«Նիկոլ Փաշինյանը ձգտում է պետությունը անընդհատ պահել հանրահավաքային ռեժիմում, քանի որ հենց այդտեղ է նա կենսունակ». Դավիթ Մաթևոսյան

«Նիկոլ Փաշինյանը ձգտում է պետությունը անընդհատ պահել հանրահավաքային ռեժիմում, քանի որ հենց այդտեղ է նա կենսունակ». Դավիթ Մաթևոսյան

Սահմանադրական փոփոխությունների, գալիք հանրաքվեի և ներքաղաքական հարցերի շուրջ զրուցել ենք «Ոսկանապատ» վերլուծական կենտրոնի փորձագետ Դավիթ Մաթևոսյանի հետ։

 

– Ապրիլի 5-ին տեղի է ունենալու Սահմանադրական փոփոխությունների հանրաքվեն։ Ինչպե՞ս եք գնահատում ընթացիկ ներքաղաքական գործընթացները։ Ի՞նչ հնարավոր ռիսկեր եք տեսնում այս ամենում։

 

– Հայաստանում տեղի ունեցողը մարդկության պատմության մեջ նոր երևույթ չէ։ Աշխարհի տարբեր երկրներում այս ամենը արդեն եղել է։ Օրինակ, Ալբերտո Ֆուգիմորին Պերուում, Հուգո Չավեսը Վենեսուալեայում կամ Վիկտոր Օրբանը Հունգարիայում արել են գրեթե նույնը, ինչ Նիկոլ Փաշինյանը այսօր անում է Հայաստանում։

 

Բոլորին միավորող տրամաբանությունը հետևյալն է։ Սկզբում դու քաղաքական աութսայդեր ես: Հետո ինչ-որ ճանապարհով գալիս ես իշխանության՝ հենվելով հասարակական հարաբերություններում առկա որևէ խնդրի կամ ճգնաժամի վրա: Այդ խնդիրները կարող են տարբեր լինել՝ հարուստներ, հրեաներ, կոմունիստներ, կոռուպցիոներներ, բայց հռետորաբանության մեջ նրանք բոլորը «ժողովրդի թշնամիներն» են: Նրանց նկատմամբ հանրային ատելություն անընդհատ գեներացնելով և դա օգտագործելով՝ դու շարունակ ընդլայնում ես քո իշխանությունը և քայքայում ժողովրդավարական ինստիտուտները։ Հենց այս ճանապարհով է, օրինակ, Պերուի առաջնորդ Ֆուգիմորին վերացրել երկրի Սահմանադրությունը։

 

 

Հայաստանում Փաշինյանը խախտում է ժողովրդավարական խաղի կանոնները, չի ընդունում իր մրցակիցների քաղաքական որևէ գոյության իրավունք, խրախուսում է ատելությունը, չի խորշում դատական համակարգի նկատմամբ բացահայտ ճնշումներից: Ժանրի կանոններով երկրում շրջում է «հեղաշրջման փորձի» մասին միֆը, որի միակ նպատակն է հնարավորինս շատ մարդ համախմբվել իշխող ուժի կողքին «հակահեղափոխությունը կանխելու համար»: Այս տեխնոլոգիան էլ նոր չէ։ Ամեն ինչ ընթանում է դասագրքային ճանապարհով։ Բայց վերջնարդյունքում, կարծում եմ, ձախողվելու են, քանի որ նույնիսկ ավտորիտար լինելու համար կազմակերպվածության որոշակի մակարդակ է պետք։ Ես այդ մակարդակը դեռևս չեմ տեսնում։

 

– Դուք նշեցիք, որ Փաշինյանը մերժում է ժողովրդավարական խաղի կանոնները։ Ի՞նչ նկատի ունեք։ Ի վերջո, ՍԴ դատավորներին ոչ թե ձերբակալում են, այլ նրանց հարցը դրվում է հանրաքվեի։ Եթե ՍԴ-ն վայելում է մեծամասնության վստահություն, ի՞նչ խնդիր կարող է առաջանալ։

