«Մենք կորցնում ենք խելացի ուժի (smart power) պաշարը, որը մեզ միշտ ավելի բարձր դիրքերում է պահել Ադրբեջանից». Լարիսա Ալավերդյանը՝ հանրաքվեի մասին

«Մենք կորցնում ենք խելացի ուժի (smart power) պաշարը, որը մեզ միշտ ավելի բարձր դիրքերում է պահել Ադրբեջանից». Լարիսա Ալավերդյանը՝ հանրաքվեի մասին

ՀՀ մարդու իրավունքների առաջին պաշտպան, «Ընդդեմ իրավական կամայականությունների» հասարակական կազմակերպության գործադիր տնօրեն Լարիսա Ալավերդյանի համար հանրաքվեն՝ որպես մեխանիզմ, ընդունելի է, ուստի նա կողմնակից է, որ տեղական հանրաքվեների ինստիտուտը զարգանա:

 

«Հանրաքվեն այնպիսի մի հզոր գործիք է, որ հանրաքվեի դրված որևէ որոշում, օրենք, իրավական ակտ, պետք է ոսկերչական բծախնդրությամբ պատրաստված լինի, որ որևէ մեկը չկարողանա դրան որևիցե մի քննադատություն ասի: Այսինքն՝ հանրաքվեի գնացող իրավական ակտը պետք է անթերի լինի: Սա մեկ քաղաքական ուժի հանրաքվե չէ, սա համաժողովրդական է»,- լրագրողների հետ հանդիպմանը նշեց Ալավերդյանը՝ միաժամանակ նկատելով, որ կոնկրետ մարդկանց հարցն է դրված այստեղ, և, որ ուսումնասիրելով միջազգային փորձը, չի հանդիպել մի դեպք, երբ հանրաքվեի դրված հարցը վերաբերի կոնկրետ անձանց:

 

«Իշխանությունը որդեգրում է նոր ոճ՝ նոր իշխանություն, նոր ՍԴ: Սա աննախադեպ է, քանի որ բոլորը սպասում են, որ հին իշխանությունը գնա, նրանք, ովքեր նշանակել են այդ դատավորներին, որպեսզի դատարանն այլևս կախված չլինի այդ իշխանություններից, բայցև անկախ լինի նորերից: Հիմա մենք վերջապես ունենալով այս բաղձալի իրավիճակը՝ ստեղծում ենք նախադեպ, որ հաջորդ իշխանությունները ևս գան և ցրեն այն ՍԴ-ն, որը ձևավորելու են իրենք»,- արձանագրեց Մարդու իրավունքների առաջին պաշտպանը:

 

Անդրադառնալով «Ոչ»-ի ճամբարին՝ իրավաբաններից կազմված, Ալավերդյանն ասաց, որ նրանք ինչ-որ առումով շնորհակալ գործ են անում՝ լեգիտիմացնում են հանրաքվեն:

 

«Ամենավատ բանը կլիներ, եթե դե յուրե «Ոչ»-ի խումբ չձևավորվեր: Եթե այն չլիներ, միջազգային պրակտիկայում ընդունված լեզվով հանրաքվեն կբնութագրվեր ոչ մրցակցային կամ մրցակցայինի նմանակում: Դա շատ կարևոր է, ես ուզում եմ, որ իշխանությունները գնահատեն այն, որ լինելու է «Ոչ»-ի խումբ՝ հմուտ իրավաբաններից: Այդտեղից սպասել, որ կլինեն իրավաբանական սխալներ, պետք չէ: Կարող է հնչեն կոշտ կամ շատ բնութագրեր, բայց դրանք պետք է լինեն նորմատիվային այն լեքսիկոնի մեջ, որ դու քո ընդդիմախոսին հարգում ես»,- ընդգծեց Ալավերդյանը՝ այս համատեքստում կոչ անելով «Իմ քայլի» պատգամավորներին ԱԺ ամբիոնից չմրցել չարախոսությամբ և դա չշփոթել սրամտության հետ:

 

«Այդ չարախոսությամբ մրցելն ինձ հիշեցնում է ադրբեջանական մամուլի կողմից հայերի հանդեպ հնչեցված բառապաշարը: Պետք է համեմատենք բառապաշարը, որն օգտագործվում է ադրբեջանական մամուլում և սոցցանցերում հայերի վերաբերյալ, և մեր բառապաշարը, որն էլի վերաբերում է հայերին»,- նշեց Ալավերդյանը՝ հավելելով, որ, եթե մեր իշխանությունը չի կարողանում հարգանքով խոսել, բանակցել իր ներքին ընդդիմախոսների հետ, ինչպե՞ս է բանակցելու ադրբեջանցիների հետ:

 

168.am-ի հարցին, թե հանրաքվեն արտաքին դաշտում ինչ ռիսկեր և խնդիրներ է առաջացնելու պետության առջև, ՀՀ մարդու իրավունքների առաջին պաշտպանը վստահեցրեց՝ մենք կորցնում ենք խելացի ուժի (smart power) պաշարը, որը մեզ միշտ ավելի բարձր դիրքերում է պահել Ադրբեջանից, իսկ մենք չունենք ընդերք, նավթ, որը մեզ պաշտպանի:

Նյութի աղբյուր`168.am

Կարճ հասցե: javakhq.info/u/6854.html

Վերջին Լուրեր

1 2 3 4 5 >
Ամբողջը` 5838 : Ցուցադրված է` 1 - 15 :