«Սահմանադրության փոփոխությունը երբեք բովանդակային քննարկման չի դրվել. «սրա՞ կողմից ես, թե՞ նրա կողմից ես», միշտ այդպես է եղել». Սուրեն Սահակյան

«Սահմանադրության փոփոխությունը երբեք բովանդակային քննարկման չի դրվել. «սրա՞ կողմից ես, թե՞ նրա կողմից ես», միշտ այդպես է եղել». Սուրեն Սահակյան

«Քաղաքացու որոշում» կուսակցությունը հանրաքվեին «Ոչ» չի քվեարկելու. Կուսակցության մամուլի խոսնակ Միքայել Նահապետյանի կարծիքով՝ այդ պատասխանը թույլ չի տա ստեղծել լավ ու անկախ Սահմանադրական դատարան: Նրա խոսքով՝ «Այո» կքվեարկե՞ն, թե՞ կբոյկոտեն, կախված է 45-օրյա քարոզարշավից:

 

«Մեզ համար ակնհայտ է, որ գործող ՍԴ-ն իր կազմով՝ թե՛ որպես ինստիտուտ, թե՛ դատավոր-անդամների անձնական հեղինակության տեսանկյունից, չունի բավարար վստահություն սահմանադրական արդարադատություն իրականացնելու համար:  Այն գործառույթները, որոնք լիազորված են ՍԴ-ին, առնչվում են Հայաստանի ամենասուր, ամենացավոտ քաղաքական հարցերին, ընտրական գործընթացներին, որոնց միջոցով Կառավարություններ են ձևավորվում: Արդյոք այս սահմանադրական փոփոխությունները հանգեցնելո՞ւ են նրան, որ մենք ունենանք լավ, անկախ ՍԴ: Այս հարցի պատասխանից է կախված մեր քվեարկությունը, կարծում եմ, որ ուղիղ ժողովրդավարության գործընթացում, ժողովրդի քվեարկությունը՝ ևս»,- ասաց Նահապետյանը:

 

ՔՈ կուսակցությունն այլ հարցեր էլ ունի գործող իշխանությանը, օրինակ՝ արդյոք համաձա՞յն են լիազորությունների այն շրջանակին, որն ունի ՍԴ-ն, ի՞նչ չափանիշերով են ընտրվելու ՍԴ նոր դատավոր-անդամները: Նահապետյանի պնդմամբ՝ գործող իշխանությունը վաղուց պետք է քաղաքական գնահատական տված լիներ ՍԴ աշխատանքին և նախաձեռներ Մայր օրենքի ոչ թե մեկ դրույթի, այլ ամբողջական փոփոխություն:

 

«Կյանքի շատ ոլորտներ կարգավորելիս մեզ բերել դեմ են տվել, ասել են՝ սա է.  Սահմանադրություն, օրենք, մեռնեմ օրենքին, հետո եկել է այս իրավիճակը, ու պարզ է դառնում, որ հնարավոր չէ այս Սահմանադրությամբ հանրային հարաբերություններ կարգավորել: Հարց է առաջանում, երբ  դուք ասում եք՝ «լավ սահմանադրական դատարան», ի՞նչը պետք է պահի այդ ՍԴ-ն, եթե ոչ՝ գործող Սահմանադրությունը: Հիմա շատ է մատնանշվում վեթինգը, ես ասում եմ, որ դա հակասում է գործող Սահմանադրության դատավորների  անփոփոխելիության սկզբունքին, որևէ ՍԴ, որքան ուզում է լավը լինի, եթե առաջնորդվելու է այս Սահմանադրությամբ, կարդալու է ու տեսնի, որ դա արգելվում է, բա լավ, ինչո՞վ առաջնորդվի: Այս երկու տարվա ընթացքում առաջնահերթությունը կարելի էր տալ սահմանադրական լայն փոփոխություններ անելուն, բայց գործ ունենք կառավարական մի ուժի հետ, որը պատահաբար է նկատել, որ փոփոխություն է պետք»,- ասաց ՔՈ կուսակցության մամուլի խոսնակ Միքայել Նահապետյանը:

 

Կուսակցության գործադիր մարմնի քարտուղար Սուրեն Սահակյանը կոչ  արեց քվեարկել սեփական խղճի մտոք, նրա խոսքով՝ եթե իրենք երաշխիքներ չստանան, որ ստեղծվելու է անկախ ՍԴ, ապա հնարավոր է, որ բոյկոտեն հանրաքվեն: Հարցին, թե արդյո՞ք ՍԴ-ն է եղել մեղավորը կեղծված ընտրությունների, եթե դրանք կեղծվել են, Սուրեն Սահակյանը պատասխանեց, որ մոտեցումը պետք է համակարգային լինի:

