Ինչ կլիներ պատմական հայտնի գործիչների հետ, եթե նրանք ապրեին այսօրվա Հայաստանում․ «Այլընտրանքային նախագծեր խումբ»

Ինչ կլիներ պատմական հայտնի գործիչների հետ, եթե նրանք ապրեին այսօրվա Հայաստանում․ «Այլընտրանքային նախագծեր խումբ»

Այս օրերի Հայաստանը դասական անտիուտոպիա է։ Այս մասին գրում է «Այլընտրանքային նախագծեր խմբի» անդամ Գեղամ Նազարյանը։

 

«Ինչ կլիներ պատմական հայտնի որոշ գործիչների հետ, եթե նրանք ապրեին այսօրվա Հայաստանում: Միանշանակ, նրանցից շատերը կկալանավորվեին, ոմանք ստիպված կլինեին երկրից չբացակայելու ստորագրություն տալ, իսկ որոշներն էլ ստիպված կլինեին Ազգային ժողովի հատուկ հանձնաժողովում պատասխանել լուլուների տարատեսակ հարցերին:

 

Եւ այսպես.

 

Գարեգին Նժդեհ- կկալանավորվեր Սյունիքում հատուկ դրություն մտցնելու, առանց օրինական փաստաթղթերի զինված խմբերի կազմավորման, պետական սահմանը մի քանի անգամ ապօրինաբար հատելու համար:

 

Արամ Մանուկյան- կկալանավորվեր՝ սահմանադրական կարգը տապալելու փորձի մեղադրանքով, ժողովրդի կամքին հակառակ՝ պետություն ստեղծելու, ինչպես նաեւ՝ անօրինական զինված խմբավորումներ կազմավորելու մեջ:

 

Մովսես Սիլիկյան, Դանիել Բեկ-Փիրումյան, Քրիստափոր Արարատյան- որպես խափանման միջոց կընտրվեր ստորագրությամբ չբացակայելը, եւ ստիպված կլինեին պատասխանել Սարդարապատի ճակատամարտն ուսումնասիրող խորհրդարանական հանձնաժողովի հարցերին:

 

Սիմոն Վրացյան- կկալանավորվեր, կմեղադրվեր փետրվարյան ապստամբության կազմակերպման եւ սահմանադրական կարգը տապալելու մեջ:

 

Հովհաննես Քաջազնունի- կմեղադրվեր գյուղացիների համար նախատեսված ապրանքների յուրացման մեջ, որպես խափանման միջոց կընտրվեր ստորագրություն՝ չհեռանալու մասին:

 

Հեթում Ա- կմեղադրվեր սահմանադրական կարգը տապալելու մեջ՝ մոնղոլների առաջնորդ Մանգու խան հետ Կարակորումում կնքված խաղաղության պայմանագրի համար:

 

Աշոտ Երկաթ- կկալանավորվեր, կմեղադրվեր Սեւանի թերակղզում ապրելու եւ տեղի վանական համալիրին չվճարած գումարի, արաբ զորավար Բեշիրի դեմ ռազմական ուժ կիրառելու, կենտրոնախույզ հայ իշխանների դեմ անհամաչափ ուժ կիրառելու եւ իրեն հարող ուժերին ապօրինի զենք եւ զինամթերք բաժանելու համար:

 

Վարդան Մամիկոնյան- երաշխավորությամբ կալանքից ազատ կարձակվեր, բայց հետո նորից կկալանավորվեր, կմեղադրվեր պարսիկների դեմ 380-ականների զենքերով կռվելու, անօրինական գույք ունենալու մեջ: Կպատասխաներ Ազգային ժողովում ստեղծված կենդանիների պաշտպանության հանձնաժողովի անդամների հարցերին, կմեղադրվեր փղերի դեմ անմարդկային վերաբերմունքի համար։

 

Արշակ Երկրորդ- կկալանավորվեր, կմեղադրվեր Արշակավան քաղաքի կառուցման ժամանակ թույլ տված չարաշահումների, շինարարական ընկերություններից վերցրած կաշառքների մեջ: Սիլվա Համբարձումյանը կպնդեր, որ մի քանի միլիոն ոսկու կաշառք է տվել նաեւ Արշակ Երկրորդին:

 

Տիգրան Մեծ- կկալանավորվեր, կմեղադրվեր սեքսիզմի, հարեւան երկրների քաղաքացիների ազատ տեղաշարժի իրավունքը խախտելու, միջպետական համաձայնագրերը խախտելու, մի շարք տարածքային վեճերը բացառապես հօգուտ հայերի լուծելու, երկրի սահմաններն ընդլայնելու, երկրում գործող եւ օտարերկրյա աղբյուրներից սնվող հասարակական կազմակերպությունների գործունեությանը խոչընդոտելու, որդու հակապետական ապստամբությունն անհամաչափ ուժի գործադրմամբ ճնշելու մեջ:

 

Արգիշտի Ա- Կկալանավորվեր, կմեղադրվեր Երեւանի բերդի՝ Արին-Բերդի կառուցման ժամանակ տեղի բնակիչների գույքային իրավունքները խախտելու, ապօրինի շինարարության, քաղաքաշինական նորմերի խախտման մեջ։

 

Հ.Գ. Մի՞թե կան մարդիկ, որոնք կասկածում են, որ համապատասխան հրահանգից հետո ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանը, գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը, դատավորներ Արմեն Դանիելյանը, Աննա Դանիբեկյանը, դատախազ Պետրոս Պետրոսյանն ամեն ինչ չէին անի, որ վերոհիշյալների դեմ հարուցվեին քրեական գործեր եւ նրանք զրկվեին ազատությունից, իսկ Ազգային ժողովի համապատասխան հանձնաժողովում ընդգրկվածներն էլ դեմքի ամենալուրջ արտահայտությամբ հարցեր չէին ուղղի Վարդան Մամիկոնյանին, կամ Սարդարապատի հերոսներին: Եթե դեռ կասկածում եք, ապա իզուր...»,-նշել է նա։

Նյութի աղբյուր` NEWS.am

Կարճ հասցե: javakhq.info/u/7144.html

Վերջին Լուրեր

1 2 3 4 5 >
Ամբողջը` 5838 : Ցուցադրված է` 1 - 15 :