ՀՀ-ն կպարտվի ՄԻԵԴ-ում, իր քաղաքացիների համար դատական պաշտպանություն չապահովելը կոնվենցիայի խախտում է․ Գոռ Հովհաննիսյան

ՀՀ-ն կպարտվի ՄԻԵԴ-ում, իր քաղաքացիների համար դատական պաշտպանություն չապահովելը կոնվենցիայի խախտում է․ Գոռ Հովհաննիսյան

Քանի որ ՀՀ յուրաքանչյուր քաղաքացի ունի իր խախտված իրավունքների արդյունավետ դատական պաշտպանության իրավունք, ուստի ազատված դատավորներին նույնպես պետությունը պարտավոր է տրամադրել արդյունավետ դատական պաշտպանություն։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Գերմանիայում աշխատանքային երկարամյա փորձ ունեցող իրավագիտության դոկտոր, ՍԴ դատավորի թեկնածու առաջադրված Գոռ Հովհաննիսյանը։

 

«Իմ գերմանացի գործընկերների հետ պարբերաբար քննարկում եմ Հայաստանում տեղի ունեցող դեպքերը։ Նրանք անընդհատ հարցնում են, թե ինչ նորություն կա Հայաստանից։ Երեկ գիշեր Բուդապեշտից Դրեզդեն վերադառնալիս գնացքում քննարկում էինք հանրաքվեով ՍԴ դատավորներին պաշտոնից ազատելու թույլատրելիությունը։ Բոլորս համակարծիք էինք, որ դա ուղղակի աբսուրդ է։ Հետո սկսեցինք մտածել, թե աշխատանքից ազատված դատավորներն ինչպես կարող են պաշտպանել իրենց խախտված իրավունքները։ Շատ կարճ քննարկումից հետո հանգեցինք հետևյալ արդյունքին։

 

Քանի որ ՀՀ յուրաքանչյուր քաղաքացի ունի իր խախտված իրավունքների արդյունավետ դատական պաշտպանության իրավունք, ուստի ազատված դատավորներին նույնպես պետությունը պարտավոր է տրամադրել արդյունավետ դատական պաշտպանություն։ Քանի որ նրանք աշխատանքից ազատվում են սահմանադրական փոփոխության միջոցով, ուստի ոչ մի սովորական դատարան չի կարող քննել այդ հարցը, քանի որ նրանց իրավասությունը չի հերիքում սահմանադրական նորմերը վերացնելու համար։ Դա կարող է անել միայն Սահմանադրական դատարանը։ Հետևաբար, քանի որ դատական պաշտպանության որևէ միջոց չկա, որը հնարավոր է սպառել, ՍԴ դատավորները կարող են անմիջականորեն անհատական դիմումով դիմել ՀՀ Սահմանադրական դատարան և Եվրոպական դատարան։ Բայց նրանց ազատվելու պատճառով չի լինի այդ դիմումը քննելու հնարավորություն ունեցող ՍԴ։ Այսինքն՝ Հայաստանի Հանրապետությունն իր այդ քաղաքացիներին ընդհանրապես չի տրամադրի որևէ դատական պաշտպանություն, ինչը ՀՀ Սահմ․ 63-րդ հոդվածի կոպիտ խախտում է։ Ու արդեն զուտ այդ հիմքով Հայաստանի Հանրապետությունը կպարտվի Եվրոպական դատարանում, քանի որ երկրի ներսում սեփական քաղաքացիների համար դատական պաշտպանություն չապահովելը միաժամանակ Եվր․ Կոնվենցիայի 6-րդ հոդվածի խախտում է։

 

Հետո ասինք, որ Եվրոպական դատարանի վճիռը, որով հաստատվում է կոնվենցիայի խախտում, Եվր․ Կոնվենցիայի 46-րդ հոդվածին համապատասխան պարտավորեցնում է պետությանը վերացնել խախտումը և հնարավորինս վերականգնել մինչև խախտումը գոյություն ունեցած վիճակը (restitutio in integrum), իսկ եթե կոնվենցիայի խախտումը դեռ շարունակվում է, ապա պետությունը պարտավոր է դադարեցնել այն։ Հարց՝ բայց ո՞նց։ Եվր․ դատարանի վճռից բխող պարտականությունները պետք է կատարվեն բոլոր պետական մարմինների կողմից իրենց իրավասությունների ոլորտում։ Եթե, օրինակ, վճռից բխում է, որ Եվր․ դատարանը մի իրավադրույթ հակակոնվենցիոն է համարում, ապա օրենսդիրը պարտավոր է ուղղել այդ կարգավորումը։ Եթե հակակոնվենցիոն է մի վարչական ակտ, ապա վարչական մարմինն ուժը կորցրած է ճանաչում այն՝ կիրառելով վարչական վարույթի մասին ազգային օրենքը. հակակոնվենցիոն վարչական պրակտիկան պետք է փոխվի։ Սկսեցինք մտածել, թե ինչ պիտի լինի, եթե Եվր․ դատարանը հակակոնվենցիոն ճանաչի հանրաքվեով ընդունված նոր կարգավորումը։ Բնականաբար այն պիտի ուղղվի, բայց ո՞նց։ Նորից հանրաքվե պիտի անցկացվի ու նորմը հետ փոխվի՞։ Իսկ ո՞վ կերաշխավորի հանրաքվեի արդյունքները։ Իսկ գուցե ԱԺ-ն ինքը՞ պիտի նորից վերականգնի նախկին կարգավորումը։ էս դեպքում սկզբունքորեն հնարավոր է։ Իսկ եթե խոսքը վերաբերեր միայն հանրաքվեով փոփոխության ենթակա նորմերին, ապա ի՞նչպես պիտի վերականգնվեր մինչև խախտումը գոյություն ունեցած վիճակը․․․

 

Ու էսպես մոտ 15 իրավաբաններով լրիվ խճճվեցինք էս աբսուրդ վիճակից ու որոշեցինք մի քիչ քնել»,-նշել է նա։

 

Նյութի աղբյուր` NEWS.am

Կարճ հասցե: javakhq.info/u/6395.html

Վերջին Լուրեր

1 2 3 4 5 >
Ամբողջը` 5838 : Ցուցադրված է` 1 - 15 :