գալիս է ուտելու ժամանակ, Իլհամ Ալիևն անընդհատ թիվն ավելացնում է, և եթե Հայաստանի իշխանությունները շարունակեն չարձագանքելու նույն պասիվ կեցվածքը, ապա չեմ զարմանա, եթե վաղը պարզվի, որ Հայաստանում ընդհանրապես հայեր չեն էլ ապրել, բոլորն ադրբեջանցիներ էին»,-ասաց քաղաքագետը:

 

Գագիկ Համբարյանի խոսքով՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանն անարձագանք թողեց նաև 1989 թվականի հայերի ու ադրբեջանցիների մարդահամարի տվյալների մասին Իլհամ Ալիևի սխալ դիտարկումը, Ադրբեջանի նախագահի այն պնդումը, թե հայերը գրավել են Ադրբեջանի տարածքի 20%-ը, և Ադրբեջանում կա 1 միլիոն փախստական, կամ այն հանգամանքին, որ Ալիևը հայերին մեղադրեց Արցախը գրավելու մեջ:

 

Քաղաքագետի բնորոշմամբ՝ ՀՀ ներկա իշխանությունները՝ նախորդների պես, ընդունել են պատմական փաստաթղթերը չօգտագործելու մարտավարություն, որոնք, ըստ Համբարյանի, ավելի մեծ ապացույց են, որ «Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը եղել է ոչ միայն հակամարտող կողմ, այլև Ադրբեջանի կողմից ճանաչվել է՝ որպես անկախ պետություն»:

 

Գագիկ Համբարյանի համար անընդունելի է Նիկոլ Փաշինյանի խաղաղասիրական թեզը: Վստահ է՝ «ուտոպիստական, անտրամաբանական հայտարարությունները որևէ օգուտ չեն տալու, հատկապես՝ բանակցային գործընթացում»:

 

«Ադրբեջանական կողմը փետրվարի 15-ին ևս մեկ անգամ բացահայտ ցույց տվեց, որ իրենք չեն հրաժարվում իրենց թեզերից, այսինքն՝ կա՛մ ամեն ինչ, կա՛մ ոչինչ: Իսկ հայկական կողմի խաղաղասիրական կեցվածքը և, շատ դեպքերում՝ ադրբեջանցիների իրագործած հանցագործությունների չբարձրաձայնումը ադրբեջանցիները դիտարկում են՝ որպես թուլություն, և սա իր մեջ մեծ վտանգներ է պարունակում»,- ասաց Գագիկ Համբարյանը:

 

Նրա խոսքով՝ Փաշինյանը կարող էր Ադրբեջանին համեմատել CocaCola-ի հետ, որովհետև CocaCola-ն ավելի հին է, քան ադրբեջանական պետությունը: Իսկ Տիգրան Մեծի և Պոմպեոսի օրինակը բերելն Ադրբեջանի համար շատ ճոխ համեմատություն էր:

Նյութի աղբյուր`168.am

Կարճ հասցե: javakhq.info/u/7155.html

Վերջին Լուրեր

1 2 3 4 5 >
Ամբողջը` 5838 : Ցուցադրված է` 1 - 15 :