1000 դոլար կաշառք վերցնելիս ԵՊՀ դասախոս է բերման ենթարկվել, բացահայտվել են կաշառքի մի շարք դեպքեր. ԱԱԾ

1000 դոլար կաշառք վերցնելիս ԵՊՀ դասախոս է բերման ենթարկվել, բացահայտվել են կաշառքի մի շարք դեպքեր. ԱԱԾ

ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը հանցավորության դեմ պայքարի եւ կոռուպցիայի տարաբնույթ դրսեւորումների հակազդման ոլորտում օրենքով իրեն վերապահված լիազորությունների շրջանակներում ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների եւ քննչական գործողությունների արդյունքում բացահայտել է կաշառք ստանալու դեպքեր:

 

Ստացված փաստական տվյալների համաձայն՝ Երեւանի պետական համալսարանի դասախոսը, վկայակոչելով տարբեր ԲՈՒՀ-երում դասավանդող եւ կազմակերպչա-տնօրինչական լիազորություններով օժտված իրավասու անձանց հետ իր գործնական կապերը, 2017-2019 թթ. ընթացքում մի շարք քաղաքացիներից ստացել է տարբեր չափերի՝ 1000-ից մինչեւ 8000 ԱՄՆ դոլար գումար՝ վերջիններիս կամ նրանց ներկայացրած անձանց օգտին ակնհայտ ապօրինի գործողություններ կատարելու համար: Մասնավորապես, հիշյալ դասախոսը նշված գումարներն ստացել է սահմանված ընթացակարգի խախտմամբ ԲՈՒՀ ընդունելու, ընթացիկ միջանկյալ քննություններին դրական գնահատականների ստացումն ապահովելու, պետպատվերի շրջանակներում մագիստրատուրայում ձեւակերպելու եւ նմանատիպ այլ հարցեր համապատասխան պաշտոնատար անձանց, որոշ դեպքերում նաեւ միջնորդների միջոցով լուծելու համար:

 

ՀՀ ԱԱԾ օպերատիվ ստորաբաժանումների աշխատակիցների հսկողության ներքո ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի ուսանողի միջանկյալ քննության դրական գնահատականի ստացումը հերթական անգամ ապահովելու համար 2020 թ. հունվարի 31-ին 1000 ԱՄՆ դոլարը վերցնելիս հիշյալ դասախոսը բռնվել ու բերման է ենթարկվել ՀՀ ԱԱԾ աշխատակիցների կողմից եւ խոստովանել հանցագործության կատարումը:

 

Առերեւույթ հանցագործության դեպքերի առթիվ ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտում հարուցվել է քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի համապատասխան հոդվածներով, կատարվում է նախաքննություն, միջոցներ են ձեռնարկվում հանցավոր շղթայի մեջ ներգրավված բոլոր անձանց պարզելու եւ պատասխանատվության ենթարկելու ուղղությամբ։

Նյութի աղբյուր` NEWS.am

Կարճ հասցե: javakhq.info/u/6734.html

Վերջին Լուրեր

1 2 3 4 5 >
Ամբողջը` 5838 : Ցուցադրված է` 1 - 15 :