«Իմ քայլի» պատգամավորները Դիլիջանում նախապատրաստվել են ընտրություններին. Այսքան շո՞ւտ

«Իմ քայլի» պատգամավորները Դիլիջանում նախապատրաստվել են ընտրություններին. Այսքան շո՞ւտ

«Իրատես» թերթը գրում է. «Նախորդ շաբաթվա աշխատանքային վերջին երկու օրը խորհրդարանում «Իմ քայլի» ներկայացուցիչների «դեֆիցիտ» էր: Իշխանական պատգամավորների մեծամասնությունը Դիլիջանում էր, մի մասը՝ Թիբիլիսի գործուղման էր մեկնել, ոմանք էլ, ըստ երեւույթին, օգտվել էին գործընկերների բացակայությունից ու իրենք իրենց արձակուրդ էին տվել:

 

Կառավարության որոշմամբ՝ նախորդ շաբաթվա աշխատանքային երկուշաբթին տեղափոխվել էր շաբաթ օրը, պատգամավորները սակայն հաշվի չէին առել այդ հանգամանքն ու իրենք իրենց որոշել Դիլիջանում եռօրյա գործուղում կազմակերպեել: Թե որն է խորհրդարանի շենքից դուրս արտագնա քննարկում կազմակերպելու առաջնահերթությունը, մեզ այդպես էլ չհաջողվեց ճշտել:

 

Խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցի ֆեյսբուքյան գրառումից կարողացանք տեղեկանալ միայն, որ ռազմավարություն են մշակել: «2020-ի ռազմավարական պլանավորման արտագնա աշխատանքային հանդիպման ընթացքում «Իմ քայլը» խմբակցությունը քննարկում է հետեւյալ առաջնահերթությունները` ԶԼՄ բարենպաստ իրավական միջավայր, Ընտրական օրենսգիրք, կուսակցությունների մասին օրենք, առողջության համապարփակ ապահովագրություն, սահմանադրական բարեփոխումներ, ՏԻՄ, գյուղատնտեսություն, ընդերք, ջրային տնտեսություն եւ ռազմավարական այլ ուղղություններ ու մոտեցումների հստակեցում»,- գրել էր Մակունցը:

 

«Իրատեսի» զրուցակիցը փոխանցեց սակայն, որ իմքայլականներն իրականում այլ նպատակով են հավաքվել` ընտրությունների հետ կապված որոշակի հարցեր քննարկելու։ «Այսքան շուտ արդեն ընտրությունների՞ են նախապատրաստվում»,- հետաքրքրվեցինք մեր զրուցակցից: «Այո, իրականում քննարկումները ծավալվել են ընտրություններին ճիշտ ու գրագետ պատրաստվելու շուրջ: Երիտասարդ պատգամավորներին առավել փորձառուները մի շարք նրբություններ են բացատրել, եւս մեկ անգամ հուշել՝ ինչպիսին պետք է լինի քաղաքական գործիչը»,- ասաց նա:

 

Խորհրդարանական մեծամասնությունը, անշուշտ, տարբեր վայրերում ամենատարբեր նպատակներով կարող է հավաքույթներ նախաձեռնել, քննարկումների ու երեկույթների մասնակցել, բայց աշխատավայրից ու աշխատանքից կտրվելն ու կուսակցական հարցերով զբաղվելը մեկը մյուսին չպետք է խանգարեն, դրանք պետք է ապրեն կողքի կողքի, բայց ոչ երբեք մեկը մյուսի հաշվին:

 

«Իմ քայլը» խմբակցության արտագնա քննարկումն ու ռազմավարություն մշակելն արդյո՞ք հնարավոր չէր Ազգային ժողովի շենքում անել կամ աշխատանքային ժամից հետո. սրանք հարցեր են, որոնց, կարծում եմ, իշխող թիմի ներկայացուցիչները կդժվարանան պատասխանել:

 

Իսկ մենք հստակորեն կարող ենք արձանագրել՝ առանց Դիլիջան հասնելու էլ հնարավոր է ռազմավարություն մշակել, աշխատել խորհրդարանի ներսում, երեկոյան էլ, կիթառի նվագակցությամբ, երեկո կազմակերպել հենց ԱԺ շենքում՝ լրագրողների ու աշխատակազմի հետ մեկտեղ»:

Նյութի աղբյուր` NEWS.am

Կարճ հասցե: javakhq.info/u/6040.html

Վերջին Լուրեր

1 2 3 4 5 >
Ամբողջը` 5838 : Ցուցադրված է` 1 - 15 :