Նման «բլթոցները» հենց այդ նպատակն ունեն. այդպես ավելի հեշտ է

Նման «բլթոցները» հենց այդ նպատակն ունեն. այդպես ավելի հեշտ է

«Փաստ» թերթը գրում է. «Նախօրեին ԱԺ «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցն ասել է, թե «ՀՀ քաղաքացին մեր առջեւ պահանջ է դնում...», մնացյալը կարեւոր չէ: Երեկ ողջ օրը այս ձեւակերպումը քննադատության եւ հեգնանքի պատճառ էր դարձել սոցցանցերում, նույնիսկ գնահատականներ էին հնչում, թե սա հերթական «բլթոցն» է: 

 

Իրականում ոչ մի «բլթոց» էլ չկա, մենք գործ ունենք իշխող ուժի մտածելակերպի ու որդեգրած քաղաքականության հետ, այն է՝ ցանկացած քայլ, որը անօրինական է կամ մեծ աղմուկի պատճառ կարող է դառնալ, անցկացնել ժողովրդի անվան տակ, այսինքն՝ բարդել հասարակության գլխին: 

 

Հասկանալի է՝ այսպես ավելի հեշտ է: Սակայն դա աշխատում էր 2018 թվականին, թեպետ նույնիսկ այն ժամանակ ամբողջ ժողովրդի կամ ՀՀ բոլոր քաղաքացիների անունից խոսելը (գործելը) չէր կարող արդարացված համարվել: 

 

Հիմա՝ առավել եւս, երբ Նիկոլ Փաշինյանի, առավել եւս իր թիմի վարկանիշից պարզապես փշրանքներ են մնացել: Եվ ընդհանրապես, ոչ մի հարցի առնչությամբ ոչ մի ուժի կամ անհատի իրավունք տրված չէ խոսել, գործել, առավել եւս օրենք խախտել ողջ ժողովրդի անունից: 

 

«Ողջ ժողովուրդը» կամ «ՀՀ բոլոր քաղաքացիները» ֆեյսբուքյան սատելիտները, ֆեյքերն ու ֆեյք աշխատեցնողները չեն: Իրականությունը չափազանց շատ է տարբերվում սոցցանցային այն իրականությունից, որը փորձում են նշյալների միջոցով ձեւավորել իշխանությունները: Սրա արդյունքում ոչ թե հասարակությանը, այլ հենց իրենք իրենց են համոզում, որ իրենք դեռ վարկանիշ ունեն, որ հանրության զգալի մասը դեռ վստահում է իրենց, որ ամեն ինչ հրաշալի է: 

 

Իսկ ՀՀ բոլոր քաղաքացիների կարծիքը կարելի է իմանալ միայն մեկ ճանապարհով՝ հանրաքվեով: Այնինչ, նույն այդ քաղաքացիների անունից հանդես եկող ուժը ցանկանում է նույնիսկ հանրաքվեի ինստիտուտն անտեսել: Չհաշված, որ բոլոր այն դեպքերում, երբ հանրությանը հուզող որեւէ որոշում է կայացվում, որպես կանոն, անտեսվում են ՀՀ քաղաքացիները:

 

 Հնարավոր է, որ նման «բլթոցները» հենց այդ նպատակն ունեն՝ մենք գիտենք ձեր կարծիքը, այնպես որ, հարցնելու կարիք չկա: Ու նորից՝ իրականությունը բացարձակ այլ է ու ոչ մի աղերս չունի նման մտածելակերպի հետ: 

 

Այնպես որ, Լիլիթ Մակունցը մեղավոր չէ. նա թիմի անդամ է եւ շարժվում է թիմի սկզբունքներով: Այլ հարց է, թե որքանով են այդ սկզբունքներն արդարացված, եւ որքանով են այդ սկզբունքներով շարժվողները լիարժեք համաձայն դրանց հետ: Բայց դա արդեն այլ թեմա է»:

Նյութի աղբյուր` NEWS.am

Կարճ հասցե: javakhq.info/u/6108.html

Վերջին Լուրեր

1 2 3 4 5 >
Ամբողջը` 5838 : Ցուցադրված է` 1 - 15 :