Ես պատրաստվում եմ հրապարակել մինչեւ 2050 թվականը մեր ռազմավարական տեսլականը. Փաշինյանը՝ Բեռլինում

Ես պատրաստվում եմ հրապարակել մինչեւ 2050 թվականը մեր ռազմավարական տեսլականը. Փաշինյանը՝ Բեռլինում

Շատ կարեւոր է արձանագրել այն գաղափարախոսությունը, որն այսօր ընկած է Հայաստանի Հանրապետության կառավարության տնտեսական քաղաքականության հիմքում. Ընդհանրապես, հեղափոխությունը հիմնված էր շատ երկար տարիներ մեր կողմից բարձրաձայնվող մի կարգախոսի վրա: Այս մասին փետրվարի 13-ին «Ֆրիդրիխ Էբերտ» հիմնադրամում կազմակերպված քննարկման ժամանակ իր ելույթում նշել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

 

Նա, մասնավորապես, նշել է. «Երբ մենք Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին ասում էինք, որ Հայաստանի ապագան կախված է մեկ մարդուց եւ այդ մեկ մարդը դու ես: Մենք ուզում ենք, որ Հայաստանի յուրաքանչյուր քաղաքացի որդեգրի հենց այս կարգախոսը, որ Հայաստանի ապագան կախված է մեկ մարդուց եւ այդ մեկ մարդը ես եմ: Երբ տեղի ունեցավ քաղաքական հեղափոխությունը` մենք որդեգրեցինք տնտեսական հեղափոխության օրակարգը եւ ըստ էության նույն հայեցակարգը դնում ենք տնտեսական հեղափոխության հիմքում` քաջալերելով մեր քաղաքացիներին տնտեսական գործունեություն ծավալել եւ հավատալ աշխատանքով սեփական բարեկեցությունը եւ երկրի բարեկեցությունը ապահովելու ուժին:

 

Եվ մենք մեր քաղաքացիներին, այդ թվում, իհարկե օտարերկրյա ներդրողներին կոչ ենք անում տնտեսական գործունեություն ծավալել Հայաստանի Հանրապետությունում եւ այսպիսով հարստանալ եւ հարստացնել:

 

Երբ մենք այս քաղաքականանությունը, հայեցակարգը առաջարկում էինք, դա 2018 թվականն էր` անմիջապես հեղափոխությունից հետո: Շատ մեծ հոռետեսություն կար, թե ինչպես դա կարող է որեւէ տնտեսական արդյունքի բերել եւ 2019 թվականն այս առումով շատ կարեւոր էր, որովհետեւ ցույց տվեց, որ տնտեսական հեղափոխությունը նույնպես հնարավոր է իրականացնել այն պայմաններում, երբ յուրաքանչյուր քաղաքացի քաջալերվում է հավատալ իր ուժերին, իր ստեղծարար տաղանդին եւ իհարկե կառավարությունը որոշակի քայլեր է ձեռնարկում այդ ստեղծարար տաղանդի իրացման համար պայմաններ ստեղծելու առումով:

 

Մեր այսօրվա տնտեսական քաղաքականության առանցքը հենց դա է, մենք ասում ենք, որ անհատական ջանքն է այն կարեւոր գործոնը, որ ի վերջո հանգեցնելու է Հայաստանում տնտեսական հեղափոխության, որը մեր համոզմամբ եւ արձանագրված ցուցանիշներով արդեն իսկ սկսվել է:

 

Բայց այս առումով մեզ համար շատ կարեւոր է, որպեսզի քաջալերենք կրթությունը: Առաջիկայում ես պատրաստվում եմ հրապարակել մինչեւ 2050 թվականը մեր ռազմավարական տեսլականը Հայաստանի վերաբերյալ եւ այնտեղ ձեւակերպված են լինելու այն խնդիրները, որոնք մենք ձեւակերպում ենք որպես ռազմավարական նպատակ մեր երկրի համար: Եվ այնտեղ կա մի կետ, որը կապված է կրթության հետ, որը ես շատ կարեւորում եմ եւ այդ կետը հնչում է մոտավորապես այսպես, որ մենք խնդիր ունենք` կրթությունը Հայաստանի Հանրապետությունում դարձնել ազգային ապրելակերպ:

 

Ի՞նչ է դա նշանակում. սովորաբար շատ տեղերում կամ շատ դեպքերում կրթություն ասելով հասկանում են նախակրթարան, դպրոց, բուհական կրթություն, բայց մենք կարծում ենք, որ Հայաստանի Հանրապետությունում կրթության նկատմամբ վերաբերմունքը պետք է փոխվի, որովհետեւ կարծում ենք, որ կրթությունը մի պրոցես է, որ մարդ պետք է ապրի ամբողջ կյանքի ընթացքում:

 

Ես ինքս էլ որպես վարչապետ մի քանի անգամ առիթ եմ ունեցել ասելու, որ ես հենց այդպես եմ վերաբերվում հարցերին, որովհետեւ մեզնից յուրաքանչյուրի կրթական մակարդակը, ինտելեկտուալ մակարդակը, մասնագիտական մակարդակը ամեն յուրաքանյուր օրը պետք է ավելի բարձր լինի, քան նախորդ օրը: Եվ սա է այն մոդելը, որ մենք ուզում ենք դնել մեր հասարակության հիմքում:

 

Ընդ որում, կրթություն ասելով մենք չենք հասկանում գիտելիք, որովհետեւ կարծում ենք, որ ենթադրենք` նույնիսկ փականագործը ամեն հաջորդ օրը պետք է լինի ավելի լավ փականագործ, քան նախորդ օրը, ավելի պրոֆեսիոնալ փականագործ, քան նախորդ օրը: Ազգային ժողովի պատգամավորն ամեն հաջորդ օր պետք է լինի ավելի լավ պատգամավոր, քան նախորդ օրը, վարչապետն ամեն հաջորդ օր պետք է լինի ավելի լավ վարչապետ, քան նախորդ օրը, իսկ սա հնարավոր է այն պարագայում, երբ մեզնից յուրաքանչյուրը գիտակցում է, որ կրությունը մեր ամենօրյա աշխատանքի անբաժանելի եւ անսակարկելի մասը պետք է դառնա»:

Նյութի աղբյուր` NEWS.am

Կարճ հասցե: javakhq.info/u/6741.html

Վերջին Լուրեր

1 2 3 4 5 >
Ամբողջը` 5838 : Ցուցադրված է` 1 - 15 :