Ոստիկանության կողմից զավեշտի հասնող վերաբերմունք էր, և այդ կասկածով բերման ենթարկելն առնվազն ծիծաղելի է․ իրավապաշտպանները՝ քաղակտիվիստներին բերման ենթարկելու մասին

Ոստիկանության կողմից զավեշտի հասնող վերաբերմունք էր, և այդ կասկածով բերման ենթարկելն առնվազն ծիծաղելի է․ իրավապաշտպանները՝ քաղակտիվիստներին բերման ենթարկելու մասին

Ոստիկանության երեկվա գործողություններն իրավական համարվելուց շատ հեռու էին։ Այս մասին այսօր Tert.am-ի հետ զրույցում ասաց փաստաբան Հովհաննես Չամսարյանը՝ անդրադառնալով երեկվա բերման ենթարկելու թեմային։ Նշենք, որ երեկ «ՎԵՏՕ» հասարակական-քաղաքական շարժման ղեկավար, հասարակական գործիչ Նարեկ Մալյանը, «Ադեկվադ» միաբանության համահիմնադիրներ Արթուր Դանիելյանն ու Կոնստանտին Տեր-Նակալյանը, միաբանությունից ևս երկու անձ, իսկ ավելի ուշ նաև «Քաղաքացիական գիտակցություն» ՀԿ-ի ղեկավար Նարեկ Սամսոնյանը բերման էին ենթարկվել ոստիկանություն։ Նրանք ավելի ուշ ազատ են արձակվել։

 

Հովհաննես Չամսարյանը նշեց, որ Արթուր Դանիելյանի շահերն է ներկայացրել, որին բերման էին ենթարկել ապօրինի թմրանյութ պահելու և օգտագործելու կասկածանքով, սակայն անձնական խուզարկությամբ որևէ արգելված իր չի հայտնաբերվել։

 

«Անկեղծ՝ չգիտեմ, թե ինչու են գործողությունները կիրառվել ադեկվադցիների հետ։ Միգուցե կապված է եղել քաղաքական ակտիվությամբ, նամանավանդ Արթուրի պարագայում։ Վերջինս ոստիկանություն էր գալիս իր ընկերների կողքին լինելու և բնական է, որ ինչի համար նրան բերման են ենթարկել, չպետք է իր մոտ լիներ։ Առնվազն ծիծաղելի է այդ կասկածով բերման ենթարկելը, այն էլ այդ եղանակով»,-ասաց նա և հավելեց, որ բերման ենթարկելու ժամանակ Դանիելյանը վնասվածքներ է ստացել, իսկ բժիշկներն ասել են, որ ցավերը դեռ կշարունակվեն։

 

 

Անդրադառնալով ոստիկանության նման գործողությունների բովանդակությանը՝ փաստաբանը դժվարացավ դրանց համարժեք անվանում գտնել․ «Սա իրավական կոչվելուց հեռու էր։ Չգիտեմ, թե ում հրահանգն են կատարել, բայց նրանք հիմնավորում էին, որ օպերատիվ տվյալներ կան։ Եթե պարզվի, որ այդ օպերատիվ տվյալները սխալ են, ապա ոստիկանությունը առնվազն պետք է ներողություն խնդրի և ծառայողական քննության արդյունքում պարզվի, թե որտեղից էին այդ օպերատիվ տվյալները»։

 

Tert.am-ի հետ զրույցում իրավապաշտպան Արսեն Մկրտչյանը, ով երեկ ներգրավված է եղել  բեման ենթարկվածներից «Ադեկվադ» միաբանության անդամ Գրիգոր Մինասյանի պաշտպանության գործին, նշեց, որ Գրիգոր Մինասյանի բերման ենթարկելու պատճառը եղել է թմրանյութի օգտագործան կասկածանքը։

 

Վերջինս նշեց, որ բոլորին բերման ենթարկելու առիթը կասկածելի է, չնայած, որ բոլորը կարծես՝ նախապես զգացել էին, որ իրենց բերման են ենթարկելու, ինչպես օրինակ՝ Նարեկ Սամսոնյանը, ով ողջ օրվա ընթացքում աջակցում էր բերման ենթարկվածներին և գտնվում էր ոստիկանության մոտ, սակայն բերան ենթարկվեց ավելի ուշ իր բնակարանի շքամուտքից։

 

«Ոստիկանության կողմից զավեշտի հասնող վերաբերմունք էր։ Մենք գիտենք, որ այդդտեղ պրոֆեսիոնալ աշխատակիցներ են կան և ճիշտ են կառավարում իրավիճակը։ Սովորաբար ասֆալտին փռելու եղանակով բերման ենթարկելն ավարտվում է լուրջ բացահայտումներով, երբ նման բացահայտումները չեն լինում, նշանակում է, որ օպերատիվ տվյալները կա՛մ թերի են, կա՛մ ճշտված չեն, կա՛մ էլ իրացվել են թերություններով, ինչին ես չեմ ուզում հավատալ»,- նշեց իրավապաշտպանը։

 

«Հակված եմ կարծել, որ ոստիկանությունը ներքաշվել է գործող իշխանության քաղաքական ընդդիմախոսներին «դաս տալու» գործընթացի մեջ, որը նշանակում է՝ մեր երկրում մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության ոլորտում լուրջ խնդիրներ կան»,- ասաց Մկրտչյանը։

 

Նա նաև նշեց, որ բերման ենթարկելու ոչ համաչափ ուժի կիրառման մասով ավելի մտահոգված է Արթուր Դանիելյանի համար, և ոստիկանության երեկվա գործելաոճը պատիվ չի բերում ո՛չ ոստիկանությանը, ո՛չ էլ ոստիկանությանը նման գործողությունների մեջ ներքաշողին, քանի որ օպերատիվ տեղեկությունները թերություններով և խայտառակ վատ են իրացվել։

 

«Իրականում սա այն դեպքն է, որտեղ սթափվել է պետք և չխաղալ ոստիկանության հեղինակության հետ։ Այստեղ ոչ հավասարակշռված որոշում է, քանի որ նման մոտեցում երբեք չէր լինի ներկայիս իշխանության անդամների հետ։ Կողմնակալություն կա․ եթե ՔՊ-ի անդամ ես, ուրեմն քեզ հաստատ ասֆալտին չեն պառկեցնի, եթե դու քննադատում էի ՔՊ-ի վարած քաղաքականությունը, ապա պետք է աչքիդ տակ ունենաս, որ տասնյակ անգամներ բերման ես ենթարկվելու՝ չստուգված տեղեկությունների հիման վրա»,- շեշտեց Մկրտչյանը։

 

Իրավապաշտպանը չցանկացավ մտածել, որ բերման ենթարկելն ուղղորդված է եղել, սակայն հաշվի առնելով վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ ասֆալտին փռելու կոչերը, հավանական է դառնում, որ ոստիկանության որոշ գործողություններ հրահանգավորված են։ «Ոստիկանությունը, նման ծառայություններ մատուցելով, ինքն իրեն անհարմար վիճակի մեջ է գցում»։

 

Արսեն Մկրտչյանը հիշեցրեց, որ հեղափոխության օրերին ևս, եղել է բերման ենթարկվածների իրավապաշտպան, սակայն նախորդ իշխանությունները ավելի զգույշ են եղել թե՛ բերման ենթարկելիս, թե՛ բերման ենթարկելուց հետո։

Նյութի աղբյուր`ԹԵՐԹ․am

Կարճ հասցե: javakhq.info/u/5724.html

Վերջին Լուրեր

1 2 3 4 5 >
Ամբողջը` 3798 : Ցուցադրված է` 1 - 15 :