Այս ամենը չի գրվում, եղածն էլ միֆականացվում է․ Էդգար Էլբակյան

Այս ամենը չի գրվում, եղածն էլ միֆականացվում է․ Էդգար Էլբակյան

Պատերազմում և ցանկացած մեծ մրցության մեջ սոցիալական խմբերը հաղթում կամ պարտվում են։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է քաղաքագետ Էդգար Էլբակյանը։

 

«Այսօր փետրվարի 20-ն է։ 32 տարի առաջ այս օրը ԼՂԻՄ մարզխորհրդի արտահերթ նստաշրջանն ընդունեց պատմական որոշում, որի մասին այսօր մամուլի ամենատարբեր օրգաններում և ֆեյսբուքյան անկյուններում, անշուշտ, կգրեն։ Բայց ցավոք, ոչ ոք չի գրի, թե ինչպես էր Սամվել Կարապետյանը («Օգանովսկի») ընկերների հետ միասին որոշ պատգամավորների ծեծելով բերում նիստի դահլիճ, որ «կողմ» քվեարկեն, ինչպես և ոչ ոք չի գրում, ինչպես մի անգամ Սերժ Սարգսյանն ու Մոնթե Մելքոնյանն այրեցին Մարտունու շրջանից քաղաքացիական բնակչությանը դուրս բերել ցանկացող մի «ՈՒԱԶ» կամ թե ինչպես էր Ռոբերտ Քոչարյանը «չորով» բռնագրավում այն բոլոր բնակտարածքները, որոնց տերերը փախել էին Ղարաբաղից, և դրանք տալիս էր կռվողների ու զոհվածների ընտանիքներին…

 

Այս ամենը չի գրվում, եղածն էլ միֆականացվում է՝ ձևավորելով մի պատկեր, որում պատերազմը, որին նախկին ՀԽՍՀ բնակչության 1% անգամ չի մասնակցել, Սփյուռքից մասնակցել են 3-4 ակտիվ կռվողներ, իսկ բուն Ղարաբաղում էլ միայն նշածս երկաթյա մեխանիզմներով է հնարավոր եղել կազմակերպել առկա ուժերի մոբիլիզացիան, վերածվում է բացառապես «ժողովրդի հաղթանակի»՝ ամբողջությամբ ու անարդարացիորեն ստվերելով այն էլիտայի դերը, որը կազմակերպել է այդ «ժողովրդի հաղթանակը»։

 

Սրանք հարցեր են, որ մշտապես զբաղեցնում են քաղաքացու և հետազոտողի իմ միտքը՝ բերելով մի մոտավոր եզրահանգման, որ պատերազմում և ցանկացած մեծ մրցության մեջ սոցիալական խմբերը հաղթում կամ պարտվում են, այո՛, «ժողովրդովի», բայց ոչ ուղղակիորեն, այլ իրենց ծնած վերնախավերի միջոցով։ Պարզ ասած՝ թերի են և՛ «պատերազմում հաղթեց հայ ժողովուրդը», և՛ «պատերազմում հաղթեց հայ վերնախավը» պնդումները, իսկ առավել ճշմարտացի է «պատերազմում հաղթեց հայ ժողովրդի ծնած վերնախավը» պնդումը»,-նշել է նա։

Նյութի աղբյուր` NEWS.am

Կարճ հասցե: javakhq.info/u/7149.html

Վերջին Լուրեր

1 2 3 4 5 >
Ամբողջը` 5838 : Ցուցադրված է` 1 - 15 :