«Ժողովուրդ»․ Վեթինգի գաղափարը վերակենդանանում է

«Ժողովուրդ»․ Վեթինգի գաղափարը վերակենդանանում է

«Փետրվարի 25-ին Ազգային ժողովում կանցկացվեն խորհրդարանական լսումներ՝ Դատական օրենսգրքի և կից օրենքների փոփոխությունների փաթեթի շուրջ: Երեկ այս մասին տեղեկացրել է ԱԺ պետաիրավական հարցերով հանձնաժողովի անդամ Արուսյակ Ջուլհակյանը և ընդգծել՝ քննարկումը լինելու է վեթինգի մասին օրենքի շուրջ:

 

Այս հայտարարությունն ուշագրավ է այնքանով, որ իշխանությունները, կարծես թե, հրաժարվել էին բուն վեթինգի գաղափարից, սակայն հիմա իմքայլական պատգամավորը կրկին նման որակում է տալիս: Ինչպես հայտնի է, դեռևս 2019 թվականի մայիսի 20-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդես էր եկել դատական համակարգի վերաբերյալ հայտարարությամբ` ասելով, թե Հայաստանում գործող բոլոր դատավորները պետք է ենթարկվեն վեթինգի։

 

 

«Այսինքն՝ հանրությունը պետք է ամբողջական տեղեկատվություն ունենա դատավորի ունեցած քաղաքական կապերի ու ծագումնաբանության, գույքային վիճակի, դատավորի կարգավիճակում և նախորդ շրջանում ծավալած գործունեության, անհատական և պրոֆեսիոնալ հատկանիշների մասին», – նշել էր վարչապետը:

 

Եվ վարչապետի հայտարարությունից անմիջապես հետո՝ մայիսի 21-ին, ՀՀ Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցությունը վեթինգի մասին օրենքի նախագիծ մշակելու որոշում էր կայացրել: Սակայն խմբակցությունն այդպես էլ ամբողջական տեսքի չբերեց այն, քանի որ ընթացքում իշխանությունը միտքը փոխեց և որոշեց, որ դատավորների հետ կապված խնդիրները կարելի է լուծել Սահմանադրական բարեփոխումների միջոցով, ինչը կառողջացներ նաև դատական համակարգը:

 

Եվ, ահա, «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ վերջերս իշխանության ներկայացուցիչները հաճախ են այս թեմայի շուրջ քննարկումներ ունենում և, ի վերջո, կրկին հանգել են վեթինգի գաղափարին: Թե ինչ կտան այս քննարկումները և ինչպես կկարողանան առողջացնել դատական համակարգը, ցույց կտա ժամանակը»,-գրում է թերթը:

Նյութի աղբյուր`ԹԵՐԹ․am

Կարճ հասցե: javakhq.info/u/6811.html

Վերջին Լուրեր

1 2 3 4 5 >
Ամբողջը` 4221 : Ցուցադրված է` 1 - 15 :