ՄԻՊ-ի հայտարարությունը Սահմանադրության փոփոխությունների հանրաքվեի գործընթացի վերաբերյալ

ՄԻՊ-ի հայտարարությունը Սահմանադրության փոփոխությունների հանրաքվեի գործընթացի վերաբերյալ

Մարդու իրավունքների պաշտպանը նախաձեռնել է ՀՀ Սահմանադրության փոփոխությունների հանրաքվեի գործընթացի անկախ դիտարկում՝ հանրաքվեին մասնակցելու ու քաղաքացիների մյուս իրավունքների երաշխավորման նպատակով:

 

1. Հաշվի առնելով Պաշտպանի իրավասության սահմանները՝ սույն հայտարարությունը նպատակ չունի գնահատական տալու հանրաքվեի անցկացման սահմանադրականության հարցին կամ նպատակահարմարությանը կամ դրա հետ կապված դիրքորոշումներին:

 

Հանրաքվեի գործընթացն իրողություն է եւ անմիջականորեն կապված է քաղաքացիների իրավունքների հետ: Հետեւաբար, առաջանում է Մարդու իրավունքների պաշտպանի լիազորությունների գործադրման անհրաժեշտություն՝ այդ իրավունքների երաշխավորման նպատակով:

 

2. Ըստ այդմ, Սահմանադրության փոփոխությունների հանրաքվեի կազմակերպման եւ անցկացման դիտարկումը վերաբերելու է հանրաքվեի քարոզարշավի ողջ ընթացքին, հանրաքվեի քվեարկության օրվան եւ հանրաքվեի հետ կապված հնարավոր իրադարձություններին դրանից հետո:

 

3. Դիտարկումն ամբողջությամբ իրականացվելու է անկախ, անաչառ ու ապաքաղաքական աշխատանքի հիմնարար սկզբունքների հիման վրա՝ հաշվի առնելով Պաշտպանի իրավասության սահմանները:

 

4. Մարդու իրավունքների պաշտպանի որոշմամբ արդեն իսկ ստեղծվել է աշխատանքային խումբ:

 

5. Հանրաքվեի կազմակերպման ու անցկացման ողջ ընթացքում եւ հանրաքվեի քվեարկության օրն աշխատանքային խումբն ամենօրյա ռեժիմով մշտադիտարկելու է իրավունքների ենթադրյալ խախտումների վերաբերյալ զանգվածային լրատվության միջոցների հրապարակումները:

 

6. Ապահովվելու է Պաշտպանին հասցեագրված բանավոր եւ գրավոր բողոքների, ներառյալ՝ թեժ գծին ստացված ահազանգերի պատշաճ քննարկումը:

 

7. Հանրաքվեի գործընթացի շրջանակներում նախատեսվում է սերտ հաղորդակցություն պահպանել իրավասու բոլոր մարմինների, այդ թվում՝ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի հետ: Վերջինիս հետ արդեն տեղի են ունեցել քննարկումներ համատեղ աշխատանքի հիմնական սկզբունքների առնչությամբ: Մարդու իրավունքների պաշտպանն իր իրավասության սահմաններում սերտ համագործակցություն կիրականացնի դիտորդների, քարոզչական կողմերի ու նրանց վստահված անձանց հետ: Ակտիվ համագործակցություն կլինի նաեւ գործընթացին ներգրավված քաղաքացիական հասարակության կազմակերպությունների եւ լրատվամիջոցների հետ:

 

8. Մարդու իրավունքների պաշտպանն առանձին դիտարկման է ենթարկելու լրագրողների նկատմամբ վերաբերմունքը՝ երաշխավորելու համար լրագրողի մասնագիտական աշխատանքի նկատմամբ հարգանքն ու նրանց անխոչընդոտ աշխատանքը:

 

9. Պաշտպանի ու աշխատակազմի հատուկ ուշադրության ներքո են լինելու վիրավորանքի, արժանապատվությունը նվաստացնող ու ատելության խոսքի հետ կապված հարցերը:

 

Պաշտպանը հատուկ արձանագրում է անում այն մասին, որ այս երեւույթները խոսքի ազատության երաշխիքներով չեն պաշտպանվում, ուստի անթույլատրելի են:

 

10. Հանրային պաշտոն զբաղեցնող անձինք սահմանափակված են իրենց պաշտոնական կարգավիճակով: Անհրաժեշտ է ցուցաբերել բարձր պատասխանատվություն երկրի համար կարեւոր նշանակություն ունեցող այս գործընթացում:

 

Մարդու իրավունքների պաշտպանը բոլոր պաշտոնյաներից պահանջում է խստորեն պահպանել իրենց կարգավիճակի սահմանները:

 

11. Հանրաքվեի գործընթացին մասնակցող կամ չմասնակցող բոլոր կողմերին, ինչպես նաեւ սոցիալական մեդիայի բոլոր օգտատերերին կոչ է արվում զերծ մնալ վիրավորանք կամ ատելություն պարունակող կամ այդպիսիք խրախուսող խոսքից կամ հայտարարություններից, ինչպես նաեւ նման քննարկումների ներքաշվելուց:

 

Անհրաժեշտ է հարգանքով վերաբերվել տարբերվող կարծիքների նկատմամբ ու բոլոր քննարկումները ծավալել համերաշխության մթնոլորտում:

 

12. Հանրաքվեին մասնակցելու եւ հանրաքվեի գործընթացի հետ կապված իրավունքներին առնչվող հարցերով Պաշտպանին կարելի է դիմել 116 կամ 096116100 թեժ գծի շուրջօրյա հեռախոսահամարներով:

Նյութի աղբյուր` NEWS.am

Կարճ հասցե: javakhq.info/u/7130.html

Վերջին Լուրեր

1 2 3 4 5 >
Ամբողջը` 5838 : Ցուցադրված է` 1 - 15 :