«Մադրիդյան սկզբունքներն այն «լեզուն է», որով համանախագահներն առաջարկում են բանակցություններ վարել». Իսկանդարյան

«Մադրիդյան սկզբունքներն այն «լեզուն է», որով համանախագահներն առաջարկում են բանակցություններ վարել». Իսկանդարյան

Վերջերս Կապան քաղաքում հրավիրած մամուլի ասուլիսի ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադառնալով Սերժ Սարգսյանի թողած ժառանգությանը՝ ղարաբաղյան հարցի հետ կապված, Արցախի նախագահի թեկնածուներին կոչ արեց ասել՝ կո՞ղմ են այն տեքստին, որը հրապարակվել էր 1in.am-ում, և որտեղ խոսվում է յոթ շրջանների՝ Աղդամի, Ֆիզուլիի, Ջեբրայիլի, Զանգելանի, Ղուբաթլիի, Քելբաջարի և Լաչինի Ադրբեջանին վերադարձի մասին՝ պայմանով, որ պահպանվում է Լեռնային Ղարաբաղը Հայաստանին կապող միջանցքը, թե՞ ոչ:

 

«Արցախի նախագահի բոլոր թեկնածուները թող ասեն՝ այս տեքստն իրենց համար ընդունելի՞ է, թե՞ ոչ: Թող Արցախի ժողովուրդն ասի՝ իր համար ընդունելի՞ է, թե՞ ոչ: Թող հայ ժողովուրդն ասի՝ այս տեքստն իր համար ընդունելի՞ է, թե՞ ընդունելի չի: Եթե ձեզ կհավատացնեն, թե սա կորսված է, ձեզ խաբում են: Եթե Արցախի ժողովուրդը կորոշի, որ սա է բանակցությունների հիմքը, սա է ընդունելի տարբերակը, եթե ՀՀ-ի և Արցախի ժողովուրդը կընդունեն, որ սա է բանակցությունների ճիշտ բովանդակությունը, ես երաշխավորում եմ, որ նույն պահին սա կհայտնվի բանակցային սեղանին: Ոչ մի խնդիր բացարձակ չենք ունենա»,- հայտարարել էր Փաշինյանը:

 

168.am-ը Կովկասի ինստիտուտի տնօրեն, քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանից փորձեց պարզել՝ այս կոչն իր մեջ ներքին կամ արտաքին մեսիջներ պարունակո՞ւմ է: Քաղաքագետը նշեց՝ բոլոր ժամանակներում բոլոր ղեկավարներն արել են տարաբնույթ հայտարարություններ՝ ելնելով պահից:

 

«Փաշինյանը հայտարարում է, որ Ալիևի հետ հնարավոր է խոսել, նույն Փաշինյանը հետո ասում է՝ «Արցախը դա Հայաստանն է»: Նույն մարդը տարբեր իրավիճակներում ասում է տարբեր բաներ, դա քաղաքականություն է: Նույնը նաև Ադրբեջանում է. նրանք մշտապես խոսում են տարածքների վերադարձից, Ղարաբաղին ինքնավար կարգավիճակ տալուց, բայց չեն դուրս գալիս բանակցային գործընթացից: Քաղաքական գործիչը մարգարե չէ, որ միշտ ճշմարտություններ ասի, կլինեն տարբեր հայտարարություններ, ժամանակ առ ժամանակ կասվի մի բան, հետո՝ մեկ այլ: Իսկ Մադրիդյան սկզբունքները դեռ բանակցային սեղանին են, ԵԱՀԿ ՄԽ համանախագահները չունեն այլ առաջարկ, չեն էլ ունենա, համենայնդեպս՝ առաջիկա տարիներին: Մադրիդյան սկզբունքներն այն «լեզուն է», որով համանախագահներն առաջարկում են բանակցություններ վարել, այս գործընթացից կողմերից ոչ մեկը դուրս չի եկել, և այս «լեզվով» են բանակցություններ վարվում»,- նշեց քաղաքագետը:

 

Մեր հարցին՝ փաստորեն Նիկոլ Փաշինյանը և՞ս պատրաստ է լինելու բանակցել Մադրիդյան սկզբունքների շուրջ, Իսկանդարյանը պատասխանեց. «Ի՞նչ է՝ հիմա բանակցություններն ուրի՞շ կերպ են: Այսօր այդպես է և վաղուցվանից: Հա, ինքն ասում է…, կրկնում եմ՝ մի տեղ ուրիշ բան է ասում, մեկ այլ տեղ՝ բոլորովին այլ բան, սա քաղաքականություն է»:

 

Իսկ թե Նիկոլ Փաշինյանի կոչին արձագանքած Արցախի նախագահի թեկնածուներն ինչ հարց լուծեցին դրանով, քաղաքագետն ասաց՝ քաղաքական որոշակի խնդիր լուծեցին իրենց համար:

 

«Ղարաբաղը բանակցային սեղանի շուրջ չէ, իհարկե, Արցախի ղեկավարությունն ազդում է գործընթացի վրա, բայց դա միջնորդավորված է: Երկրորդ՝ Արցախում պետք է ասել որոշակի բաներ, որպեսզի լինել քաղաքականության մեջ հենց Ղարաբաղում»,- եզրափակեց Իսկանդարյանը:

Նյութի աղբյուր`168.am

Կարճ հասցե: javakhq.info/u/5732.html

Վերջին Լուրեր

1 2 3 4 5 >
Ամբողջը` 3798 : Ցուցադրված է` 1 - 15 :