Բազմաթիվ փաստեր կան, թե վարչապետի շրջապատն ինչպես է նրան քծնում և դա նրան դուր է գալիս, իսկ եթե Հրայր Թովմասյանը քծներ` վարույթ չէր ընդունի դատավոր Գրիգորյանի՝ ՍԴ ուղղված դիմումը. Ավետիք Իշխանյան

Բազմաթիվ փաստեր կան, թե վարչապետի շրջապատն ինչպես է նրան քծնում և դա նրան դուր է գալիս, իսկ եթե Հրայր Թովմասյանը քծներ` վարույթ չէր ընդունի դատավոր Գրիգորյանի՝ ՍԴ ուղղված դիմումը. Ավետիք Իշխանյան

Գրիչը որպես քծնանքի իրեղեն ապացույց բերելը լուրջ չէ: Իրականում սա զուտ քաղաքական գործընթաց է, այստեղ որևէ իրավական քննարկումն ավելորդ է: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց «Հայաստանի հելսինկյան կոմիտե» ՀԿ նախագահ, իրավապաշտպան Ավետիք Իշխանյանը՝ անդրադառնալով ՍԴ նախագահի՝ վարչապետին նվիրած գրիչի վերաբերյալ գրառմանը։

 

«Ճիշտ կլինի, որ Հրայր Թովմասյանը մեկնաբանությամբ հանդես գա, որովհետև չեն բացառվում տարբեր վարկածներ: Թող նա ասի՝ այդ գրիչն իսկապես տվե՞լ է վարչապետին, դա այն նույն գրի՞չն է, որ տվել է, այդ գրիչն ի՞նչ պայմաններում է նրան տվել, ինչո՞ւ հետ չի վերցրել և արդյոք ինչ-որ տեղ կատակով չի ասել, որ այս գրիչն էլ Ձեզ եմ նվիրում: Եթե այստեղ վարչապետը քծնանքի էլեմենտ է տեսել, դա արդեն այլ խնդիր է: Համենայնդեպս, գրիչը որպես քծնանքի իրեղեն ապացույց բերելը լուրջ չէ»,- ասաց Ավետիք Իշխանյանը:

 

Նրա կարծիքով՝ ՍԴ նախագահի «նվիրած գրիչի» պատմությունը պետք է դիտարկել միայն քաղաքական հարթության մեջ. «Սա իրականում զուտ քաղաքական գործընթաց է: Այստեղ իրավական քննարկումներն ավելորդ են»:

 

Ավետիք Իշխանյանի խոսքով՝ վարչապետի հետ շփվողների, նրա նկատմամբ վերաբերմունքը կարող է լինել հարգալից, ընդգծված հարգալից կամ քծնական: Նա նշեց, որ ոչ միայն Հայաստանի, այլև շատ այլ ղեկավարների դուր է գալիս քծնանքն ու հաճոյությունը:

 

«Նախ վարչապետը խոսեց Թովմասյանի կողմից իր նկատմամբ քծնանքի մասին: Ես այստեղ կուզեի հետևյալն ասել. եթե մեր այսօրվա վարչապետին դա իսկապես դուր չի գալիս, ապա ես բազմաթիվ փաստեր կարող եմ բերել, թե նրա շրջապատն ինչպես է նրան հաճոյանում: Ես չէի ասի, որ դա նրան դուր չի գալիս: Բերենք մի փաստ, երբ պատգամավորներից մեկն ասաց, որ եթե նույնիսկ 2 տողանոց թուղթ բերեին ծրագրի փոխարեն, դա բավարար կլիներ կողմ քվեարկելու համար: Տվյալ դեպքում ես համոզված եմ, որ ինչպես նախորդներին, նրան նույնպես դուր է գալիս քծնանքը»,- ասաց «Հայաստանի հելսինկյան կոմիտե» ՀԿ նախագահը:

 

