«Դժվար կլինի հավաքել 650.000 ձայն, եթե չօգտագործվի երեք գործոն». Քաղտեխնոլոգ

«Դժվար կլինի հավաքել 650.000 ձայն, եթե չօգտագործվի երեք գործոն». Քաղտեխնոլոգ

«Քարոզարշավը դե յուրե մեկնարկել է, դե ֆակտո՝ ոչ, որպես այդպիսին՝ այս պահին քարոզարշավ գոյություն չունի։ Ես ասել եմ, այժմ էլ կրկնում եմ, եթե «Ոչ»-ի շտաբը կարողանա գրագետ քարոզարշավ իրականացնել, ապա հաղթելու է, որովհետև «Այո»-ի մոտիվացիան այն է, որ ամենաքիչը 850.000 մարդու պետք է ուղարկի տեղամասեր, որից 650 հազարը պետք է գնա և «կողմ» քվեարկի։ Այս մոտիվացիան շատ թույլ է, քանի որ պետք է գնան և ընդամենը 7 դատավորի աշխատանքից ազատելու համար հանրաքվեին ասեն՝ «Այո», առավել ևս, որ ընտրողների մեծ մասը չգիտի, թե դատավորներին աշխատանքից ազատելն իրենց ինչ է տալու»,- այս մասին 168.am-ի հետ զրույցում ասաց քաղտեխնոլոգ Արմեն Բադալյանը՝ անդրադառնալով Սահմանադրական փոփոխությունների հանրաքվեին և ձևավորված «Այո»-ի և «Ոչ»-ի ներկա գործողություններին։

 

 

Քաղտեխնոլոգի խոսքով՝ նկատելի է, որ «Այո»-ի կողմնակիցները կիրառում են մանիպուլյացիոն տոխնոլոգիաներ, պատճառն այն է, որ իշխանությունները հասկանում են, որ դժվար է մարդկանց ուղարկել ընտրատեղամասեր, փորձում են մանիպուլյացիաներ կիրառելով՝ ներկայացնել, թե հանրաքվեն ոչ թե քվեարկություն է Սահմանադրական դատարանի 7 դատավորներին աշխատանքից ազատելու համար, այլ ապագայի, հեղափոխության համար է: Բացի այդ, ըստ Ա. Բադալյանի՝ ՍԴ դատավորներին նույնականացնում են նախկին իշխանությունների, մասնավորապես՝ երկրորդ և երրորդ նախագահների հետ։

 

Ինչ վերաբերում է «Ոչ»-ի շտաբին, քաղտեխնոլոգը նշեց, որ չի կարող գուշակել՝ նրանք գրագետ քարոզարշավ կիրականացնե՞ն, թե՞ ոչ, քանի որ նրանց կողմից դեռևս որևէ քայլ չկա, բացի լրատվամիջոցներին հարցազրույցներ տալուց։

 

 

«Դժվար է մինիմում 850 հազար մարդու ուղարկել ընտրատեղամասեր, նախկինում դա կատարվում էր ֆինանսական խթանի արդյունքում, երբ ընտրողներին ուղղակի գումար էին բաժանում, իսկ հիմա եթե իշխանությունը ցանկանում է հաղթել, պետք է գրագետ մանիպուլյացիոն տեխնոլոգիաներ կիրառի և վարչական ռեսուրսն օգտագործի մաքսիմալ, դրան զուգահեռ՝ ընտրատեղամասերում նույնպես պետք է մանիպուլյացիաների դիմի ընտրացուցակների հարցում։ Բայց եթե «Ոչ»-ը գրագետ աշխատի, իշխանությունների մոտ ոչինչ չի ստացվի»,- շեշտեց Արմեն Բադալյանը։

 

Նրա բնորոշմամբ՝ մանիպուլյացիոն տեխնոլոգիաների օգտագործման առաջին օրինակը կա, երբ վարչապետը ֆեյսբուքյան էջում հրապարակեց քանդված և վերանորոգված ճանապարհների լուսանկարներ, քանդվածը մակագրելով՝ «Ոչ», իսկ վերանորոգվածը՝ «Այո»։

«Այս ամենին զուգահեռ՝ վարչապետը լուսանկար չի հրապարակել, որ «Ոչ»-ի ժամանակ կառուցվել է Հյուսիսային պողոտան, տարբեր կամուրջներ, օդանավակայան և այլն»,- ընդգծեց նա։

 

Նա նաև նկատեց, որ «Ոչ-ի շտաբից անընդհատ հայտարարում են, որ իշխանությունների հետ կբանավիճեն միայն իրավական դաշտում, քաղաքական դիսկուրսի մեջ չեն մտնելու, եթե այդպես անեն, ապա կպարտվեն, քանի որ հանրաքվեն, ի վերջո, քաղաքական գործընթաց է, ուստի այդ գործընթացում ամենաթույլ քաղաքական գործիչը կարող է հաղթել ամենաուժեղ իրավաբանին։

 

Դժվար կլինի հավաքել 650 հազար ձայն, եթե չօգտագործվի երեք գործոն՝ մանիպուլյացիոն տեխնոլոգիաներ, վարչական ռեսուրս և ընտրատեղամասերում «որոշակի գործողություններ»»,- եզրափակեց Արմեն Բադալյանը։

Նյութի աղբյուր`168.am

Կարճ հասցե: javakhq.info/u/7150.html

Վերջին Լուրեր

1 2 3 4 5 >
Ամբողջը` 5838 : Ցուցադրված է` 1 - 15 :