 

– Նախ, Սահմանադրական դատարանը քաղաքական ինստիտուտ չէ, և անիմաստ է չափել նրա քաղաքական վստահության աստիճանը: Դատական համակարգը մասնագիտացված կառույց է, որի արդյունավետության չափման մի քանի մեխանիզմներ կան, բայց վստահաբար դա հանրաքվեն չէ։ Մեզ պետք չեն ժողովրդական դատարաններ, ինչպես ԽՍՀՄ-ում էր։ Մեզ պետք են օրենքի դատարաններ։

 

Երկրորդ, Ժողովրդավարությունը ենթադրում է, որ գոյություն ունեն խաղի սահմանված կանոնները, և նույնիսկ ձայների բացարձակ մեծամասնությամբ ընտրված իշխանությունը ունի գործունեության հստակ սահմաններ: Հանրաքվեի հետ կապված իրավական խնդիրների մասին արդեն խոսել են երկրի ամենահեղինակավոր իրավաբանները, իսկ որպես հակափաստարկ հնչել է «ժողովրդն ա ուզում» թեզը։ ժողովրդավար պետությունում ժողովրդի կամքը չի կարող վեր լինել իրավունքի գերակայությունից։

 

Եվ երրորդ, դատական իշխանությունը պետք է անկախ լինի օրվա քաղաքական իշխանության ազդեցությունից։ Ինչպե՞ս է հնարավոր դրան հասնել։ Ամենաարդյունավետ ճանապարհներից մեկը դատավորների աշխատանքային երկարակեցությունն է։ Այսինքն, երբ քաղաքական իշխանության փոփոխությունը չի հանգեցնում դատական իշխանության փոփոխության։ Օրինակ` ներկա ՍԴ-ի կազմում կան Հայաստանի գրեթե բոլոր նախկին ղեկավարների կողմից փաստացի ներկայացված դատավորներ։ Եթե չեմ սխալվում, միայն Ռոբերտ Քոչարյանի օրոք ՍԴ դատավոր չի ընտրվել: Բայց ի՞նչ կլինի, եթե նախկին ղեկավարների կողմից նշանակված ՍԴ դատավորներին փոխարինեն Փաշինյանի կողմից նշանակված դատավորները։ Արդյո՞ք նրանք ավելի անկախ և անաչառ կդառնան։ Իսկ եթե հաջորդ խորհրդարանական ընտրություններում քաղաքական իշխանություն փոխվի երկրում, արդյո՞ք նորերը հիմք կունենան պնդելու, որ դատավորները պետք է փոխվեն, քանի որ նրանք նախկինների կողմից են նշանակվել։ Սա անվերջ շղթա կարող է դառնալ։ Ուստի ակնհայտ է, որ տեղի ունեցողը ժողովրդավարական արժեքների հետ որևէ առնչություն չունի։

 

– Փետրվարի 17 -ից մեկնարկում է քարոզարշավը։ Ըստ Ձեզ՝ ինչպե՞ս կընթանա քարոզարշավը։ Ինչու՞ են քաղաքական ուժերը խուսափում «Ոչ»-ի ճամբար ձևավորելուց։

 

Յուրաքանչյուր ոք ցանկանում է գործել այնպիսի միջավայրում, որը ամենից հարմարն է իրեն։ Հենց նույն տրամաբանությամբ Նիկոլ Փաշինյանը ձգտում է պետությունը անընդհատ պահել հանրահավաքային ռեժիմում, քանի որ հենց այդտեղ է նա կենսունակ։ Առօրյա կառավարչական գործունեությունը, զարգացման ծրագրերը, կատարողականի հաշվետվությունները թերևս ձանձրալի են նրա համար։

 

