Նիկոլ Փաշինյանը կտապալի՞ հանրաքվեն

Նիկոլ Փաշինյանը կտապալի՞ հանրաքվեն

Իշխանությունն արդեն սկսել է ապրիլի 5-ին նշանակված սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի քարոզարշավը։ Վարչապետն ու իշխանության այլ ներկայացուցիչներ արդեն հանդես են եկել դրա մեկնարկն ազդարարող գրառումներով ու լայվերով։ Այդ, ինչպես և այլ հարակից քարոզիչների տեքստերում կարմիր թելի պես անցնում է այն գաղափարը, որ սա ոչ այնքան սահմանադրության կոնկրետ հոդվածը փոխելու վերաբերյալ հանրաքվե է, որքան հեղափոխության երկրորդ արարը, որ «Այո» ասելով՝ քաղաքացիները «Ոչ» են ասելու ոչ միայն՝ Հրայր Թովմասյանին ու ՍԴ անդամներին, այլև՝ նախկին իշխանություններին՝ առանձին-առանձին ու ամբողջության մեջ։

Մի խոսքով, իշխանության կողմից ամեն ինչ արվում է սպասվող հանրաքվեն որպես հեղափոխական ակտ ներկայացնելու համար։

 

Հաշվարկը հասկանալի է՝ այդ ճանապարհով փորձ է արվում հասարակության մեջ արթնացնել զգայական ֆոնը, որը, իշխանության կարծիքով՝ մարդկանց տանելու է ընտրատեղամասեր ու ստիպելու է «Այո» ասել սահմանադրական փոփոխություններին։ Դա, սակայն, չափազանց դժվար լուծելի խնդիր է, գոնե այս պահին շատ մշուշոտ է թվում շուրջ 650.000 «Այո» քվեներ ապահովելու՝ իշխանության նպատակադրումը։

 

Առավել ևս, որ հանրաքվեին քվեարկելու համար իրական մարդկանց ներկայություն է պետք, իսկ Ֆեյսբուքում և այլ սոցիալական ցանցերում իշխանություններին տարբեր ածականներով քծնանքի, գովեստի տողեր և ընդդիմությանը հայհոյանքի խոսքեր գրող օգտատերերի գերակշռող մասը կամ կեղծ լուսանկարներով բացված (ֆեյք, իրականում գոյություն չունեցող) օգտահաշիվներից են, կամ Սփյուռքում՝ տարբեր երկրներում ապրողներ, որոնք ոչ միայն չեն կարող քվեարկել, այլև Փաշինյանի կոչին կհետևեն միայն այն դեպքում, եթե, օրինակ, ավիատոմսի և հյուրանոցի հարց լուծվի:

 

Հիշեցնենք, որ Փաշինյանը նախօրեին դաշնակահար Վահագն Հայրապետյանի համերգից ուղիղ հեռարձակմամբ կոչով դիմեց արտերկրի հայերին:

 

«Ես գիտեմ, որ նման շատ քաղաքացիներ կան, որոնք ուզում էին 2018 թվականի Թավշյա հեղափոխությանը մասնակցեին Հանրապետության հրապարակում, սակայն օբյեկտիվ և սուբյեկտիվ պատճառներով չեն կարողացել, կրկին նման հնարավորություն է ստեղծվել: Կոչ եմ անում այսօրվանից ավիատոմսեր պատվիրել և ապրիլի 5-ին գալ Հայաստան, մասնակցել հանրաքվեին, այո ասել հեղափոխությանը, այո ասել օրինականությանը, այո ասել ազատ և երջանիկ Հայաստանին, այո ասել ազատ և երջանիկ ներկային ու ապագային: Հանդիպում ենք ապրիլի 5-ին՝ ընտրական տեղամասերում,- ասաց Փաշինյանը՝ ավելացնելով,-  Հատկապես, որ կան էժան ավիատոմսեր»:

 

Իսկ ի՞նչ է լինելու, եթե իշխանությանը չհաջողվի այդքան կողմ ձայներ ստանալ, ո՞րը կարող է լինել հանրաքվեի տապալման քաղաքական հետևանքը։ Եթե առաջնորդվենք իշխանության այն տրամաբանությամբ, որով սահմանադրական փոփոխությունների հանրաքվեն փորձ է արվում ներկայացնել՝ որպես Նիկոլ Փաշինյանի վստահության հանրաքվե, ապա դրա տապալման դեպքում նշանակելու է, որ հանրությունը գործող իշխանությանը չի վստահում այնքան, որքան վստահել է մեկ տարի առաջ՝ խորհրդարանական ընտրությունների ժամանակ։

 

Այսինքն՝ հանրաքվեի տապալումը նշանակելու է նոր քաղաքական ստատուս-քվո, իսկ դրա իրավական ամրագրումը կարող է տեղի ունենալ միայն նոր՝ արտահերթ խորհրդարանական ընտրությունների միջոցով։ Առաջին հայացքից իշխանության համար ոչ ցանկալի թվացող այս հեռանկարն իրականում կարող է շատ ցանկալի լինել անձամբ Նիկոլ Փաշինյանի համար։

 

Արտահերթ խորհրդարանական ընտրությունները նրան հնարավորություն կտան ձերբազատվելու բալաստի վերածված խորհրդարանական մեծամասնությունից, բացի այդ, նոր ընտրական ցիկլի պատրվակով հետաձգել ինչ-ինչ հարցերում ստանձնած պարտավորություններ, այդ թվում՝ ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում։ Իսկ եթե դրան ավելացնենք այն հեռանկարը, որ արտահերթ ընտրությունները նաև քարոզչության ու հեղափոխության «նոր ալիքի» սանձազերծման հնարավորություն են պարունակում, ապա հանրահավաքային տարերք ունեցող Նիկոլ Փաշինյանի համար այն կարող է շատ գայթակղիչ թվալ։

Նյութի աղբյուր`168.am

Կարճ հասցե: javakhq.info/u/6456.html

Վերջին Լուրեր

1 2 3 4 5 >
Ամբողջը` 5838 : Ցուցադրված է` 1 - 15 :