Մեր բանակը վերջնականապես բռնել է նախաձեռնող դիրք եւ առաջ է շարժվում նաեւ իրավիճակը թելադրելու սկզբունքով. Դավիթ Տոնոյան

Մեր բանակը վերջնականապես բռնել է նախաձեռնող դիրք եւ առաջ է շարժվում նաեւ իրավիճակը թելադրելու սկզբունքով. Դավիթ Տոնոյան

Մեր բանակը վերջնականապես բռնել է նախաձեռնող դիրք եւ առաջ է շարժվում ոչ թե միայն համարժեք հակահարված հասցնելու, այլ նաեւ իրավիճակը թելադրելու, մեծամասամբ կանխարգելիչ հարված հասցնելու, անհրաժեշտության դեպքում գործողությունները հակառակորդի տարածք տեղափոխելու սկզբունքով: Այս մասին Հայոց բանակի կազմավորման տարեդարձին նվիրված միջոցառման ժամանակ նշել է ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը:

 

Ստորեւ ներկայացնում ենք նրա խոսքը. «Մեծարգո´ պարոն Վարչապետ, սիրելի´ զինակից ընկերներ, հարգելի´ հյուրեր

 

«Շնորհավորում եմ բոլորիդ Բանակի օրվա առիթով»:

 

Այս բառերով, որ հիմա լսեցիք, մեր երեք հանրապետությունների պատմության մեջ առաջին անգամ հայ ժողովուրդն իրար շնորհավորել է 100 տարի առաջ: Առաջին անգամ 1919 թվականի վերջում, ավելի ստույգ՝ դեկտեմբերի 19-ին, 20-ին եւ 21-ին է հայ ժողովուրդը մեծ շուքով նշել Բանակի օրը:

 

Ինձ համար հուզիչ էր «ՀԱՌԱՋ» պարբերականի 1919 թվականի դեկտեմբերի 25-ի 73-րդ համարում տպագրված տողերը կարդալը. «Մեր ապագա հույս մատաղ սերունդը անմասն չի ուզում մնալ հայրենիքի պաշտպան մեր զինվորների համար հայտարարված Բանակի օրվա երեքօրյա տոնախմբությանը։ Երեւանի դպրոցների աշակերտությունը ցածր դասարաններից մինչեւ վեր նվիրաբերում են իրենց ծնողների կարողության չափով՝ մրգեղեն, լուցկիներ, ծխախոտ, շորեղեն, սապոն, գուլպաներ եւ ուրիշ անհրաժեշտ իրեր»: Հուզիչ էր, որովհետեւ նախօրոք դեկտեմբերի 19-ին պլանավորված շքերթի՝ հաջորդ օրը տեղափոխելու պատճառն այն է եղել, որ «եղանակը վատթարացել է, իսկ շքերթին մասնակցող աշակերտների մեծ մասը չի ունեցել ձմեռային շորեր ու կոշիկներ»:

 

Ահա այդ պայմաններում են մարդիկ նվիրաբերել բանակին, այդ պայմաններում է նշվել բանակի օրը: Եվ այսօր մենք բանակի օրը նշում ենք պայմաններում, որոնց մասին առաջին Բանակի օրվա կազմակերպիչները երեւի պատկերացնել կամ երազել անգամ չէին կարող:

 

Այսօր մենք նշում ենք օրը մի բանակի, որը բազմաթիվ փորձագետների գնահատմամբ ոչ միայն տարածաշրջանում, այլեւ ամբողջ աշխարհում համարվում է առավել մարտունակ ու պատրաստ զինված ուժերից՝ ունակ յուրաքանչյուր պահի ռազմական գործողություններ վարելու:

 