 

«Կան կադրային քաղաքականության որոշ բացեր, որ մեզ թույլ են տալիս երկակի ստանդարտներ տեսնել, թե ո՞վ կպաշտոնավարի, ո՞ւմ կհանեն համակարգից հին կառավարման համակարգի ներկայացուցչին բարևելու համար, ով, չնայած ամենամեծ ծառայություններն է մատուցել հին համակարգին, կմնա ու կշարունակի պաշտոնավարել, դեռ մի բան էլ պաշտոններ կստանա:  Վերջերս շատ են խոսում Ռազմական ոստիկանության պետի մասին, ԿԸՀՆ նախագահ Տիգրան Մուկուչյանի մասին, Գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի մասին: Միաժամանակ պետք է նշել, որ, եթե ՍԴ-ի մասին ենք խոսում, ապա դա համեմատելի չէ ԿԸՀ-ի հետ: Եթե կեղծիք չլինի, եկող ԿԸՀ-ն  ինքը չի կարող ուրիշ բան գրել, չի կարող այնքան խոչընդոտել, որքան ՍԴ-ն»,- ասաց Սահակյանը:

 

ՔՈ կուսակցության գործադիր մարմնի քարտուղարը, ի պատասխան այն մտահոգություններին, թե սա կարող է նախադեպ դառնալ, որ յուրաքանչյուր նոր իշխանություն իր հետ բերի իր ՍԴ-ն, առաջարկեց չկտրել այս հարցը պատմական կոնտեքստից: Վարչապետ Նիկոլ Փաշինյանը օրեր առաջ հայտարարել էր, որ ինքն էլ է մասնակցելու «Այո»-ի քարոզարշավին: Սահակյանին հարցրինք, թե սա կարո՞ղ է ազդեցություն ունենալ քարոզարշավի վրա:

 

«Սահմանադրության փոփոխությունը երբեք բովանդակային քննարկման չի դրվել, դա 1995թ.-ին էլ էր այդպես, 2005-ին էլ, 2015-ին էլ, հարց էր դրված ՝ «սրա՞ կողմից ես, թե՞ նրա կողմից», միշտ այդպես է եղել: Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շատ լավ գիտի, որ ժողովրդի մոտ մինչև հիմա այդ համոզմունքն է, որ՝ «եթե կողմ ես վարչապետին, գնա «այո» ասա»: Ոչ ոք բովանդակության մեջ չի խորանում, պարզվեց, որ ասֆալտի որակն էլ է ՍԴ դատավորներից կախված, վարչապետի մակարդակով՝ ասֆալտի տարբերություն են դնում, ավելի աբսուրդ բաներ էլ են անում, բայց ոչ այդ մակարդակով, դրա համար չեմ խոսի այդ մասին»,- հարցին ի պատասխան՝ ասաց Ս.Սահակյանը:

 

Հանուն արդարության՝ փաստենք, որ, օրինակ, ոչ վաղ անցյալում, 2015-ի հանրաքվեից առաջ ԱՅՈ-ի և ՈՉ-ի կողմնակիցները բովանդակային քարոզարշավ էին իրականացրել Հայաստանի մարզերում: Ականատեսների վկայությամբ՝ բովանդակային քննարկումներ եղել են թե 1995-ին, և թե 2005-ին: Այլ հարց է, որ դրանք կարող էին և բավարար չլինել:

 

ՔՈ կուսակցության գործադիր մարմնի քարտուղարի խոսքով՝ գործող իշխանությունը դիմում է մանիպուլյացիաների՝ ասելով, որ մենք գնում ենք սահմանադրական փոփոխությունների, մինչդեռ այդտեղ փոխվում է ընդամենը մեկ հոդված: Հանրաքվեի արդար անցկացմանը Սուրեն Սահակյանը հավատում է, իսկ անհրաժեշտ ձայներ հավաքել կհաջողվի՞, թե՞ ոչ, կանխատեսումներ չարեց:

Նյութի աղբյուր`168.am

Կարճ հասցե: javakhq.info/u/7124.html

Վերջին Լուրեր

1 2 3 4 5 >
Ամբողջը` 5838 : Ցուցադրված է` 1 - 15 :