Ավետիք Իշխանյանի համոզմամբ՝ ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի վերաբերմունքից կախված չի եղել վարչապետի վերաբերմունքը նրա նկատմամբ: Պատճառը, ըստ նրա՝ դատավոր Դավիթ Գրիգորյանի՝ «Մարտի 1-ի» գործով մեղադրյալներ Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով ՍԴ դիմումի վարույթ ընդունելն էր:

 

«Ինչպիսի՞ն են եղել Հրայր Թովմասյանի շփումները վարչապետի հետ, իմ նշած տարբերակներից որն է եղել՝ ընդգծված հարգանքը, թե քծնանքը, ես չեմ կարող հստակ ասել, բայց, համենայնդեպս, վերաբերմունքից չի եղել կախված վարչապետի կեցվածքը նրա նկատմամբ: Ասեմ ավելին, եթե Հրայր Թովմասյանի վերաբերմունքը վարչապետի նկատմամբ լիներ քծնանքը, ապա նա նույն ձևով կշարունակեր և որպես քծնողական վերաբերմունք չէր ընդունի Դավիթ Գրիգորյանի՝ ՍԴ ուղղված դիմումը, որն էլ դարձավ Թովմասյանի նկատմամբ վարչապետի զայրույթի պատճառը: Այսինքն՝ այստեղ հակասություն կա, որովհետև քծնող մարդը կուրորեն կատարում է այն մարդու առաջադրանքները, որին քծնում է: Եվ ոչ միայն առաջադրանքները, այլև իր հոգով և մարմնով զգում է, թե նա ինչ է ուզում»,- նշեց իրավապաշտպանը:

 

Նիկոլ Փաշինյանի հրապարակած գրիչից հետո դրա արժեքի վերաբերյալ տարբեր հրապարակումներ եղան՝ այն գնահատվում էր 166-ից մինչև 530 դոլար: «Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենքի 29-րդ հոդվածի համաձայն՝ եթե հանրային պաշտոն զբաղեցնող անձանց և հանրային ծառայողների կողմից ստացված նվերն իր արժեքով գերազանցում է 75  հազար ՀՀ դրամը, ապա այն համարվում է պետական կամ համայնքային սեփականություն և հաշվառվում է որպես այդպիսին, հանրային պաշտոն զբաղեցնող անձինք և հանրային ծառայողները Կառավարության սահմանած կարգով պարտավոր են այն հանձնել պետությանը կամ համայնքին:

 

Ավետիք Իշխանյանն իրավական խնդիր տեսնում է, սակայն վերը նշված օրենքը երկրում չի գործում. «Սա իրավական խնդիր է, բայց դրանում խորանալ բացարձակապես չեմ ուզում, որովհետև համոզված եմ, որ ընդունված օրենքը երբևէ Հայաստանում չի գործել, և չի էլ գործելու երկար ժամանակ»,- նշեց նա:

 

Հիշեցնենք, որ հունվարի 25-ին Կապանում կայացած մամուլի ասուլիսին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, թե ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանն իրեն պարբերաբար իր ծառայություններն է առաջարկել, ինչին արձագանքելով՝ Հրայր Թովմասյանը հայտարարություն էր տարածել։

 

ՍԴ նախագահը պահանջել էր, որ Փաշինյանը հրապարակավ վկայակոչի գոնե մեկ արժանահավատ փաստ, մեկ օբյեկտիվ փաստական տվյալ՝ ասածն ապացուցելու համար։

 

Ի պատասխան այս հայտարարության՝ վարչապետը խոստացել էր Կապանից Երևան հասնելուն պես, հրապարակել փաստ այն մասին, որ ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանն իր ծառայություններն է առաջարկել իրեն: Նախօրեին նա գրառում է արել «Ֆեսյբուքի» իր էջում և գրառմանը կից հրապարակել գրչի լուսանկար, որն ըստ վարչապետի, իրեն է նվիրել Հրայր Թովմասյանը։

Նյութի աղբյուր` NEWS.am

Կարճ հասցե: javakhq.info/u/5707.html

Վերջին Լուրեր

1 2 3 4 5 >
Ամբողջը` 4103 : Ցուցադրված է` 1 - 15 :