Մենք նշում ենք օրը մի բանակի, որը, արդեն համալրված ժամանակակից զինատեսակներով ու 4-րդ սերնդի ավիացիայով, վերջնականապես բռնել է նախաձեռնող դիրք եւ առաջ է շարժվում ոչ թե միայն համարժեք հակահարված հասցնելու, այլ նաեւ իրավիճակը թելադրելու, մեծամասամբ կանխարգելիչ հարված հասցնելու, անհրաժեշտության դեպքում գործողությունները հակառակորդի տարածք տեղափոխելու սկզբունքով, բայց եւ միաժամանակ, հավատարիմ մնալով հայ ժողովրդի խաղաղասեր էությանը, աշխարհի 5 ռազմաբեմերում պատվով է ներկայանում խաղաղապահ ու մարդասիրական առաքելություններով:

 

Մենք նշում ենք օրը մի բանակի, որը 21-րդ դարի 3-րդ տասնամյակ է մուտք գործում նոր զորային կառուցվածքով, կառավարման եւ ղեկավարման նորացված համակարգով, որն այսօր արագորեն առաջ է շարժվում մարդակենտրոն կառույց դառնալու ճանապարհով, հետեւողականորեն շարունակում է խրախուսել ու առաջ մղել ինտելեկտուալ, կիրթ զինծառայողի կողմից կարեւոր որոշումների կայացման, դրանց հաջող իրականացման համար պատասխանատվության ստանձնման մշակույթը եւ ապացուցելով զինվորի հանդեպ պետության վերաբերմունքը՝ առավելագույն ջանք է գործադրում նրան ըստ արժանվույն հանդերձավորելու եւ սննդով ապահովելու համար:

 

Մենք նշում ենք օրը մի բանակի, որի սպաները  ստանում են մասնագիտական կրթություն, պարտականության փոխարեն ունեն առաքելության կարեւոր զգացումը, գիտակցում են, որ հանձն են առել մեր երկրում ամենապատասխանատու պետական ծառայությունը, եւ գիտակցում են նաեւ, որ մեր համազգային երազանքներն իրականացնելու ճանապարհին բոլորս պետք է անենք ոչ թե այնքան, ինչքան հանձնարարված է կամ ընդունված է կամ կարող ենք, այլ անենք դրանից գոնե մի փոքր ավելին՝ առաջնորդվելով որդեգրված «ԱՆԵԼ ԱՌԱՎԵԼ, ՔԱՆ...» նշանաբանով:

 

Եվ այսօր մենք նշում ենք օրը մի բանակի, որի անձնակազմը՝ շարքայինից մինչեւ գեներալ, գնդերեցից մինչեւ հոգեւոր առաջնորդ, դիրքում ինժեներական աշխատանքներ իրականացնող մեքենավարից մինչեւ բարձրաստիճան քաղծառայող, Նախարարության հետ համագործակցող հասարակական կազմակերպությունից մինչեւ մատակարար ընկերություն, բարձր գնահատելով եւ լավ ճանաչելով բանակի ակունքներում կանգնած բոլոր երախտավորներին՝ շնորհակալության ու պարտավորության զգացումով տոգորված, ամեն ինչ անում է նրանց մեծ գործը շարունակելու, հաղթանակի ոգին պահպանելու համար՝ առաջնորդվելով այն պարզ գիտակցությամբ, որ պետք է լինի աղյուսն աղյուսի վրա, ոչ թե աղյուսն աղյուսի փոխարեն:

 

Բանակի օրվա՝ համաժողովրդական այս տոնի առթիվ՝ վերստին շնորհավորում եմ բոլորիս, մաղթում հայոց բանակի եւ հայ ժողովրդի ձեռքբերումներով ուրախանալու եւ հպարտանալու բազում առիթներ:

 

Փա´ռք հայրենիքը շենացնող եւ հզորացնող հայ ժողովրդին:

 

Հավե´րժ հիշատակ Հայրենիքի համար ընկած նվիրյալներին:

 

Եվ փա՜ռք ու պատի՜վ այսօրվա հոբելյարին` բոլորիս հպարտության առարկա, հաղթական Հայոց բանակին:

 

Շնորհակալ եմ»:

Նյութի աղբյուր` NEWS.am

Կարճ հասցե: javakhq.info/u/5696.html

Վերջին Լուրեր

1 2 3 4 5 >
Ամբողջը` 3798 : Ցուցադրված է` 1 - 15 :