Քարոզարշավի ընթացքում անցյալին հակադրվելը շարունակելու է մնալ իշխանության հիմնական նարատիվը: Նրանք փորձելու են քարոզարշավը վերածել թշնամանքի նոր քարոզի, մարդկանց համոզել, որ նախկինների վերադարձի վերջին հույսը հենց ՍԴ-ն է, ուստի պետք է վերջին անգամ «այո ասել հեղափոխությանը»։ Քարոզարշավը, ցավոք, չի ունենալու ոչ քաղաքական, ոչ իրավական բովանդակությունը: Ամեն ինչ կսահմանափակվի «Սերժին դեմ ես` սիգնալ տուր» ոճի կարգախոսներով: Հանրահավաքից արձակված դատավճիռներ, ազգի հին ու նոր դավաճանները, քվեարկության օրվան նախորդող աղմկահարույց բացահայտումներ՝ այս ամենը կանխատեսելու համար քաղաքագետ լինելը պարտադիր չէ։

 

Իսկ «Ո՛չ»-ի ճամբարի չձևավորվելը հետաքրքիր բացատրություն ունի։ Հայաստանում մարդկանց զգալի մասը չի պատկերացնում, որ հնարավոր է չվիճարկել իշխանության լեգիտիմությունը և միաժամանակ անհամաձայնություն հայտնել նրան որևէ կոնկրետ գործում: Այսինքն, պետք է կա՛մ միշտ կողմ լինես, կա՛մ միշտ դեմ: Լայն զանգվածների ընկալումներում եթե դու «Ոչ»-ի կողմնակից ես, ընդհանրապես դեմ ես հեղափոխությանը, կողմ ես կոռուպցիային և տենչում ես նախկինների վերադարձը: Հենց այդ պատճառով էլ քաղաքական ուժերը այժմ խուսափում են «Ոչ»-ի ճամբար ձևավորել։

 

– Ի՞նչ արդյունքներ եք կանխատեսում։

 

– Մենք պետք է ինքներս մեզ մի քանի հարց տանք։ Ցանկանո՞ւմ են ՀՀ քաղաքացիները ունենալ հավասարակշռված իշխանություն։ Գիտե՞ն նրանք, թե ինչ հետևանքների կարող է հանգեցնել զսպումների և հակակշիռների բացակայություն։ Թերևս՝ ո՛չ։ Մարդիկ չեն ընկալում անկախ դատարան հասկացությունը և ապրիլի 5-ին քվեարկելու են ըստ քաղաքական համակրանքների, որոնք խիստ փոփոխական են, սակայն հետևանքները տասնամյակների ազդեցություն կարող են ունենալ։ Մյուս կողմից էլ, սա այն հարցը չէ, որում մեր բնակչությունը խիստ հետաքրքրված է։ Ուստի, եթե սև-սպիտակի քարոզարշավը չհաջողվի, իշխանությունները ունենալու են խնդիրներ մասնակցության նվազագույն շեմը ապահովելու հարցում։ Շատ բան քարոզարշավից է կախված։

 

Անկախ նրանից, թե հանրաքվեն ինչ արդյունքներ կունենա, իշխանությունները հանրաքվեից հետո լուրջ խնդիրներ են ունենալու։ Ներկա իշխանությունն ունի իշխելու երկու ռեսուրս՝ վարչական լծակ և ժողովրդական համակրանք։ Նույնիսկ եթե «Այո՛»-ն հաղթի, հետհեղափոխական 70-80% աջակցության ընկալումը վերանալու է, որից հետո իշխանությունները կա՛մ խստացնելու են վարչական լծակի ազդեցությունը, կա՛մ երկրում քայլ առ քայլ սկսվելու է իշխանափոխության նոր գործընթաց։

 

Լուսինե Մարգարյան

Նյութի աղբյուր`168.am

Կարճ հասցե: javakhq.info/u/6798.html

Վերջին Լուրեր

1 2 3 4 5 >
Ամբողջը` 4221 : Ցուցադրված է` 1 - 15 :