Հայաստանի մոտեցումները միտված են օտար պետության շահերի իրականացմա՞նը. իրավապաշտպան

Հայաստանի մոտեցումները միտված են օտար պետության շահերի իրականացմա՞նը. իրավապաշտպան

Տպավորություն է ստեղծվում, որ Հայաստանի ղեկավարության մոտեցումներն ուղղված են օտարերկրյա պետության շահերի իրականացմանը, քանի որ ղարաբաղյան հիմնահարցի վերաբերյալ ավելի վաղ արված հայտարարությունները չեն համապատասխանում այսօրվա գործողություններին: Այս մասին այսօր` փետրվարի 19-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց Հայաստանի առաջին օմբուդսմեն, իրավապաշտպան Լարիսա Ալավերդյանը:

 

Նա հիշեցրեց, որ միայն ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանն է բաց խոսել հակամարտությունը տարածքային զիջումների միջոցով լուծելու հնարավորության մասին, իսկ մյուս երկու առաջնորդները ձգտել են պահպանել փաստացի ստատուս-քվոն: «Բոլոր նախագահներից միայն Ռոբերտ Քոչարյանն է միջազգային հարթակում ասել, որ Ղարաբաղը երբեք Ադրբեջանին չի պատկանել եւ որ Ստեփանակերտը չի կարող ուղղահայաց ենթակայության տակ գտնվել Բաքվի հետ հարաբերություններում»,- նշեց Ալավերդյանը:

 

Ըստ նրա` Նիկոլ Փաշինյանի հեղինակած, այսպես կոչված, մյունխենյան սկզբունքները, որոնք ընդունվել են ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներից դուրս եւ առանց Ղարաբաղի մասնակցության, ուղղված են հայկական լսարանին, բայց կտրականապես չեն կարող ընդունելի լինել: «Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը դրանցում ոչ մի տեղ նշված չէ, եւ օգտագործված հասկացությունները մեզ իրականում վերադարձնում են 90-ականներ:

 

Սա խոսում է այն մասին, որ ոչ մի տեղ Ղարաբաղի անկախության սկզբունքը չկա, որը պետք է ամենակարեւորը լինի հայկական կողմի համար, քանի որ Ստեփանակերտը լուծում է ոչ թե ինքնորոշման հարցը, որը լուծվել է 20-րդ դարում, այլ` կայացած անկախ հանրապետության ճանաչման հարցը: Բացի այդ, մտահոգություն է առաջացնում նաեւ Ղարաբաղի ժողովուրդ եւ Հայաստանի ժողովուրդ տերմինների օգտագործումը, քանի որ դա հակասում է միասնական ժողովրդի եւ երկու պետությունների մեր գաղափարին»,- նշեց նա` հավելելով, որ ղարաբաղյան խնդիր չկա, բայց կա Ղարաբաղի` որպես ինքնիշխան պետության պատասխան, որի ամբողջականությունն ու անկախությունը Հայաստանը պետք է պաշտպանի բանակցային գործընթացում:

 

Ալավերդյանը կարծում է, որ Ղարաբաղի ինքնիշխանությունը տարածվում է այն տարածքների վրա, որոնք երբեք Ադրբեջանին չեն պատկանել, եւ այս առումով անընդունելի է նաեւ այն սկզբունքը, որ Ղարաբաղի համար տարածքները միայն անվտանգությունն է: «Ի պատասխան դրան մենք տեսանք Ալիեւի այն հայտարարությունը, որ Բաքուն երաշխավորում է Ղարաբաղի հայ բնակչության անվտանգությունը, որն Ադրբեջանի մաս կկազմի: Ընդ որում, Ալիեւի միակ զիջումը կայանում է նրանում, որ Ղարաբաղը կարող է հատուկ կարգավիճակ ստանալ: Ի պատասխան նման հայտարարությանը` Հայաստանը պետք է հիշեցներ Ալիեւին, որ Ադրբեջանում հայերը փոքրամասնություն չէին, այլ` պետություն կազմող ժողովուրդ: Փոխարենը, Փաշինյանը սկսեց խոսել «միկրոհեղափոխությունների» մասին, ինչը միջազգային հանրությանը անլուրջ մոտեցում թվաց, մանավանդ, երբ խոսքը բանակցային գործընթացի մասին էր»,- նշեց ՀՀ առաջին օմբուդսմենը:

 

Լարիսա Ալավերդյանը հորդորեց շրջանառությունից հանել հակամարտության լուծման ձեւակերպումը, որն ընդունելի կլինի նաեւ Բաքվի համար, քանի որ Ալիեւը հստակ նշեց, որ իր համար ընդունելի լուծումը կարող է լինել միայն Ղարաբաղի միացումն Ադրբեջան: «Հայաստանի ղեկավարությանը խորհուրդ եմ տալիս նման հանդիպումներից առաջ խորհրդակցել մասնագետների հետ եւ ավելի լավ պատրաստվել, որպեսզի, օրինակ, չլինի այնպիսի իրավիճակ, որ Փաշինյանը շփոթի թերթի անունը, որում հրապարակվել էր Մութալիբովի հոդվածը: Ընդհանուր առմամբ, Ալիեւի պահվածքը հանդիպման ժամանակ բացատրվում է հայկական կողմի անպատրաստությամբ»,- նշեց նա:

 

Իրավապաշտպանը համոզմունք հայտնեց, որ անհրաժեշտ է քննարկում կազմակերպել ամբողջ աշխարհի հայության ներկայացուցիչների մասնակցությամբ եւ հստակեցնել Ղարաբաղի վերաբերյալ ընդհանուր դիրքորոշումը:

 

Նյութի աղբյուր` NEWS.am

Կարճ հասցե: javakhq.info/u/7103.html

Վերջին Լուրեր

1 2 3 4 5 >
Ամբողջը` 5838 : Ցուցադրված է` 1 - 15 :