Արդարության հասնելու այլընտրանքային հարթակը

Արդարության հասնելու այլընտրանքային հարթակը

Ապրիլի 5-ին կայանալիք հանրաքվեի քարոզարշավը պաշտոնապես դեռ չի մեկնարկել, բայց ըստ էության արդեն իսկ ընթանում է, ընդորում՝ բավականին ակտիվորեն: «Ոչ»-ի կամ բոյկոտի կողմնակիցներն էլ, քաղաքական ու իրավական փաստարկներից բացի, շրջանառության մեջ են դրել քարոզչության տեսանկյունից բավականին շահեկան մի թեզ՝ իբր իշխանություններն իրենց անձնական ամբիցիաները բավարարելու համար բյուջեից մոտ  5,5 միլիոն դոլար են ծախսելու, որպեսզի Սահմանադրության «ընդամենը մի նախադասություն փոխեն», մինչդեռ այդ գումարով հնարավոր էր այս-այս-այս սոցիալական հարցերը լուծել (եւ, հասկանալի է, թվարկվում են սոցիալապես առավել խոցելի խմբերի բազմաթիվ խնդիրներ, որոնք իսկապես լուծման կարիք ունեն):

 

Բայց արդյո՞ք խոսքն իսկապես Սահմանադրության «ընդամենը մինախադասություն» փոխելու մասին է: Իհարկե ոչ: Խոսքը քաղաքականապես չեզոք, անկախ եւ հասարակության վստահությունը վայելող Սահմանադրական դատարան ունենալու մասին է, իսկ գործող ՍԴ-ն այդպիսին լինել չի կարող՝ այն պարզ պատճառով, որ ի սկզբանե ձեւավորվել է որպես քաղաքական գործիք, ձեւավորվել է օրենքի տեսանկյունից կասկածելի գործընթացի արդյունքում, ու բնականաբար՝ հանրության վստահությունն էլ առանձնապես չի վայելում: Հարց է ծագում՝ արդյո՞ք կարելի է պետական կարեւորագույն ինստիտուտներից մեկի ձեւավորման համար ծախսվելիք  5,5 միլիոն դոլարը «ավելորդ ծախս» համարել:

 

 

Իսկ որ անկախ եւ հանրության վստահությունը վայելող Սահմանադրական դատարան ունենալը կարեւորագույն խնդիր է՝ դրանում կասկած լինել չի կարող: Միայն մի օրինակ բերենք: 2008 թ. մարտի 1-ի իրադարձություններն առ այսօր խարան են մեր պետականության ճակատին, դատական գործընթացները շարունակվում են, բայց 12 տարիների հեռվից հիմա արդեն քչերն են իրենք իրենց հարցնում՝ իսկ ինչո՞ւ Հայաստանում նման բան հնարավոր եղավ: Ինչէ, մինչեւ մարտի 1-ն ամեն ինչ նորմալ էր, իսկ այդ օրը հանկարծ հարյուր հազարավոր մարդիկ փողո՞ց ելան: Ոչ, մարդիկ փողոց ելան, որովհետեւ նախագահական ընտրություններն անցկացվել էին բացահայտ ընտրակեղծիքներով ու բռնություններով, եւ դա տեղի էր ունեցել բոլորի աչքի առաջ: Արդյունքում՝ մարդկանց համբերության բաժակը լցվել էր, համաժողովրդական ցասումից սարսափած իշխանություններն էլ ուժ կիրառեցին, եւ ունեցանք տասը զոհ ու հարյուրավոր վիրավորներ: Իսկ ի՞նչ տեղի կունենար, եթե Հայաստանն ունենար նորմալ Սահմանադրական դատարան: Ընդդիմությունը կբողոքարկեր ընտրությունների արդյունքները, Սահմանադրական դատարանն էլ անաչառ որոշում կկայացներ, եւ ամենայն հավանականությամբ կունենայինք ընտրությունների երկրորդ փուլ: Այսինքն՝ բախումներ եւ զոհեր չէինք ունենա: Եթե ունենայինք իսկապես հանրության վստահությունը վայելող Սահմանադրական դատարան՝ մարդիկ պարզապես կընդունեին այդ ատյանի որոշումը (անկախ նրանից՝ դո՞ւր է գալիս դա իրենց, թե ոչ) եւ շուրջօրյա հանրահավաքների փոխարեն կգնային տուն: Այսինքն՝ հասկանալի է, որ մարտի 1-ի հիմնական մեղավորն ընտրությունները կեղծած ու դրան հաջորդած բողոքի ալիքն արյան մեջ խեղդած իշխանություններն էին, բայց նաեւ խամաճիկային Սահմանադրական դատարան ունենալն էր պատճառը, որ մարդիկ արդարությունը փնտրում էին ոչ թե դատարանի դահլիճում, այլ փողոցներում՝ լուսարձակող փամփուշտների ու «չերյոմուխաների» կրակահերթերի տակ:

 

Կարծում ենք՝ այսքանը բավական է հասկանալու համար, թե ինչ նպատակով է որոշվել այնուամենայնիվ ծախսել այդ  5,5 միլիոն դոլարը: Հայաստանում պիտի արդարություն փնտրելու այլ հարթակ էլ լինի՝ փողոցից բացի: Իսկ եթե ՍԴ հաջորդ կազմը նույնպես «խամաճիկային» լինի՝ փողոցը կա ու կա:

Նյութի աղբյուր՝armtimes.com

Կարճ հասցե: javakhq.info/u/6862.html

Վերջին Լուրեր

1 2 3 4 5 >
Ամբողջը` 5838 : Ցուցադրված է` 1 - 15 :